«Հրապարակ»․ Նայելով իրենց աչքերի մեջ՝ ասել ենք, որ պատերազմ բերողն իրենք են

«Հրապարակ»․ Նայելով իրենց աչքերի մեջ՝ ասել ենք, որ պատերազմ բերողն իրենք են

Wed, 10 Jun 2026 10:15:59 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն է:

– Ընտրությունների արդյունք­ներն ընդդիմադիր ուժերը կասկածի տակ են դնում, չեն ընդունում: Երեկ վերահաշվարկներ էին ընթանում, ակնհայտ է դառնում, որ ինչ-որ մախինացիաների արդյունքում իշխանություններին հաջողվել է ընդդիմության քվեները չեզոքացնել: Որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ` ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, որո՞նք են լինելու ՀԱԿ-ի հետագա անելիքները:

– Մեր արդյունքներով մենք առաջատար ուժերից չենք, հետեւաբար՝ անելիքների առումով գործ ունեն այն ուժերը, ովքեր ստացել են մեծ քանակությամբ քվեներ: Այնուամենայնիվ, մենք միանում ենք այն պնդմանը, որ նախ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ անհավասար մրցակցություն էր` վարչական, պետական ռեսուրսների համադրությամբ, իսկ քվեարկության նախորդ օրերին եւ քվեարկության օրը տարբեր ընդդիմադիր ուժերի ձերբակալություններն էական ազդեցություն թողեցին ընտրությունների արդյունքների վրա, եւ այս իմաստով ընտրությունների լեգիտիմությունն իսկապես մեծ հարցականի տակ է, եթե չասենք, որ ամբողջապես ընտրությունները կեղծվել են, եւ դրանք չեն համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին: Մենք միանում ենք ընդդիմության հայտարարությանն ու պահանջներին: ԲՀԿ-ն ու «Միասնության թեւեր»-ն այս պահին վերահաշվարկ են իրականացնում, մենք եւս ունենք տեղեկություններ, որ հաշվարկի ժամանակ ընդդիմության դեմ դիտավորյալ քայլեր են արվել: Ընդհուպ մեր թիմակիցներից մեկն ասաց, որ տեսել է, թե ինչպես են ԲՀԿ-ի քվեաթերթիկները մկրատով կտրատում հաշվարկի ժամանակ: Բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք այս ընտրությունները դարձնում են ոչ լեգիտիմ: Ամեն դեպքում, որոշում կայացնող հիմնական ուժերն այն ուժերն են, որոնք մտնում են խորհրդարան: Դրանից հետո նոր մենք կարող ենք մեր աջակցության ձեւի մասին խոսել: Վախի եւ ատելության մթնոլորտում քաղաքացին չի ունեցել ազատ ընտրելու հնարավորություն, ընդ որում՝ վախը ոչ միայն կոնկրետ գործողությունների արդյունքում սերմանվեց, այլեւ` պատերազմի սպառնալիքի արդյունքում, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է սկսվելու: Այս մանիպուլյացիաների արդյունքում ընտրողները ոչ թե իրենց քվեն տվել են գաղափարների համար, այլ` վախից դրդված: Նման մթնոլորտում դժվար է գիտակցված ընտրություն կատարելը:

– 2021 թվականին ՀԱԿ-ը մի քանի անգամ ավելի շատ քվեներ էր ստացել, ի՞նչ փոխվեց այս 5 տարվա ընթացքում, որ ձեր ընտրողների թիվը նվազեց:

– Մենք այդ համեմատությանը կողմ չենք: Մենք բախվում ենք անընդհատ այս հարցին: Մեծամտություն չթվա, բայց պատճառն այն է, որ մենք մշտապես ճշմարտություն ենք ասում, իսկ դա հասարակությանը դուր չի գալիս: Մենք հանդես ենք գալիս կա՛մ ծրագրային ելույթներով, կա՛մ ճշմարտությունն ենք ասում, բայց գուցե ժողովրդին այլ բան է պետք, օրինակ` շոուներ, բեմականացումներ եւ այլն, սակայն մենք չենք կարողանում դա ապահովել, մենք գնում ենք ծրագրերի ետեւից, թեպետ ես համարում եմ, որ 2021-ին եւս քաղաքացիներն ընտրություն կատարեցին ատելության եւ պառակտման մթնոլորտում, այն ժամանակ էլ շատերն ընտրություն կատարեցին, որպեսզի նախկին իշխանությունները չվերադառնան: Մենք կփորձենք հասկանալ, թե ինչն էր այս ամենի պատճառը: Միայն այն հանգամանքը, որ երեք մեծ բանավեճերին մասնակցեցինք եւ բացահայտեցինք իշխանության ստերը, դա հերիք էր, որ մասնակցեինք ընտրություններին: Դեմդիմաց, նայելով իշխանականների աչքերի մեջ՝ մենք ասացինք, որ պատերազմ բերողն իրենք են եւ այդ իրենք են պատերազմը բերել: Սա շատ լավ առիթ է՝ նաեւ խոսելու այն մասին, որ փոշիացված ձայների արդյունքում չէ, որ Նիկոլ Փաշինյանը ստացավ ամենաշատ ձայները: Փոշիացված ձայներն աշխատում են, երբ խոսքը վերաբերում է 42-45 տոկոսին: Այժմ մտածելու բան կա․ ինչպե՞ս ստացվեց, որ առանց փոշիացված ձայների Նիկոլ Փաշինյանը ստացավ 49 տոկոս ձայն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

2 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

2 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

2 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

2 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

3 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

3 ժամ ago