«Հրապարակ»․ Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել

«Հրապարակ»․ Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել

Sat, 13 Jun 2026 10:45:43 +0400


Օրեր առաջ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը խոսել էր Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում ծառեր հատելու մասին: Խոսքը Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող տարածքի մասին է: Այստեղ նրանք ադրբեջանական դիրքեր ու ճանապարհներ են կառուցում, ամրաշինական աշխատանքներ անում, եւ մոտ 60 հա անտառ է հատվել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատում» բառն օգտագործելուց, ասում է. «Արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետեւանքով»։

Հունիսի 12-ին ԱԺ-ում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը հարցին՝ Հայաստանը դիմե՞լ է Ադրբեջանին՝ պահանջով, որ արգելոցի տարածքում դադարեցնեն ծառահատումները, ասել է. «2021-ին մենք սահմանամերձ հատվածներում ունեցել ենք արգելոցի էկոհամակարգի խաթարում։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել 2 կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը մեզ հնարավորություն չի տալիս ավելի խոր ուսումնասիրություն, վնասի գնահատում իրականացնել, այդ հարցն առկախվել է այլ շատ կարեւոր հարցի պատճառով՝ սահմանազատման աշխատանքների իրականացման համար»:

Եվ նախարարը, փոխանակ խոսի բնապահպանական հարցերի, մեր տարածքում թշնամու ապօրինությունների մասին, կարեւորել է խաղաղության օրակարգը. «Ես վստահ եմ, որ երբ դե ֆակտո խաղաղությունը հաստատվի դե յուրե, եւ մենք ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարեւանների հետ, այդ ժամանակ այն միջազգային հարթակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, նաեւ այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ սկսենք աշխատել, քննարկել, առաջարկություններով հանդես գալ, որպեսզի, օրինակ, անդրսահմանային հատվածներում իրականացնենք միասնական բնապահպանական ծրագրեր»:
Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը, խնդրի հետ կապված, գրել է. «ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ի վերջո բարեհաճեց անդրադառնալ Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի ծառահատումներին։ Սակայն հարց է առաջանում՝ որտե՞ղ են մյուս պատկան մարմինները, եւ ինչո՞ւ է այս հարցը մնում միայն ռազմական գերատեսչության լոկալ մեկնաբանությունների տիրույթում։ Ի վերջո, COP 17 միջազգային համաժողով պետք է տեղի ունենա ՀՀ-ում»:

Մեզ հետ զրույցում Այսեր Ղազարյանն ասաց, որ արդեն 4 տարի է՝ ինքը հանրայնացնում է Շիկահողի արգելոցի տարածքում առկա անվտանգային եւ բնապահպանական խնդիրները. «Ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով Շիկահողի արգելոցի որոշ տեղամասեր հայտնվել են թշնամու ուղիղ կրակային եւ վիզուալ վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ մոտ 3.4 հա տարածքի հիմնական մասն օկուպացված է, որոշ մասն էլ գտնվում է հակառակորդի սովորական զինատեսակների ուղիղ կրակային հասանելիության գոտում։ Մոտ 6-7 հա տարածք դիտարկվում է որպես ուղիղ դիտարկվող ականանետային հասանելիության գոտի: Թշնամու կողմից զավթված արգելոցի տարածքում կառուցված են գրունտային ճանապարհներ, դիրքեր, խրամատներ, հենակետեր: ՀՀ ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները փաստացի զրկված են տվյալ օկուպացված եւ վտանգավոր գոտիների տարածքներում բնապահպանական գործառույթների իրականացման եւ գործունեություն ծավալելու հնարավորություններից։ Հետեւաբար, նախարարության կողմից շրջանառվող պահպանության, կենսաբազմազանության մոնիտորինգի եւ մյուս գործառույթներն ու ընթացիկ գործընթացները պետական լիազորված մարմնի կողմից իմիտացիոն բնույթ են կրում (անիմաստ վատնվում են պետական բյուջեի եւ միջազգային որոշ ծրագրերի միջոցները)։ Անհրաժեշտ է վերանայել պետական քաղաքականությունը՝ հաշվի առնելով տեղանքի ռազմաքաղաքական իրողությունները։ Բացի այն, որ թշնամին արգելոցի տարածքում կառուցել է գրունտային ճանապարհների ցանց, դիրքեր եւ ամրաշինական կառույցներ, շարունակվում է արժեքավոր հաստաբուն ծառերի համատարած հատումը։ Արբանյակային վերջին դիտարկումների արդյունքներով ներկայացրել եմ, որ ընդհանուր մոտ 60 հեկտար անտառածածկ տարածք արդեն իսկ ոչնչացվել է 2025-ի դրությամբ։ Ցավոք, վերջին մեկ տարվա ժամանակագրական պատկերը հաստատում է, որ հատումները կրում են պարբերական բնույթ եւ չեն դադարում։ Սա ոչ միայն տարածքային ամբողջականության խնդիր է, այլեւ իրական էկոցիդ Հայաստանի եզակի բնական արժեքների նկատմամբ: Լսել եմ, որ ասում են՝ սահմանային ճշտումներից հետո ամեն ինչ հստակ կարվի․ դա մանիպուլյացիա է: Տվյալ սահմանը Սովետական Միության ժամանակ էլ՝ իրենց ասած այդ ռազմական քարտեզներով, պատկանել է Հայաստանին: Քանի որ ջրբաժանը սարերի գագաթային մասերով է տարված, մեծ հաշվով, այդտեղ որեւէ փոփոխություն տեղի չի ունենալու իրենց ասած սահմանազատման արդյունքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո Tue, 11…

36 րոպե ago

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue,…

3 ժամ ago

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը Mon, 10 Aug 2026 23:45:44 +0400 Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում…

3 ժամ ago

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

3 ժամ ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

3 ժամ ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

3 ժամ ago