«Հրապարակ». Մենք ընդդիմադիր չենք, շատ հարցերում համաձայն ենք իշխող ուժի հետ
Wed, 24 Jun 2026 11:45:01 +0400
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները: «Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ով պատգամավորի թեկնածու Ազատ Արշակյանի հետ։
– Ի՞նչ հիմքերով է ձեր քաղաքական ուժը դիմել ՍԴ։
– Երկու փաստ կա, մեկը` ընտրակաշառքների, խախտումների մասին իրավապահ մարմինների հայտարարությունները, եւ երկրորդը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը` այդ հայտարարությունների վերաբերյալ։
– Այսինքն, մյուս ուժերը ՍԴ-ում երբ վիճարկում են վարչական լծակների կիրառումը, այս մասով դուք խնդիրներ չե՞ք տեսնում։
– Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ վարչական լծակներ չեն կիրառվել, իշխանությունն անգործության է մատնվել։ Մենք այստեղ մյուս ՍԴ դիմողների հետ տարբեր բեւեռներում ենք, մենք գործընկեր չենք, իրար խանգարող ենք։ Մեր կարծիքով, օրինակ, 2008-ի մարտի 1-ի գործով դատավճիռ ունեցող քաղաքական ուժերը պետք է չմասնակցեին ընտրություններին, իշխանությունը զավթելու մասով, օրինակ, ԲՀԿ-ն ունի դատավճիռ, նրանք չպետք է մասնակցեին, բայց մասնակցել են։ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները չպետք է մասնակցեին, իշխանությունը պետք է արգելեր նրանց մասնակցությունը, բայց իշխանությունը թույլ է տվել անգործության հետեւանքով, ավելին՝ իշխանությունը նրանց ընտրել է որպես գործընկեր, այ, դրա դեմ ենք բողոքում։
– Բայց 2008-ից հետո առաջին տարին չէ, որ ԲՀԿ-ն մասնակցել է ԱԺ ընտրություններին, ինչո՞ւ նախկինում այս հարցը չեք բարձրացրել։
– Ես համարում եմ, որ այդ ամբողջ ընթացքում, կարելի է ասել, 20 տարի Հայաստանում ապօրինություն է տիրում, իշխանությունը զավթված է եղել օտարերկրացիների կողմից։
– Ձեր կուսակցության հավաքած ձայները բավականին քիչ էին՝ 6 հազար 754։ Կարծում եք, որ եթե ձեր ասած ուժերը չմասնակցեին ընտրությանը, դուք ԱԺ-ում կլինեի՞ք։
– Եթե արդար, թափանցիկ ընտրություններ լինեին, շանս կունենայինք։ Դուրս մնացած կուսակցություններից ցանկացածը այդ շանսից զրկվել է։ Այսինքն՝ ընտրությունները մրցակցային չեն եղել, այսինքն՝ ժողովրդի ազատ կամքը չի դրսեւորվել։ Ընտրակաշառքի գործով 300-ից ավելի քրեական գործ կա։
– Բայց չկան դատավճիռներ, չկա նաեւ օրենքով ապացուցված հանցանք։
– Այդ դեպքում միեւնույն է՝ ընտրությունները մրցակցային եւ արդար չեն եղել, որովհետեւ թեկնածուներից մի քանիսը հատուկ իշխանությունը վարկաբեկելով կամ զրպարտելով է խախտել արդար ընտրությունների իրավունքը։ Եթե զրպարտություն են պետական մարմինների կողմից հայտարարված ընտրակաշառքի դեպքերը, դա նույնպես ազդում է ընտրությունների արդյունքների վրա, եթե ճիշտ են, կրկին ազդել են ընտրությունների վրա։
– Ձեր կարծիքով, որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ԲՀԿ-ից ձայների գողություն չէ՞ր։
– Ես մտածում եմ, որ դա ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սխալ աշխատանքի արդյունք է։ Դա ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն շատ վատ է կազմակերպել ընտրությունները, դրան գողություն ասենք, թե թալան, միեւնույն է՝ ԿԸՀ-ն բավարար չափով ջանք չի թափել՝ ընտրությունները կազմակերպելու համար։
– Շատերը ձեր քաղաքական ուժին համարում են իշխանությունների կցորդը։ Դուք ձեզ ընդդիմադիր համարո՞ւմ եք։
– Չէ, մենք ընդդիմադիր չենք, ես՝ ինքս կարծում եմ, որ շատ հարցերում համաձայն ենք իշխող ուժի հետ։ Օրինակ, ԵՄ-ի շուրջ ունեցած դիրքորոշման հետ, այսինքն՝ արտաքին հարաբերություններում վարած քաղաքականության հետ ես համաձայն եմ։
– Արցախի կորստի հետ է՞լ եք համաձայն։
– Արցախի մասով ես համաձայն եմ, որ դա արել է Ռուսաստանը, հանձնողը Ռուսաստանն է։
– Նիկոլ Փաշինյանն էլ արցախցիներին ասում է թռածներ, մեղադրում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։
– Չէ, Արցախի ժողովուրդը զոհն է։ Մեր հայրենիքը մեզնից 2 անգամ խլեցին, առաջին անգամ՝ 1921-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2023-ին։ Մենք զոհ ենք։ Եթե որեւէ հայի մեղադրում են, դա զրպարտություն է։