Փող է ուզում, շատ փող
Sat, 04 Jul 2026 18:15:45 +0400
Նիկոլ Փաշինյանը ընտրությունների վրա հսկայական փող է ծախսել, ոչ միայն պետական, ամենայն հավանականությամբ՝ նաեւ սեփական միջոցներից: Խոսքը տասնյակ միլիոնների մասին է: Հիմա, երբ արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին, որպես հաղթող, մտածում է ծախսած փողը հետ բերելու մասին: Իսկ որտեղի՞ց պետք է հետ բերի ծախսած փողը, ո՞ւմ հաշվին, իհարկե՝ պարտվողների, պարտվողներն են վճարում հաղթողների համար:
Միայն հունիսի 2-ին, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց միմյանց հետ օրգանապես շաղկապված մի քանի իրադարձություն տեղի ունեցավ: Հակակոռուպցիոն կոչվող դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու եւ եղբորորդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, իսկ նրանց մուծած 200 միլիոն դրամ գրավը ճանաչվեց պետական եկամուտ, դատարանները կալանավորեցին գնդապետ Էդիկ Մալոյանին եւ Ռոման Ջավադյանին՝ իբրեւ թե պետական գաղտնիք հրապարակելու համար:
Թե ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը, այնքան էլ պարզ չէ, որովհետեւ, եթե այն հրապարակվել է, այլեւս գաղտնիք չէ, եւ քննչական կոչվող կոմիտեն կարող էր հայտնել, թե հատկապես որ գաղտնիքի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, այդ գաղտնիք կոչվածը կապ ունի ընտրությունների հետ` իշխանության կազմակերպած ընտրակեղծարարության: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. «Ով ինչ ուզում է ասի, Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա»: Թե որ ժողովրդի մասին է խոսքը` իրենց տան ժողովրդի, ՔՊ վարչությունում հավաքվող ժողովրդի, թե իր կողմից պարտադրանքով եւ սպառնալիքով հրապարակներ բերված ժողովրդի, Փաշինյանը չի հստակեցրել: Պատկերն ամբողջական դարձնելու համար ավելացնենք, որ ԿԸՀ-ն անձեռնմխելիությունից արդեն իսկ զրկել է Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին, ինչն ակնարկ է, որ նրանց ցանկացած պահի կարող են կալանավորել, բայց դեռ չեն կալանավորել, իսկ Սամվել Կարապետյանն էլ արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է կալանքի տակ:
Այս ամենը ոչ մի կապ չունի արդարության կամ արդարադատության հետ, ուղղակի Փաշինյանը գիտի, թե ինչպես կապիտալիզացնել, կանխիկ փողի վերածել այս կալանքներն ու կալանքի, նստելու եւ նստեցնելու սպառնալիքները: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հարյուրավոր կողմնակիցներ գտնվում են կալանքի տակ, Էդիկ Մալոյանը եւս նրա կողմնակիցն էր, այդ մարդկանց բանտային ծախսերը, ենթադրաբար, հոգում է Կարապետյանը: Որպես պարկեշտ մարդ՝ Կարապետյանը չի կարող այդ մարդկանց բանտային ծախսերի հոգսը թողնել միայն նրանց ընտանիքների վրա, եթե ընտանիքները նյութապես անապահով են, շատ դեպքերում օգնություն է տրամադրվում նաեւ ընտանիքներին: Ես տեղեկություն չունեմ, բայց սովորաբար մարդիկ հենց այդպես են վարվում․ երբ իրենց կոչով մարդիկ փողոց են դուրս գալիս եւ հայտնվում են իշխանության մամլիչի տակ, կոչ անողներն իրենց բարոյական պարտավորությունն են համարում օգնել նեղության մեջ հայտնվածներին։ Այդպես է եղել միշտ, եւ չեմ կարծում, որ հիմա իրավիճակը փոխվել է: Անգամ ընտրություններից հետո Փաշինյանը չի հանդարտվում եւ նոր մարդկանց է կալանավորում, դրանով նա Կարապետյանին ուզում է ասել, որ նրա ծախսային բեռը չի թեթեւանալու, միայն աճելու է: Հասկացնում է՝ ավելի լավ է մի անգամ ինձ մուծվես մի կլորիկ գումար, քան ամիսներ, գուցե տարիներ շարունակ վճարես հարյուրավոր մարդկանց բանտային ծախսերը, ինչն անհեռանկար գործ է:
Նույնն ասում է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Խաչատրյանին եւ նրանց ընտանիքների անդամներին` ուզո՞ւմ եք վայելել ազատությունը, պետք է ինձ վճարեք: Հնարավոր է, որ դուք հանցանք չեք գործել, հնարավոր է, որ դատախազությունը կամ դատարանները չեն կարողանում ապացուցել ձեր գործած հանցանքները, բայց դուք պետք է նստեք, որովհետեւ ինձ այդպես ասել է ժողովուրդը: Ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ իմ ենթակա քննիչներին ու դատավորներին, եւ նրանք հնազանդորեն կատարում են իմ հրահանգները: Արդարադատության վրա հույս չդնեք, ժողովուրդն է ասել, որ պետք է նստեք, իսկ ժողովրդից ձեզ կարող եմ ազատել միայն ես:
Նիկոլ Փաշինյանի համար սա նոր մեխանիզմ չէ, նստեցնելու, բանտերում պահելու սպառնալիքներով` նա միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ է հավաքել, այդ թվում եւ վերոնշյալ մարդկանցից կամ առնվազն նրանց մի մասից: Հիմա ուղղակի նույն մեխանիզմը կիրառվում է հերթական անգամ. ազատությունը եւ ունեցվածքը պահելու համար պետք է վճարեք, շարունակաբար վճարեք` ես հաղթել եմ, դուք պարտվել եք, դուք պետք է վճարեք իմ կատարած ծախսերի դիմաց: Առաջիկայում մենք կտեսնենք այլ կալանավորումներ եւ կալանքի սպառնալիքներ եւս, որովհետեւ Փաշինյանը կուզենա ոչ միայն հետ բերել ծախսած փողը, այլ մի բան էլ օգուտով դուրս գալ: Փողը նրա կյանքի միակ սերն է, ապրելու եւ ստեղծագործելու գուցե միակ մոտիվացիան: