«Հրապարակ». Հաղթանակը բաժին է հասնում նրանց, ովքեր չեն հրաժարվում իրենց իրավունքից
Sat, 27 Jun 2026 12:45:24 +0400
Զրուցակիցս 20 տարուց ավելի Լոռու մարզպետարանի մշակույթի, սպորտի բաժինը ղեկավարած Արամ Ռեւազյանն է։
– Դուք մշտապես աչքի եք ընկել ըմբոստ կեցվածքով, ժողովրդավարական ընտրությունների եւ արդարության համար մղած պայքարով։ Սպասո՞ւմ էիք վերջին ընտրություններում նման արդյունքներ։
– Սպասում էի, որովհետեւ այն, ինչի ականատես եղանք, սպասելի էր, եւ մենք այդ արդյունքը ստանալու ամբողջ «իրավունքը» ձեռք էինք բերել։ Ամեն ընտրությունից հետո նույն հարցն է հնչում՝ ինչո՞ւ կրկին անարդար ընտրություններ եղան։ Այս անգամ դրան ավելացավ նաեւ արդյունքների նկատմամբ «անհավանական ահավոր» անվստահությունը։ Եթե հետ նայենք նախընտրական շրջանին, կտեսնենք այն ամենը, ինչն արդեն սովորական է դարձել՝ վախի մթնոլորտ, սոցիալական նախաձեռնությունների ակտիվացում, տարբեր ծրագրերի ցուցադրական ընդլայնում, վարչական ռեսուրսների կիրառման բազմաթիվ օրինակներ, անօրինական այլ երեւույթներ, որոնք դժվար է անտեսել։ Ընտրությունների օրը նույնպես բազմաթիվ հարցեր առաջացան, իսկ արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները շատերի մոտ ավելի շատ հարցեր առաջացրին, քան պատասխաններ տվեցին։ Այս պայմաններում այլ արդյունք ակնկալելը միամտություն կլիներ։
– Ինչո՞ւ ընդդիմադիր ուժերին չհաջողվեց կանխել ընտրախախտումները։
– Իմ կարծիքով՝ ոչ միայն չկանխեցին, այլեւ որոշ դեպքերում իրենց վարքով նպաստեցին, որ իշխանությունը հանգիստ իրագործի իր ծրագրերը։ Ընդդիմադիր գրեթե յուրաքանչյուր ուժ համոզված էր, որ միայնակ կարող է հաղթահարել խորհրդարան մտնելու շեմը, հետո էլ՝ մեծամասնություն ձեւավորել։ Հիշենք Կռիլովի հայտնի առակը՝ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։ Երբ բոլորը տարբեր ուղղություններով են քաշում, սայլը տեղից չի շարժվում։ Մեզ մոտ նույնիսկ դա չեղավ. սայլը տեղում փլվեց։ Չեղավ միասնական պայքար, չեղավ միասնական վերահսկողություն ընտրությունների ընթացքում, չեղավ նաեւ ընտրություններից հետո համակարգված ու համատեղ գործողություն։
– «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին միավորվելու կոչ է անում։ Ուշացա՞ծ կոչ է դա։
– Ոչ, ոչինչ ուշացած չէ։ Այդ կոչն ահազանգ է, զգոնության կոչ է։ Այո, դժվար է լինելու ընտրություններից հետո նորից համախմբել մարդկանց, բայց դա անհնար չէ։ Ես հիշում եմ նաեւ ձեր հրապարակած հոդվածը, որտեղ առաջարկվում էր ընտրությունների հետ կապված մի շարք հարցերի պարզ ստուգում։ Խոսքը մահացած քաղաքացիների տվյալների համադրման, կրկնակի քվեարկությունների հնարավոր դեպքերի ստուգման, զինվորականների մասնակցության ամբողջական ուսումնասիրության եւ մի շարք այլ հարցերի մասին էր։ Այսօր նման ստուգումները տեխնիկապես շատ ավելի հեշտ են, քան տարիներ առաջ։ Տեխնոլոգիաները կան, մասնագետները կան, հնարավորությունները կան։
– Հարց է առաջանում՝ եթե հնարավոր է ստուգել, ինչո՞ւ չի ստուգվում։
