Այսքան անպատկառ ու բացեիբաց հաշվեհարդա՞ր… պատմությունը կրկնվում է եւ ձեռագիրն էլ նույնն է
Mon, 06 Jul 2026 23:41:00 +0400
Մոռանանք, որ 18-ին Փաշինյանն իշխանության է եկել նաև Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, (նա մարդկային երախտագիտության ու կապվածության որակներից իսպառ ազատագրվել է), բայց այսքան անպատկառ ու բացեիբաց հաշվեհարդա՞ր…Հասկանալի է, որ իր աթոռին ուղղված անգամ հեռավոր հավակնություն նրա մոտ անզուսպ ցասում է առաջացնում և քաղաքական այն ուժերը, որոնք առաջադրվել են, նրա թիրախում պետք է հայտնվեին (տեսակն է այդպիսին):
Սակայն արդար լինենք` Ծառուկյանի հանդեպ իշխանության ձեռնարկած հարձակումն առաջինը չէ: Շատերը հիշում են 2015 թվականի դեպքերը` երբ Ծառուկյանը հակադրվեց Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը (երևի սիրտը զգացել էր, որ այն մեզ աղետի է հասցնելու) և փետրվարի 12-ին վերջինս իր հայտնի ելույթով ՀՀԿ խորհրդի նիստում Ծառուկյանին անվանեց «չարիք», «դոդ», հայտարարեց, որ նրան պետք է վռնդել քաղաքականությունից: Նույն օրը սպեցնազը շրջափակեց Ծառուկյանի տունը, իսկ ՀՀԿ վերնախավն` իրար հերթ չտալով սկսեցին վիրավորել Ծառուկյանին (անգամ խնամին ձեռնպահ չմնաց), ստուգումներ սկսվեցին նրա ընկերություններում և տեռոր… Ծառուկյանը հրաժարվեց մանդատից, մեկ տարի հեռացավ քաղաքականությունից…
Այնպես որ պատմությունը կրկնվում է եւ ձեռագիրն էլ նույնն է, ուղղակի այն ժամանակ իշխանությունն ավելի «հումանիստական» էր` այլընտրանք էր առաջարկում իր զոհին` դիմադրել ու գնալ բա՞նտ, թե՞ դուրս գալ քաղաքականությունից եւ շարունակել բիզնեսով զբաղվել:
Փաշինյանն այլընտրանք չի առաջարկում եւ քաղաքական հետապնդումներն իրականացնում է բացահայտորեն` իրավապահ համակարգը որպես բութ գործիք կիրառելով, Սահմանադրությունն ու օրենքները անաստված տրորելով ու Ծառուկյանի բիզնես կայսրությունը փլուզելով:
Բայց մի մարդ, որն ամբողջ օրը համակարգչի առաջ քարոզում է` հարկերը վճարել եւ անգամ 100 դրամանոց ապրանքի ՀԴՄ կտրոնը պահանջել, որ տնտեսվարողները հարկ չթաքցնեն, բյուջեն լցվի, հրահանգում է ոչնչացնել ամենախոշոր հարկատուներից մեկին եւ բյուջեն զրկում է միլիարդների մուտքերից:
Միայն «Արարատցեմենտ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետությանը վճարել է 6 մլրդ 261 մլն դրամի հարկ ու տուրք, «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ: «Երևանի կոնյակի գործարան» -ը 2025-ին 5 մլրդ 323 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել պետությանը: Գումարեք այս թվերը եւ կտեսնեք, թե ինչ են «նստում» մեր պետության վրա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն ու վրեժխնդրությունը, որի հետևանքով մոտ 8 հազար մարդ էլ զրկվում է աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Այսպիսի անթաքույց հակապետական գործունեություն` պետության առաջին դեմքի կողմից, երեւի մարդկության պատմությունը չի տեսել:
Իսկ Ծառուկյանի մեղքը ոչ թե բուն առաջադրվելն է, այլ նրա արտահայտությունը. «Եթե ապացուցվի շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե՝ ոչ` ասողը թող գա, իմ որձ առյուծների վանդակը մտնի»։
Բա մարդուն պետական դավաճան ու լրտես անվանես` զրո ապացույց ունենալով, հետո էլ կատաղես, թե ինչու է քեզ պատասխանու՞մ… Եվ այնքան կատաղես, որ առյուծներին էլ առգրավես…
ՀԳ Հիշեցնեմ, որ կալանավորված են նաև Ավետիք Չալաբյանը, գնդապետ Էդիկ Մալոյանը, Անդրանիկ Թևանյանը, Դավիթ Ղազինյանը, Արմեն Աշոտյանը, Ալիկ Ալեքսանյանը, Արման Սահակյանը, տնային կալանք են կրում Խաչիկ Գալստյանը, Բագրատ սրբազանը, Կանդազը և շատ ուրիշներ…