Նախնական կալանքը ՀՀ-ում հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք է․ Զարուհի Փոստանջյանի դիմումը դեսպաններին

Նախնական կալանքը ՀՀ-ում հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք է․ Զարուհի Փոստանջյանի դիմումը դեսպաններին

Fri, 03 Jul 2026 18:53:46 +0400


ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Դիմող՝ Փաստաբան Զարուհի Փոստանջյան
3 հուլիս, 2026 թվական

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

ՀՀ-ում նախնական կալանքի համակարգային խնդիրների, Գյումրիի ավագանու լուծարման, ընտրական գործընթացների շրջանակում կալանավորվածների և կալանավորված անձանց պահման անմարդկային պայմանների վերաբերյալ

Հարգելի դեսպաններ,

Սույնով որպես փաստաբան՝ ահազանգում եմ Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին։ Նախնական կալանքը ՀՀ-ում կիրառվում է ոչ թե որպես բացառիկ խափանման միջոց, այլ որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք։

2026 թվականի Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գտնվում են վիճարկման փուլում, սակայն գործող իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն հայտարարել է Գյումրու ավագանու նկատմամբ երկրորդ գրոհի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին անդրադարձել է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը՝ հայտարարելով. «Եթե անհրաժեշտ է, իհարկե, ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»: Չնայած այս հայտարարությանը, վարչապետը չի հստակեցրել, թե ինչ իրավական տարբերակներ են դիտարկվում անցած տարի` 2025 թվականին օրինական կարգով ընտրված և օրինական կարգով գործող ավագանու լուծարման համար, և թե ինչ ժամկետներ է ենթադրում «հնարավորինս արագ» ձևակերպումը։

Այս հայտարարությունից հետո Գյումրիում մեկնարկել է քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների նոր ալիք, որն ուղղված է ավագանու անդամներին և քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելուն։ Այս գործողությունները ուղղակիորեն կապված են ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իշխանական ձգտումների հետ։

Գյումրիի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծարմանն ուղղված իշխանական նկրտումները իրավական և քաղաքական լուրջ հակասություններ են պարունակում։

Ստորև ներկայացնում եմ իրավիճակի վերաբերյալ իրավական հիմքերի բացակայության և քաղաքական ճնշումների ու «կառավարվող» կալանավորումների փաստերը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավագանու լուծարումը կարող է տեղի ունենալ հստակ սահմանված հիմքերով, որոնցից հիմնականը նստաշրջանի ընթացքում երեք և ավելի նիստեր չգումարելն է։ Քանի որ Գյումրիի ավագանին, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, շարունակում է նիստեր գումարել, լուծարման համար օրինական հիմքեր չկան։ Իշխանությունների կողմից «հնարավորինս արագ» ընտրություններ անցկացնելու պահանջը իրավական տեսանկյունից անհիմն է, քանի որ գործող ավագանին իրականացնում է իր օրենսդրական լիազորությունները։

Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ կալանքները և տնային կալանքները Գյումրիի ավագանու խմբակցության անդամների նկատմամբ, ուղղված են քվորումի ապահովման մեխանիզմների խաթարմանը։
Իշխանությունների հայտարարությունները Գյումրիի ավագանին լուծարելու անհրաժեշտության մասին, որոնք արվում են առանց հստակ իրավական հիմնավորման, դիտարկվում են որպես քաղաքական վենդետա։ Քանի որ ավագանին ապահովում է քվորումը (անհրաժեշտ 18 մանդատը), ցանկացած փորձ՝ այն լուծարելու օրենքի շրջանակից դուրս, պետք է որակվել որպես տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում։

Այս ամենը, զուգորդված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և այլ անձանց նկատմամբ կալանքներով, կազմում է ճնշումների մի ամբողջ շղթա, որի նպատակն է ստեղծել իրավական վակում և արհեստականորեն հասնել արտահերթ ընտրությունների, որոնք ձեռնտու են իշխանությանը։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ հանրության շրջանում տարածված տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի ընտրական գործընթացների հետ կապված՝ Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկվել և կալանավորվել է շուրջ 300 անձ։ Այս անձանց գործերի ընթացքը մնում է անորոշ, տեղեկատվությունը՝ ոչ թափանցիկ, ինչը լրջորեն խաթարում է արդար դատաքննության իրավունքը և պաշտպանության արդյունավետ միջոցների առկայությունը։

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը չի համապատասխանում միջազգային նվազագույն ստանդարտներին։ Խցերը գերծանրաբեռնված են, օդափոխության և լուսավորության բացակայությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները անտանելի են դարձնում կալանավորված անձանց առօրյան։
Այս առումով հղում եմ կատարում Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) ստանդարտներին, որոնք բազմիցս արձանագրել են, որ Հայաստանի կալանավորման վայրերում անմարդկային և նվաստացուցիչ պայմանները, որոնք կապված են խցերի գերծանրաբեռնվածության և նյութական ցածր չափանիշների հետ, պահանջում են պետությունից հրատապ օրենսդրական և վարչական լուծումներ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ.
1. Մոնիտորինգի ենթարկել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց պահման պայմանները և կալանքի կիրառման իրավաչափությունը։
2. Պահանջել ՀՀ իշխանություններից տրամադրել հրապարակային և թափանցիկ վիճակագրություն ընտրական գործընթացների հետ կապված կալանավորված շուրջ 300 անձանց գործերի ընթացքի, ինչպես նաև Գյումրու ավագանու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ։
3. Ձեր լիազորությունների շրջանակներում բարձրացնել այս հարցը ՀՀ կառավարության հետ երկխոսության ընթացքում՝ պահանջելով համապատասխանեցնել կալանքի պայմանները CPT ստանդարտներին համապատասխան։
4. Աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ ուղղված կալանքի կիրառման դատական վերահսկողության խստացմանը։

Հարգանքով՝
Փաստաբան Զարուհի Փոստանջյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին Sat, 04 Jul 2026 01:20:18 +0400 Բագրատ սրբազանը…

1 ժամ ago

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը Sat, 04 Jul 2026 00:30:32 +0400 Universal Pictures կինոընկերությունը…

2 ժամ ago

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն Sat, 04 Jul 2026 00:15:29 +0400 Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի…

2 ժամ ago

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ Fri, 03 Jul 2026 23:55:51 +0400 Արհեստական…

2 ժամ ago

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը Fri, 03 Jul 2026 23:45:13 +0400 Անգլիայի հավաքականի…

3 ժամ ago

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը Fri, 03 Jul 2026 23:30:17 +0400 Գերմանական Խեմերե քաղաքում գողացել…

3 ժամ ago