– Դա ինչի՞ մասին է խոսում: Խոսում է կա՛մ անտարբերության, կա՛մ չիմանալու մասին, թե ինչ եւ ինչպես պետք է անել: Ես հակված չեմ մտածելու, թե ընդդիմադիր դաշտում մարդիկ չեն հասկանում, որ նման ստուգումները կարող են շատ լուրջ հարցերի պատասխան տալ: Այսօր արդեն այն ժամանակները չեն, երբ ամիսներ էին պահանջվում՝ հազարավոր էջեր համադրելու համար: Հնարավորությունները կան, գործիքները կան, մասնագետները կան: Բայց գործը չի արվում: Իսկ եթե չի արվում, բնական է, որ մարդկանց մոտ հարցեր են առաջանում: 550 հազարից ավելի քաղաքացի քվե է տվել ընդդիմադիր ուժերին: Այդ մարդկանց պետք է առաջնորդող կամք, պետք է մեկը, որը պատրաստ կլինի առաջ գնալ մինչեւ վերջ: Ինչպես ժամանակին ասվել է՝ Դանկոյի սիրտ է պետք, որ ճանապարհ ցույց տա մարդկանց, եւ այդ ճանապարհին նոր դանկոներ ծնվեն՝ պայքարի մեջ կոփվող, համոզմունք ձեռք բերող մարդիկ:
– Կարծում եք՝ նման պայմաններում այդ պայքարը կարո՞ղ է արդյունք տալ։
– Անպայման։ Համոզված եմ, որ կարող է։ Երբ կուտակվում են այսքան հարցեր, այսքան կասկածներ, այսքան վիճահարույց դրվագներ, բնական է, որ հասարակության մի զգալի հատված չի բավարարվում պաշտոնական բացատրություններով։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կասկած արդեն ապացուցված փաստ է։ Բայց ասում եմ, որ յուրաքանչյուր կասկած պետք է ստուգվի։ Եթե կան վիճարկվող որոշումներ, եթե կան վիճահարույց ընտրատեղամասեր, եթե կան հազարավոր մարդկանց մոտ առաջացած հարցեր, դրանք պետք է ստանան հստակ պատասխաններ։ Ինձ համար անհասկանալի է նաեւ, թե ինչու են նման հարցերում առանձին քաղաքական ուժերը միայնակ պայքարում։ Եթե խոսքը վերաբերում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությանը, ապա բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է գործեն միասին։ Սա կուսակցական պահանջ չէ, սա հանրային վստահության խնդիր է։
– Դուք խոսում եք պայքարը շարունակելու մասին, մինչդեռ վարչապետը կոշտ հայտարարություններ է անում ընդդիմության հասցեին ու հոխորտում՝ «դրանց հասցեական ջախջախելու եմ»: Իսկ իր «գծի» հետ անհամաձայն քաղաքացիներին էլ կոչ է անում հեղափոխություն անել եւ փոխել կառավարությունը:
– Այո, հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում։ Փաշինյանն առաջ չագուճ էր պտտեցնում, հիմա անցել է կացնին: Համարձակ պտտում է աջ ու ձախ: Բայց վտանգ կա, որ շատ պտտելուց իր գլուխն էլ կպտտվի, հավասարակշռությունից կընկնի, իսկ թե կացինն իրեն ինչ վնաս կհասցնի, թող ինքը մտածի: Իսկ մենք՝ ընդդիմությանը ձայն տված բազմահազար քաղաքացիներս, իրավունք չունենք վախենալու: Փաշինյանը կոչ է անում հեղափոխություն անել եւ փոխել կառավարությունը: Հիանալի կոչ է: Անհրաժեշտ է հաշվի առնել խորհուրդը: Դա անօրինական ճանապարհ չէ: Ընդդիմությունը պետք է օգտվի իշխանափոխության բոլոր թույլատրելի մեթոդներից ու գործիքներից: Ես կարծում եմ, որ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները չպետք է առաջնորդվեն վախով։ Մարդիկ իրենց քաղաքական ընտրությունն են կատարել եւ իրավունք ունեն պահանջելու, որ իրենց ձայնը հարգվի։ Մենք մեր երկիրը չենք կարող կառուցել վախի մթնոլորտում։ Եթե քաղաքացին համոզված է իր ճշմարտացիության մեջ, եթե գործում է օրենքի շրջանակում, ապա պետք է շարունակի իր պայքարը, իր պահանջատիրությունը, իր մասնակցությունը հանրային կյանքին։
– Հասարակության ուժը հենց համառության մեջ է։
– Իհարկե: Մերն է այս երկիրը, մենք նրա որդիներն ենք: Ամեն օրինական միջոց ու ճանապարհ պիտի օգտագործենք, պիտի կանգնենք միասնության կողքին եւ առաջ շարժվենք: Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ իշխանությունը կարող է հենվել ուժի վրա, բայց հաղթանակը վերջում բաժին է հասնում նրանց, ովքեր համառորեն չեն հրաժարվում իրենց իրավունքից: Ժողովրդի պայքարը կարող է երկար լինել, եւ եթե այն չի դադարում՝ պարտվել չի կարող: