«Հրապարակ». Ծնողները դժգոհում են, պատասխանատուները` մեղքը բարդում ծնողների վրա
Wed, 01 Jul 2026 12:45:37 +0400
Հունիսի 23-ին, ժամը 09:00-ից առաջին դասարանցիներ ունեցող ծնողները «ստարտ ռեժիմի վրա» սպասում էին, որ իրենց երեխաներին հայտագրեն նախընտրած դպրոցի առաջին դասարանի համար։ 2026-2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման փուլի մեկնարկը հունիսի 23-ին էր։ Վերջին տարիներին, իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, երեխաների՝ առաջին դասարան հայտագրումը կազմակերպվում է առցանց եղանակով, ինչը ծնողների կյանքն ուղղակի դժոխքի է վերածել։ Իսկ այս տարի դժգոհությունը գերազանցել է բոլոր նախկին տարիներին եղածը, քանի որ հայտագրման կայքն է փոխվել, եւ մեծ դժվարություններ են առաջացել։ Հաղորդակցությունների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անգամ կատակել էր, որ դեսպանատներում օր վերցնելն ու երեխային առաջին դասարան հայտագրելը ճանաչվել են քույր-մայրաքաղաքներ։
Պարզվում է՝ համակարգից օգտվելը շատ բարդ է, այս տարի նաեւ պահանջվել է, որ ծնողն էլեկտրոնային հասցե ունենա եւ այլն։ Ծնողների դժգոհությունն այս տարի շատ մեծ ալիք է բարձրացրել: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ծնողներից, որ երեխաներին չեն կարողացել հայտագրել իրենց նախընտրած դպրոցում, իսկ ԿԳՄՍ նախարարությունը որեւէ հարցում չի ընդառաջում իրենց:
«Հրապարակը» նախ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանից, պարզելու, թե ինչն է խնդիրը, որ այս տարի համակարգը շատ վատ է աշխատել, եւ մի շարք երեխաների ծնողներ կանգնել են փաստի առաջ: Նա մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին՝ ասաց. «Ծրագիրն աշխատում է, եթե խնդիր է լինում, պատճառը ծանրաբեռնվածությունն է։ Այդպիսի խնդիր եղել է ամսի 23-ին, խնդիրը լուծվել է, եւ աշխատել է նորմալ։ Մինչեւ հիմա էլ համակարգն աշխատում է անխափան, առանց որեւէ խոչընդոտի, առանց որեւէ ծանրաբեռնվածության։ Եթե ծանրաբեռնվում է, հավասարապես բոլորի համար է այդպես։ Ինչ վերաբերում է կասկածներին, որ կարող է ռոբոտ լինել, արտաքին միջամտություն լինել, ապա նման բան գոյություն չունի, որովհետեւ համակարգը արտաքին գնահատում է անցել՝ հատուկ միջամտությունների մասով, եւ կա եզրակացություն, որ այն արտաքին միջամտությունների առումով անխոցելի է, եւ հնարավոր չէ այնտեղ աշխատեցնել ռոբոտներ եւ նմանատիպ այլ բաներ»։
«Եթե ծնողը ցանկանում է կատարել հայտագրում, ապա առաջին հերթին հայտագրումն իրականացնելու համար պետք է ստեղծի իր անհատական հաշիվը, նույնականացվի, համակարգն ավտոմատ ճանաչի նրան: Հայտագրման օրը ծնողն արդեն որեւէ բան չի լրացնում, եթե նախկինում ծնողը հայտագրման օրը լրացնում էր իր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, հանրային ծառայության համարանիշը, ապա ներկայիս համակարգով այդ գործողությունները չի անում, այլ ընդամենը երեք պարզ գործողություն է իրականացնում։ «Սկսել հայտագրումը» կոճակը հայտնվում է իր երեխայի անվան ներքեւում, ընտրում է ուսուցման լեզուն` հայերեն կամ ռուսերեն, ընտրում է դպրոցը եւ սեղմում է «հայտագրել» կոճակը, ու վերջ։ Այս ամենը հնարավոր է անել 30 վայրկյանում։ Պետք չէ զարմանալ, որ լիցենզիայով սահմանված որոշակի դպրոցներում տեղերը սպառվել են, ինչու, որովհետեւ, օրինակ, եթե այդ դպրոցում լիցենզիայով սահմանված է 100 տեղ` պայմանական թիվ եմ ասում, բայց ցանկացողները, որ իրենց երեխան այդ դպրոցում սովորի, 400-ն են, բնականաբար, հասցնելու է 100-ը հայտագրվել, եւ 300 հոգին չեն հասցնելու հայտագրվել»։
Բայց ծնողները համատարած դժգոհում են, արդյո՞ք այդ դժգոհությունն անտեղի է․ եթե համակարգն անխափան աշխատում է, ինչո՞ւ են մարդիկ այդքան դժգոհում՝ նկատեցինք մենք։ «Խնդիրը պայմանավորված էր սովորույթի ուժով: Պարզաբանման մեջ նշված էր, որ ծնողը պետք է իր հաշվից մուտք գործեր` գրանցվելու համար, ծնողները նաեւ ունեցել են հնարավորություն՝ տեսնելու, թե որ դպրոցում քանի ազատ տեղ է մնացել: Մենք այդ հղումն ավելացրել էինք ծնողների խնդրանքով: Նախորդ տարիներին ծնողները սովոր էին, որ նախ դպրոցների ցանկն է բացվելու, եւ հետո դպրոցի ընտրությունից հետո նոր ծնողը սկսում է հայտագրումը, այս տարի հենց այդ մեխանիզմն է փոխվել»:
«Հրապարակը» նաեւ մեկնաբանություն խնդրեց Երեւանի թիվ 68 հիմնական դպրոցի տնօրեն Նելսիկ Մովսիսյանից: Նրան հարցրինք` ինչպես է լուծվել առաջին դասարանցիների առցանց հայտագրման խնդիրը, քանի աշակերտի ծնող է կանգնել նման խնդրի առաջ։ «Մենք մեկ-երկու ծնողի օգնել ենք, որոնք դժվարացել էին, սակայն հիմնականում կարողացել են գրանցվել: Ես պատրաստակամություն եմ հայտնել` դասվարների հետ միասին, որպեսզի դժվարացող ծնողներին օգնենք, այժմ խնդիր առկա չէ»:
Շուշան Սարիկյան