Դաժե՝ Արման Բաբաջանյանը

Դաժե՝ Արման Բաբաջանյանը

Thu, 18 Jun 2026 18:45:36 +0400


Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Որոշել է արմատական ընդդիմության պահանջին միանալ նաեւ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Նա համարում է, որ հունիսի 7-ին Հայաստանում ոչ թե ԱԺ ընտրություններ, այլ խայտառակություն է տեղի ունեցել:

Դուք սխալ չկարդացիք՝ հենց Արման Բաբաջանյանը, նույն ինքը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարը, որ հունիսի 7-ի արարողության մասնակիցների մեջ թերեւս ամենախորացված ընդդիմադիր հայացքներով գործիչն էր: Ի՜նչ Նիկոլի սատելիտ, ի՜նչ Արեւմուտքի դրածո, ի՜նչ շպիոն, ի՜նչ բան… Այս ամենն ասեկոսեներ են: Հիմա, երբ նա արդեն հայտարարել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու իր ցանկության մասին, նրան պետք է համարել «ընդդիմադիր»՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ ինչո՞ւ Արման Բաբաջանյանը չմիացավ իրական ընդդիմության համատեղ բողոքին, այլ ՍԴ գնաց մենակ՝ բողոքարկելու ՀՀ իշխանությունների կազմակերպած վայ-ընտրությունները:

Չար լեզուներն ասում են, որ սա Արեւմուտքի «Արման Բաբաջանյան» ծրագիրն է, որով փորձ է արվելու շփոթմունքի մեջ գցել ՍԴ-ին եւ կորզել մի որոշում, ըստ որի՝ ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը հավասարապես կմեղադրվեն ընտրությունները տապալելու մեջ: Հասկացա՞ք, թե ինչ կարող է տեղի ունենալ… ՍԴ-ում ընդդիմությունն ընտրախախտումների մեջ կմեղադրի իշխանություններին, իսկ Արման Բաբաջանյանը, դրան զուգահեռ, կվիճարկի ընդդիմության արձանագրած արդյունքը եւ «փաստերով կապացուցի», որ ընդդիմության ձայներն ընտրակաշառքով բերված ձայներ են, եւ ընտրությունները պետք է չեղարկվեն: Ու կստացվի, որ Արման Բաբաջանյանը ոչ թե սովորական, այլ «ազնիվ» ընդդիմադիր է:

Մենք գիտենք, որ Արեւմուտքն ամեն այլանդակության պատրաստ է, որ ՀՀ բարձր դատարանի վճռի մեջ որեւէ հիշատակում չլինի իր «դիվերսիոն» գործողությունների մասին, որոնք հանգեցրել են աննախադեպ հնարքներով կեղծված ընտրությունների: Ե՞րբ, այդ ո՞ր ընտրություններից առաջ են ընդդիմադիրներին կալանավորել, ո՞ր ընտրությունների ժամանակ են ՀՀ ղեկավարները «կզըցնելու», «բոմժացնելու», «ԱԱԾ պադվալները լցնելու» սպառնալիքներ հնչեցրել ընդդիմության հասցեին, ե՞րբ է Արեւմուտքն այնքան փող տվել ՀՀ իշխանություններին, որ նրանք առատորեն ընտրակաշառք բաժանեն ու 700 հազարից ավելի քվե գնեն թշվառության մեջ ապրող ընտրողներից: Ընդդիմությունը, հասկանալի է, դատարանում կպնդի, որ այս երեւույթներն արտացոլվեն վճռի մեջ, բայց դատարանը կգնա՞ դրան: Ես մեծ հույս չունեմ, որ ՍԴ-ն կկանգնի արդարության կողքին: Դա ՍԴ-ից մեծ քաջություն պահանջող դիրքորոշում կլինի, մանավանդ որ Արման Բաբաջանյանն էլ զուգահեռ բզբզելու է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի թեման՝ իբր Ռուսաստանն այդկերպ ազդել է մեր ընտրությունների արդյունքների վրա եւ խաթարել պատկերը: Ուստի չենք կարող բացառել, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի ոչ այնքան ընտրությունների օրինականության, որքան Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության շուրջ: Արման Բաբաջանյանը, ըստ էության, դառնալու է Արեւմուտքի շահերի պաշտպանն այդ դատավարությունում: Հնարավոր է՝ նա դատարանի դահլիճ մտնի ԵՄ դրոշով եւ ռուսական կրկնակոշիկով (գալոշով), սկսի կծոտել դատավորներին՝ «կկզըցնեմ», միայն թե ՍԴ-ն ՀՀ արեւմտական իշխանությունների ցանկությանը հակառակ որոշում չկայացնի:

Մնաց պարզենք, թե մեր մյուս արեւմտամեռ «ընդդիմադիրներն» ինչու չեն միացել Արման Բաբաջանյանի՝ ՍԴ դիմելու որոշմանը: Արամ Սարգսյան, Լեւոն Շիրինյան… Ո՞ւր եք, արա, որ ելաք մարտի, Արման Բաբաջանյանին մենակ եք թողել, որ ի՞նչ: Արամ Զավենիչ, մանավանդ դու, ո՞ւր ես, ինչո՞ւ տեր չես կանգնում քո 15 հազարանոց ընտրազանգվածին ու կուսակիցներիդ: Ասել էիր, չէ՞, որ մտնեմ խորհրդարան, Նիկոլի հետ կոալիցիա եմ կազմելու: Նիկոլը «քցեց» քեզ, չմտար խորհրդարան, դու բողոք-մողոք չունե՞ս: Գոնե արի եւ Արմանի նման բզբզա իրական ընդդիմության «բաժանած ընտրակաշառքների» ու ռուսական ազդեցության մասին: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ ՍԴ-ն հենց այդ հիմքով չեղարկի այս խայտառակությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

6 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

7 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

8 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

8 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

8 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

8 ժամ ago