Թրամփի tweet-ը Փաշինյանը տարածել է Թրամփից ժամեր առաջ
Sat, 30 May 2026 13:45:40 +0400
Հայաստանում երեւի ամենքը մայիսի 28-ին լսեցին իբրեւ թե Փաշինյանին սատարող գրառման մասին, որ իր Social Truth սոցիալական հարթակում կատարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պարզվում է, այդ tweet-ի տեքստը Դոնալդ Թրամփից ավելի վաղ, գրեթե 3 ժամ առաջ հրապարակել են Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն՝ իրենց կուսակցական civic.am կայքում։
Ինչպես է նման կեղծարարություն հնարավոր։ Հետեւյալ կերպ․ Truth Social-ի գրառումը կամ tweet-ը, որով իբրեւ թե Դոնալդ Թրամփը սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը հունիսի 7-ի ընտրություններում, տարածվել է @realDonaldTrump օգտահաշվից (screenshot-ը հոդվածին կից կայքում հրապարակվում է) 2:54 AM-ին, բնականաբար Վաշինգտոնի ժամանակով։ Թրամփը հաստատ Երեւանի ժամանակով չի ապրում, գործում, կամ գրառումներ անում, այլ Վաշինգտոնի Իսկ 2:54AM-ը Վաշինգտոնի ժամանակով դա ժամը 10:54-ն է Երեւանի ժամանակով, քանի որ Երեւանի ժամային գոտին 8 ժամով առաջ է Վաշինգտոնից։ Մինչդեռ 10:54-ից երեք ժամ առաջ՝ 07:45-ին թե անգլերեն tweet-ը, թե դրա մանիպուլյատիվ հայերեն թարգմանությունը հրապարակվել են ՔՊ-ի civic.am կայքում (screenshot-ը հոդվածին կից կայքում տեղադրվում է): Երեւանի ժամանակով 09:05-ին էլ Դոնալդ Թրամփին վերագրվող tweet-ի մասին լուրը եւ հայերեն թարգմանությունը հրապարակվել է Փաշինյանի ընտանեկան armtimes.com կայքում (screenshot-ը հոդվածին կից կայքում տեղադրվում է)։
Նման սցենար, որ գիշերվա ժամը 3-ին Թրամփը ննջասենյակում արթնանար եւ Նիկոլ Փաշինյանին մտաբերեր, այն էլ անուն-ազգանունով, ինչը երբեւէ ցերեկով անգամ չի կարողացել անել, արդեն իրականությունից հեռու սյուժե է։ Ինքնին հասկանալի է, որ tweet-ը գիշերվա ժամը 3-ից 6 րոպե պակաս Թրամփը չէր գրի։ Սակայն այն, որ փաստացի եւ անհերքելի՝ Փաշինյանը Թրամփի tweet-ի տեքստը ունեցել է եւ հրապարակել է Թրամփից երեք ժամ ավելի վաղ, վերջնականապես բացառում է որ tweet-ը գրված լինի Թրամփի կողմից։ Հետեւաբար, ո՞վ կարող էր Թրամփի օգտահաշվից առանց Թրամփի իմացության tweet տարածել։ Նվազագույնի մի քանի ծառայող Սպիտակ տան աշխատակազմից։
Հայաստանյան ընթերցողներից ոմանք կարող են հիշել` անցյալ տարեվերջին Վաշինգտոնում սկանդալ պայթեց։ Truth Social-ում Թրամփի նույն՝ @realDonaldTrump օգտահաշվից կեսգիշերին մի մուլտֆիլմից հատված էին տարածել, որի վերջում հայտնվում էին Բարաք ու Միշել Օբամաները՝ օրանգուտանների տեսքով։ Աղմուկը երկինք հասավ, որից հետո Թրամփը բացատրեց, որ իր օգտահաշիվը ըստ էության վարում են իրենից բացի նաեւ այլ մարդիկ՝ Սպիտակ տան ինչ-որ աշխատակիցներ․ նրանցից մեկն էլ եղել է մուլտֆիլմը տարածողը։ Թրամփը հավատացնում էր, որ ինքը տեղյակ էլ չի եղել որ մուլտֆիլմի վերջում Բարաք եւ Միշել Օբամաներն են հայտվում, եւ առհասարակ իր հաշվից տարածվող ամեն նյութի կամ գրառման չէ, որ ինքը տեղյակ է լինում։ Ես գիշերները ոչինչ չեմ գրում կամ տարածում՝ ասել էր Թրամփը։
Այնպես որ մեծ հավանականությամբ, Թրամփի օգտահաշվից տարածված Փաշինյանին սատարելու մասին tweet-ը որի տեքստը երեք ժամ առաջ եղել է Փաշինյանի մոտ եւ հրապարակվել է Փաշինյանի կուսակցական ու ընտանեկան կայքերում, առանց Թրամփի իմացության Սպիտակ տան մի աշխատակցի տարածած գրառում է։ Այդ գրառմանը Թրամփը գուցե տեղյակ էլ չէ եւ կտեղեկանա, եթե աղմուկը Երեւանից հասնի Վաշինգտոն։
Կհասնի՞, թե ոչ՝ կտեսնենք։ Ամեն պարագայում երեկ մենք հարց ուղարկեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ “Does the Embassy have any explanation for this quite strange fact that the US President Donald Trump’s tweet about endorsing Nikol Pashinyan in upcoming June 7 elections was released in Armenia hours ahead before appearing on President’s @realDonaldTrump account? …How could Pashinyan maintain the tweet before it was posted”. (Թարգմանաբար՝ «Արդյո՞ք դեսպանատունը որևէ բացատրություն ունի այն տարօրինակ փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը՝ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում աջակցելու մասին, նախագահի @realDonaldTrump էջում հայտնվելուց ժամեր առաջ արդեն հրապարակվել է Հայաստանում։ ․․․Ինչպես կարող էր Փաշինյանը ունենալ գրառումը՝ դրա տարածվելուց առաջ»։)
Դեսպանատնից ասացին, որ որեւէ մեկնաբանություն չունեն։ Իրենք կարող են միայն հղում անել @realDonaldTrump-ի tweet-ին, իսկ tweet-ի մասին հարցերին կարող են պատասխանել Սպիտակ տնից։
Չնայած դեսպանատան՝ մեկնաբանությունից ձեռնպահ մնալը արդեն կողմնակի հաստատում է, որ զեղծարարության հետ գործ ունենք, բայց ամեն պարագայում Պետքարտուղարություն եւ Սպիտակ տուն էլ հարցը ուղարկում ենք։ Հուսանք, հաջորդ շաբաթ պաստասխաններ կունենանք եւ կհրապարակենք։ Եվ ամեն պարագայում հաջորդիվ կգրենք, թե ինչու էր Թրամփի tweet-ը հենց մայիսի 28-ին տարածվել, ինչ էր որոշվում այդ օրը Սամվել Կարապետյանի առնչությամբ, եւ ինչու Մարկո Ռուբիոն մայիսի 28-ի գրեթե նախօրեին, վերջին պահին փոփոխություն կատարելով մայիսի 20-26-ին Շվեդիա եւ Հնդկաստան այցի ազդարարված ծրագրում, 40-50 րոպեով վայրէջք կատարեց Երեւանի օդանավակայանում, հանդիպեց Արարատ Միրզոյանին եւ խոսեց ընտրություններից։