«Հրապարակ»․ Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում

«Հրապարակ»․ Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում

Wed, 10 Jun 2026 09:15:27 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն է:

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմադիր գործիչներին, նախընտրական փուլում, առհասարակ, անզուսպ է դարձել նրա խոսույթը, անգամ որոշել է, որ երեք ընդդիմադիր առաջնորդները պետք է բանտարկվեն, եւ նույնիսկ ազատազրկման ժամկետ է նշում` տասը տարի: Դրանից առաջ էլ խոստանում էր ունեզրկել Գագիկ Ծառուկյանին, պետականացնել նրա առանձնատունը, գործարանները, այն պարագայում, երբ Ծառուկյանը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել: Որպես նախկին դատավոր` ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին:

– Նիկոլ Փաշինյանն այնքան անհեթեթ հայտարարություններ է արել այս ութ տարիների ընթացքում, որ ես պարզապես դադարել եմ զարմանալ նրա հերթական անհեթեթ հայտարարություններից: Նա ստանձնել է դատավորի, քննիչի ու դատախազի դեր՝ մոռանալով, որ չի կարող որեւէ դատավճիռ որոշել: Անգամ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները կարող են գնահատական տալ այս պրոցեսին: Անձը միայն մեղավոր է ճանաչվում դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով, մնացյալ որեւէ պարագայում նման հայտարարություններ անելն անթույլատրելի է: Այս պարզ գիտելիքին տիրապետում են անգամ չկայացած իրավաբանները:

– Բայց իրավապահ համակարգը, դատարանները ծայրաստիճան հնազանդ են ու խելոք կատարում են նրա հրահանգները, կարծես այդպես էլ պետք է լիներ: Օրինակ` Փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա պնդեց, որ «Արարատ ցեմենտը» պետք է պետականացնել՝ այն խլելով Ծառուկյանից, անմիջապես ժամեր անց գործ հարուցվեց, եւ դատախազությունը մի բոցաշունչ հաղորդագրություն տարածեց այդ մասին: Երեկ էլ մեղադրանք են առաջադրել Ծառուկյանին` հարկերից խուսափելու համար:

– Ես չեմ զարմանում այս ամենից: Դա այսօրվա Հայաստանի բարքերից է, հիշենք, թե ութ տարի առաջ ինչ հայտարարություններ էին արվում Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված: Բազմահազարանոց հանրահավաք էին կազմակերպում եւ դատավճիռներ կարդում: Ուղղորդում էին դատարաններին, ավելի ճիշտ` հրահանգում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով կայացվեն համապատասխան որոշումներ: Ես դեռ այն ժամանակ, երբ գործող դատավոր էի, այդ երեւույթը որակել էի որպես ճնշում, թեպետ կաշկանդված էի` դատավորի էթիկայի առումով, սակայն չեմ լռել եւ անդրադարձել եմ այդ խնդրին՝ պնդելով, որ կատարվածն անթույլատրելի է: Ութ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել` դրական առումով, Փաշինյանը եւ նրա թիմակիցներն իրենց թույլ են տալիս դատավճիռներ կարդալ, մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի չառնել, եւ այդ ամենը եվրոպական կառույցների կողմից չի արժանանում համապատասխան գնահատականների: Ինչո՞ւ եմ հատկապես նշում եվրոպական կառույցներին, որովհետեւ նրանք են դեմոկրատիայի ջատագովները եւ նրանք են, որ պետք է մտահոգվեն այս հակադեմոկրատական քայլերով: Թե՛ գործնականում, թե՛ հայտարարությունների մակարդակով փաստացի Փաշինյանը չի արժանացել միջազգային կառույցների գնահատականներին:

– Ավելին` եվրոպական երկրների ղեկավարները, իրար հերթ չտալով, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին, խայտառակ ընտրակեղծիքների, վախի մթնոլորտ ստեղծելու, ապօրինի քայլերի ու քվեներ նկարելու կապակցությամբ….

– Այո, դե գուցե դա է դեմոկրատիան արդեն, ուղղակի մենք լավ չենք հասկանում:

– Արձանագրեցիք, որ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել այս ութ տարիների ընթացքում, իսկ բացասական ի՞նչ փոփոխություններ կան դատաիրավական համակարգում:

– Բացասական փոփոխություններն այնքան շատ են, որ եթե հերթով դրանք թվարկեմ, մի ամբողջ օրը չի բավականացնի: Դրանք անասելի շատ են: ԲԴԽ-ի աշխատանքին առնչվող հարցեր, դատավորների նշանակումներ, ու այսպես շարունակ, ամենուր միայն ձախողումներ ու օրենքի խախտումներ են:

– Այս ամենը, ըստ Ձեզ, ընտրական պրոցեսների վրա թողե՞ց ազդեցություն. ռեպրեսիաներ, վախի մթնոլորտ, դատական համակարգը որպես իշխանական մահակ կիրառելու դրսեւորումներ եւ այլն:

– Հետեւում եմ հետընտրական զարգացումներին, ես իմ կյանքում նման ընտրություններ չեմ հիշում: Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում: Ես, իհարկե, դիտորդ չեմ, ոչ էլ՝ վստահված անձ, սակայն հետեւում եմ հրապարակումներին, ընդդիմադիր ուժերը բավականին պատրաստված էին, տեսանկարահանում էին: ԵԱՀԿ-ն մեծաթիվ խախտումներ է արձանագրել, ես պատկերացնում եմ, թե ինչքան շատ են դրանք եղել, եւ ընդամենը մի մասն են կարողացել արձանագրել: Այս ամենի ֆոնին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անկախ լրագրողներին, նրանք մեծ աշխատանք կատարեցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան էլի զինում է Ադրբեջանին

Թուրքիան էլի զինում է Ադրբեջանին Mon, 03 Aug 2026 11:00:45 +0400 Թուրքական HAVELSAN պաշտպանական ընկերությունը…

8 րոպե ago

ԱԺ նախագահի ընտրություն. պատգամավորները ներկայացնում են իրենց դիրքորոշումները

ԱԺ նախագահի ընտրություն. պատգամավորները ներկայացնում են իրենց դիրքորոշումները Mon, 03 Aug 2026 10:45:45 +0400 9-րդ…

23 րոպե ago

Այն, ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասաց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան

Այն, ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասաց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան Mon, 03 Aug…

49 րոպե ago

Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են

Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են Mon, 03 Aug…

54 րոպե ago

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Mon, 03 Aug 2026 10:05:46 +0400 ՀՀ վարչապետ…

1 ժամ ago

13-ամյա աղջիկ է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով

13-ամյա աղջիկ է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով Mon, 03 Aug 2026 10:00:22 +0400 ՌԴ Բելգորոդի…

1 ժամ ago