Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան

Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան

Fri, 12 Jun 2026 18:10:34 +0400


«Բ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է

Աստվածաշունչն ամբողջությամբ Աստծու պատերազմ մղելու և Հաղթանակի, հետևաբար նաև մարդու հաղթանակի հասնելու ճանապարհի և հնարավորության պատմությունն է: Այս առումով առանցքային է «Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ» (Հովհ. 1:14) հայտարարությունը, ըստ որի Աստվածորդու մարդացումը և մարմնացումը նոր տարածություններ է բացում մարդու համար այս պատերազմում` հաղթելու չարին, Աստծու հետ հաշտություն կնքելու և վերջնական խաղաղություն հաստատելու:

Տերունական բոլոր տնօրինություններն ու իրադարձությունները պատերազմին ընդառաջ գնալու և հաղթելու դրսևորումներն են, ինչպես`

Մկրտությունը – «ջրերում վիշապի գլուխը ջախջախելով»

Խաչելությունը – խաչին գամելով չարին և մեղքը

Մահը և Թաղումը – սանդարամետ իջնելով և այնտեղից չարի կապանքներից հոգիներն ազատագրելով և մահվամբ մահվան տիրույթը նվաճելով

Հրաշալի Հարությունը – որպես կնիքը և ամբողջական ու վերջնական Հաղթանակը մահվան վրա` որպես անմահության ու խաղաղության պարգև մարդուն և մարդու համար` ընդգրկվելու Հաղթանակի տիրույթում` նվաճելով անմահ և անկետ խաղաղությունը (տես նաև Խ.Անձևացի, էջ 46-47):

Անշուշտ այս ամբողջը միգուցե դիտարկվի և մեկնաբանվի սոսկ որպես հոգևոր արտահայտություն միայն հավատացյալին վերաբերող և հավատացյալի համար:

Սակայն, եթե մի պահ նույնիսկ դա այդպես համարենք և չնկատենք այն որպես պատմական իրողություն, այսուհանդերձ այն գերագույն օրինակն է, նշանակը, խորհուրդը, ճանապարհը և խտացումը` հոգևոր բովանդակության սոցիալականացումը մեր առօրյա սոցիալ-կենցաղային կյանքում: Ճիշտ այնպես, ինչպես մարդը փորձում է նյութական կերպով և միջոցներով հոգևոր կյանքը կամ Աստծուն ընկալելի դարձնել իր համար, օրինակ` «Զարթնի’ր, ինչո՞ւ ես ննջում» (Սաղմ. 43:33), «Վերցրու Քո զենքն ու զրահը» (Սաղմ. 34:2) և այսպես շարունակ:

Ի վերջո, մենք մեր կյանքում առնչվում ենք բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների հետ, հոգսերի և տառապանքների հետ` տևապես կարևոր ընտրություն կատարելով և առանցքային որոշումներ կայացնելով:

Եվ վերջապես, մահվան գոյությունը վերաբերում է բոլորին` առանց խտրության, անկախ հավատքի չափից և առկայությունից, որը ոչ հնարավոր է կանխել և ոչ էլ նրանից խուսափել, այլ միայն պատրաստվել` ընդունելու և դիմագրավելու և հաղթելու այդ պատերազմը` առաքինությամբ և հավատքով:

Աստվածորդու մարդեղության խորհուրդը, իր ողջ փրկաբանական էությամբ հանդերձ, նաև հոգևոր բարձրագույն արժեքների սոցիալականացումն է` շոշափելիացումը` որպես նախաշավիղ և ուղեգիծ թե’ ամբողջական կյանքի, և թե’ հասարակական բոլոր ոլորտներում ծառայելով որպես հիմք բարոյագիտական հայացքների և վարքագծի ձևավորման գործում. «… Ինքն իրեն ունայնացրեց` աղքատացրեց` ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման դառնալով…» (Փիլիպ. 2:7):

Հետևաբար, անկախ մարդու հավատացյալ լինելու կամ ոչ լինելու հանգամանքից, սուրբգրային պատգամը բացարձակ արժեք և ճշմարտություն է` ծառայելով մարդու բարիքին որպես ուղենիշ:

Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում` իր հոգևոր և նյութական հետևանքով, այլ միաժամանակ հաղթանակի հնարավորություն է` իր բոլոր արդյունքներով` թե’ հոգևոր, և թե’ նյութական. «Որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ» (Հռոմ. 5:20), «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. փորձության հետ փրկության ելք է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13), «այնքան լինի փորձությունը, որ օգտվեք և ոչ վնասվեք» (Խ.Անձևացի էջ 76) և «բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց» (Հռոմ. 8:37) և «Տերն ասաց իմ Տիրոջը. «նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ և դու կտիրես քո թշնամիների մեջ»» (Սաղմ. 109:1-2), «իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը» (Ես. 57:13):

Շարունակելի…»։

Բագրատ արք. Գալստանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արգելանքից կհանեն 24 միլիարդ դոլար

Արգելանքից կհանեն 24 միլիարդ դոլար Sun, 14 Jun 2026 17:00:31 +0400 ԱՄՆ եւ Իրանի միջեւ…

7 րոպե ago

Իշխանությունը դեռ պետություն չէ, իսկ պետությունն էլ միայն իշխանություններինը չէ

Իշխանությունը դեռ պետություն չէ, իսկ պետությունն էլ միայն իշխանություններինը չէ Sun, 14 Jun 2026 16:46:59…

20 րոպե ago

Վերջի սկիզբը

Վերջի սկիզբը Sun, 14 Jun 2026 16:45:48 +0400 Անցած ընտրություններով Նիկոլը զրոյացրեց բոլոր այն կարմիր…

21 րոպե ago

Ռեժիմի պապուլիզմն արդեն արժեքազրկվում․․․ տարբեր եղանակներով լռեցնելու են

Ռեժիմի պապուլիզմն արդեն արժեքազրկվում․․․ տարբեր եղանակներով լռեցնելու են Sun, 14 Jun 2026 16:44:43 +0400 Ռեժիմի…

22 րոպե ago

Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Sun, 14 Jun 2026 16:41:24 +0400 Անթիլիասի Մայրավանքում քահանայական…

26 րոպե ago

Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը․ Սուրենյան

Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը․ Սուրենյան Sun, 14 Jun 2026 16:37:48 +0400 Հայաստանում ինձ հանդիպած…

29 րոպե ago