Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա

Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա

Thu, 18 Jun 2026 18:15:04 +0400


Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստանալով ՌԴ նախագահից եւ վարչապետից շնորհավորանքի որեւէ խոսք, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից փաստացի պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները, Փաշինյանն այլ ծրագիր ուներ. ինքը վարում է հակառուսական քաղաքականություն, բայց սողացող, քայլ առ քայլ, խոսքով Ռուսաստանի հետ բարեկամության եւ ջերմ հարաբերությունների կողմնակից է, գործնականում իրականացնում է հակառուսական քաղաքականություն, բայց զգույշ, հանգիստ, որ ցնցումներ չառաջանան, գոնե՝ շատ ուժեղ, բայց որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ազդեցությունից եւ մտցնի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Արեւմուտքի ազդեցության տակ: Նույնիսկ երբ ընտրություններից առաջ Ռուսաստանը սկսեց կոշտ քաղաքականություն իրականացնել Հայաստանի նկատմամբ, Փաշինյանը համոզված էր, որ ընտրություններից հետո ինքը կկարողանա լեզու գտնել, գործարքի գնալ` դուք հանդուրժում եք ինձ եւ իմ կողմից վարվող պրոարեւմտյան քաղաքականությունը, փոխարենը ես հանդուրժում եմ, որ Հայաստանում ընդդիմությունը լինի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից, այսպես կոչված՝ պրոռուսական: Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը մերժում է նման գործարքը, մերժում եւ արհամարհում է Փաշինյանին, ինչից վերջինս կատաղեց եւ հայտարարեց, որ այդ դեպքում ինքն էլ կոչնչացնի պրոռուսական ընդդիմությանը, Հայաստանի քաղաքական համակարգում այլեւս Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցներ չեն մնալու, կամ դրանք լինելու են լուսանցքում, բանտերում եւ կալանավայրերում: Ինչի սա կարող է հանգեցնել:

Մինչեւ խորհրդարանական ընտրությունները հանրային կոչվող, բայց իր անձնական շահերը սպասարկող հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել էր. «Մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ասում ենք՝ գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես՝ վիճաբանության, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետեւ մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք։ Այո՛, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարեւոր չէ այս կոնտեքստում. ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»։ Հիմա, երբ ընտրություններից անցել է գրեթե երկու շաբաթ, ո՞ւր են Փաշինյանի ռուս գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը, ինչո՞ւ նրան չեն շնորհավորում կամ՝ ինչո՞ւ են ցույց տալիս, որ իրենց համար Փաշինյանն ուղղակի գոյություն չունի, կարծես իրենք տեղյակ էլ չեն, որ Հայաստանում ընտրություններ են եղել:

Այդ վերաբերմունքի պատասխանը եղավ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկրից դուրս գալու ակնհայտորեն ապօրինի արգելքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին առանց որեւէ իրական հիմքի երկրից բացակայելու արգելքը, իսկ ընդդիմության դեմ արշավանք սկսելու հայտարարությունը հնչեց խորհրդարանում, որտեղ 2025 թվականի բյուջեի կատարողականի իր ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն արմատախիլ անելու պրոցեսներն ակնհայտորեն ուղեկցվել են ու պետք է ուղեկցվեին այդ թվում՝ արտաքին ազդեցություններով, դրանք նաեւ Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով»:

Փաշինյանն ասում է, որ ինքը նախկինում էլ է ցանկություն ունեցել ոչնչացնել Ռուսաստանի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները պահպանելու կողմնակից քաղաքական ուժերին, որոնց նա անվանում է քրեաօլիգարխիկ համակարգ, սակայն այն ժամանակ մտավախություն է ունեցել, որ այդ ուժերի դեմ ուղղված իր գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի կողմից այնպիսի հակազդեցության, որը Հայաստանի համար կարող է ունենալ գոյաբանական հետեւանքներ, այսինքն՝ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Հայաստանը, բայց հիմա այդ վտանգը վերացել է, այդ վտանգը հաղթահարվել է, եւ այդ պատճառով ինքը կարող է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին:

Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, որ այդ սպառնալիքը վերացել է կամ, ինչպես Փաշինյանն է ասում՝ ինքը հաղթահարել է այդ սպառնալիքը, գուցե Ռուսաստա՞նն է վերացել, կամ Հայաստանն այնքան է ուժեղացել, որ Ռուսաստանի ուժն այլեւս չի՞ պատի ոչնչացնել: Իրականում, ոչ մի գոյաբանական սպառնալիք էլ չի եղել, որ մի հատ էլ հաղթահարվեր, ուղղակի Փաշինյանն ասում է, որ եթե Ռուսաստանը չի ցանկանում նկատել իր գոյությունը Հայաստանի իշխանության ղեկին, ինքն էլ կոչնչացնի այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության եւ գործընկերության օգտին: Դրա համար էլ նույն ելույթում, որը ոչ մի կապ չուներ բյուջեի կատարողականի հետ, Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հայտարարեց ապօրինի. «Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձեւավորվում է իններորդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձեւավորված քաղաքական միավոր է»: Իսկ քանի որ նա իր բնույթով ապօրինություն չհանդուրժող մեկն է, ապա կասկած չկա, որ անելու է ամեն ինչ՝ ապօրինությունը կանխելու, ապօրինի ընդդիմության մուտքը խորհրդարան թույլ չտալու: Թե ինչպես դա կանի, արդեն էական չէ, օրինակ, ԲՀԿ-ին մանդատներից զրկեց մի քանի տեղամասի արդյունքներ չեղյալ հայտարարելով, մի բան էլ կմտածի «Ուժեղ Հայաստանի» եւ «Հայաստան» դաշինքի մասով:

Ռուսաստանը որեւէ կերպ չի արձագանքում, կարծես ասելով՝ ինչ ուզում ես, արա, ում ուզում ես, կալանավորի, ումից որքան մանդատ ուզում ես, կարող ես խլել, դա քո ներքին գործն է: Մենք մեր անելիքն ենք անում, դու՝ քոնը, վերջում կտեսնենք, թե ով շահած դուրս կգա եւ ով՝ տուժող:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Thu, 18 Jun 2026 23:45:13 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել…

28 րոպե ago

Ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին Thu, 18 Jun 2026 23:30:07 +0400 Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան…

43 րոպե ago

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել Thu, 18 Jun 2026 23:00:45 +0400 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ…

1 ժամ ago

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Thu, 18 Jun 2026 22:45:20 +0400 Հունիսի 14-ի…

1 ժամ ago

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում Thu, 18 Jun 2026 22:30:13 +0400 ԽՍՄ Կոմկուսի…

2 ժամ ago

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն Thu, 18 Jun 2026 22:15:16 +0400 Բացահայտվել է…

2 ժամ ago