Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

Mon, 06 Jul 2026 21:06:24 +0400


Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները։
Ներքոստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և վերահաստատում, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։ Դա մարտահրավեր է ողջ հասարակությանը:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև բոլոր քաղբանտարկյալներին և այն քաղաքացիներին, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են հետապնդումների կամ ճնշումների, և վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ համատեղ պաշտպանելու նրանց իրավունքները, ժողովրդավարական արժեքներն ու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է։
Իշխանությունների սանձազերծած հետապնդումները որևէ աղերս չունեն արդարադատության իրականացման և հանցավորության դեմ պայքարի հետ։
Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթները։ Նա հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցրել է նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ՝ սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։
Ակնհայտ է, որ այս գործողությունները նպատակ ունեն՝ հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում։
Նման գործելաոճը ծանր հարված է հասցնում ոչ միայն երկրի քաղաքական համակարգին, այլև տնտեսությանը։ Սեփականության իրավունքի ոտնահարումը, խոշոր ձեռնարկատերերի տնտեսական գործունեության նկատմամբ ճնշումները և իրավապահ մարմինների օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք անխուսափելիորեն կհանգեցնեն գործազրկության աճի, ներդրումային միջավայրի հետագա վատթարացման և տնտեսական անկայունության խորացման։
Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։
Մենք կոչ ենք անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ։
Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական բռնաճնշումներ, այլ իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, քաղաքական բազմակարծություն և ազգային համախմբում։ Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից իրականացվող այս աննախադեպ ռեպրեսիվ արշավը չի կարող կոտրել կամ կանգնեցնել ընդդիմության և Հայաստանի հասարակության արդարության, ազատության, ժողովրդավարության և պետականության պահպանման համար մղվող պայքարը։ Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան։
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
«Մայր Հայաստան» կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

26 րոպե ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

42 րոպե ago

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի Thu, 10 Sep…

57 րոպե ago

«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը

«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը Thu, 10 Sep 2026 23:08:49…

1 ժամ ago

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Գագիկ Խաչատրյան

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Գագիկ Խաչատրյան Thu, 10 Sep 2026 23:02:57…

1 ժամ ago

Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Thu, 10 Sep 2026…

1 ժամ ago