Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի

Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի

Fri, 29 May 2026 23:15:55 +0400


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այս տարի այն կնշվի օգոստոսի 16-ին։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

3 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

4 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

4 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

4 ժամ ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

4 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

4 ժամ ago