Դուք ու ձեր 34 միլիոնը…
Sat, 20 Jun 2026 16:45:04 +0400
Եթե Եվրամիությունն իսկապես լիներ ժողովրդավարական սկզբունքների ու արժեքների կրող, ապա Հայաստանի իշխանություններին կստիպեր վերաքվեարկություն իրականացնել ընտրության արդյունքները չեղարկված երեք ընտրատեղամասում: Որովհետև, նախ, դրանով չեղարկվել է այդ տեղամասում քվեարկած՝ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը:
Ընդ որում, մեկում ընդհանրապես ընտրատարածքային հանձնաժողովի մեղքով, որը տեղ չէր հասցրել 8 համարի քվեաթերթիկների տրցակը: Երկրորդ, վարչական դատարանը վերաքվեարկությունը գնահատել էր որպես անհրաժեշտություն:
Երրորդ, մնացած երկու տեղամասում արդյունքների չեղարկման հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվել էր ԱԺ-ում տեղ զբաղեցնելու իրավունքից: Այսինքն, չեղարկումն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ինչն, ըստ օրենսդրության, բավարար հիմք է վերաքվեարկություն անցկացնելու համար: Բայց Նիկոլը թքած ունի օրենքի վրա, Եվրամիությունն էլ կույր ու խուլ է ձևանում:
Բայց ինչպես հասկանում ենք, Եվրամիությունը նման բան չի ստիպելու ՀՀ վարչապետի աթոռին գամված, խայտառակ պարտության խորհրդանիշ անձին: Որովհետև այդ են պահանջում Եվրամիության աշխարհաքաղաքական շահերը: Այդ շահերը պահանջում են, որպեսզի պարտված Հայաստանի ղեկավարն ավարտին հասցնի պարտվողական ու կապիտուլյացիոն խաղաղության գործընթացը թշնամի երկրի հետ: Այն երկրի, որի բռնապետը Եվրամիության հուսալի գործընկերն է: Իսկ ժողովրդավարությո՞ւնը՝ կհարցնի ընթերցողը: Չգիտեմ, երևի մի երևույթ էր, որ մնացել է անցյալում կամ էլ թողել են անորոշ ապագային: Չնայած Ուկրաինայի դեպքում Եվրամիությունը դեմ է թե՛ պարտվողական ու կապիտուլյացիոն խաղաղությանը և թե՛ Ռուսաստանի (ուշադրություն դարձրե՛ք՝ ավտորիտար և ոչ թե բռնատիրական) ղեկավարության հետ տնտեսական կապերը շարունակելուն:
Նախորդ դարի կեսերին ԱՄՆ ղեկավարության կողմից Նիկարագուայի դիկտատոր Անաստասիո Սոմոսային տրվել է հանրահայտ մի բնորոշում՝ «Նա գուցե շան որդի է, սակայն մերն է»: Այդ արտահայտությունը վերագրվում է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Ու դա ազնիվ էր, շատ ավելի ընդունելի, քան եթե այդ անձին ներկայացնեին որպես ժողոդավար: Այն, ինչ տեղի է ունենում այսօր: Այսօր Արևմուտքը և հատկապես Եվրոպան կիլոմետրերով հեռու են ազնիվ լինելուց: Նրանց միասնական շահերը պահանջում են, որպեսզի բռնապետի վերածված նախկին ընդդիմադիր գործիչը շարունակի կառավարել Հայաստանը: Եվ ընդունում են նրան որպես ժողովրդավարության պաշտպանի: Թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ նրա կառավարման մեթոդները կիլոմետրերով հեռու են ժողովրդավարականից: Միաժամանակ, թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ դրա արդյունքում Հայաստան պետությունը կորցնում է նախկինում առկա ինքնիշխանության՝ այսօր մնացած փշրանքները: Եվ բռնել է ժամանակավորապես ինքնավար «արևմտյան ադրբեջանի» կամ թուրքական վիլայեթի վերածվելու ճանապարհը:
Եվրամիությունը ոչ միայն ազնիվ չէ, այն նաև ձեռ է առնում մեր ժողովրդին: Մեջբերենք ԵՄ ընդլայնման հարցերով «նախարար» Մարթա Կոսի խոսքը. «ԵՄ-ն հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ … Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։ Խոսքն օգնության մասին է, որի ծավալն էլ ընդամենը 34 միլիոն եվրո է: Այնինչ, ՀՀ ԿԲ հաշվարկներով, գյուղմթերքի՝ դեպի ՌԴ արտահանման կասեցումը կազմելու է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Գնային առումով այն կկազմի 420-470 մլն ԱՄՆ դոլար: ԵՄ «վարչապետ» ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ ցուցադրաբար հայտարարել էր, թե առաջին օգնությունն արդեն տրամադրվել է՝ 10 հազար ծաղիկ ուղարկվել է Լատվիա: Պատկերացնու՞ւմ եք՝ տարեկան 50-70 միլիոն ծաղիկ էր գնում Ռուսաստան: Իսկ դրանք խոսում են առաջընթացի մասին՝ 10 հազար ծաղիկ ընդունենով ԵՄ երկրներից մեկում:
Ցուցադրական և իրականում կեղծ երկրորդ «առաջընթացն» Ամստերդամի (Նիդերլանդներ) ծաղկային բորսայում գրանցվելու՝ Հայաստանին տրված հնարավորությունն է: Գործարարությունից հեռու մարդը դժվար թե իմանանա, թե տվյալ դեպքում որտեղ է թաքնված նենգությունը: Ասեմ՝ ծաղիկների տեսքի, որակի և գործընթացի թղթատարության առումով եվրոպական խիստ պահանջներին համապատասխանության մեջ: Ինչը, եթե դրա սկիզբը դրվի այսօր, ամբողջովին կյանքի կարող է կոչվել առնվազն մի քանի տարի անց: Գումարած այն, որ ծաղկային սերմեր և սոխուկներ Հայաստան են բերվում հենց Նիդերլանդներից: Պատկեացնո՞ւմ եք՝ Ամստերդամի ծաղկային բորսայում վաճառվելու են Նիդերլանդներից Հայաստան բերված ծաղկային սերմերից և սոխուկներից աճեցրած ծաղիկները: Որպեսզի հետո, ենթադրաբար, Հայաստանից տարվեն մերձբալթյան կամ սկանդինավյան երկրներ: Այդ երևույթը նման է ձախ ձեռքով աջ ականջը քորելուն՝ ձեռքը գլխի հետևի մասով տանելով: Ինչն, անկեղծ ասած, չենք կարող ամբողջովին բացառել: