«Հրապարակ». Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են
Thu, 09 Jul 2026 11:15:53 +0400
Վերջերս Բրյուսովի անվան համալսարանը հայտնվել է իրավապահների թիրախում: Մայիսին ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը եւ մի քանի դասախոս ձերբակալվեցին` կաշառքի մեղադրանքով: Իսկ օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձին` ամբիոնի վարիչին, ծառայողական լիազորություններն օգտագործելով հովանավորչություն կատարելու համար, որի դիմաց ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը եւ դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումար:
Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը եւ 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։ Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդի, ամբիոնի եւ վարիչի անունը չեն նշում:
Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այս բոլոր խախտումներն ու ենթադրյալ հանցանքները տեղի են ունենում ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի «քթի տակ», եւ, փաստորեն, բուհում անտերություն է տիրում, ամբիոնի վարիչներն ուսանողներից եւ անգամ դասախոսներից կաշառք են վերցնում, ինչ-որ խարդախություններ անում, դրա դիմաց ոսկե զարդեր նվեր ստանում, իսկ բուհի ռեկտորը պատասխան չի տալիս: Եթե անգամ նա այս դեպքերին մասնակից չէ, ապա պաշտոնեական անփութություն կամ հանցավոր անգործություն է դրսեւորել, եւ դա նշանակում է, որ առնվազն իր տեղում չէ, չգիտի, թե որոնք են ռեկտորի գործառույթները, չի վերահսկում իրավիճակը բուհում: Իսկ ինչպիսի դժվարությամբ, խախտումների, դասախոսների եւ ուսանողների դիմադրությունը կոտրելու ճանապարհով Դավիթ Գյուրջինյանին ժամանակին ռեկտոր կարգեցին Բրյուսովում:
Եթե ռեկտորը յուրային չլիներ, ընդդիմադիր հայացքներ ունենար, նա կա՛մ կալանավայրում կլիներ, կա՛մ, լավագույն դեպքում` նրա նկատմամբ էլ քրեական վարույթ նախաձեռնված կլիներ, սակայն Դավիթ Գյուրջինյանին Նիկոլ Փաշինյանի իրավապահները հարցեր չունեն:
Մենք կապ հաստատեցինք Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի` Դավիթ Գյուրջինյանի հետ եւ հետաքրքրվեցինք` տեղյակ չի՞ եղել, թե իր ղեկավարած բուհում աշխատակիցներն ինչով են զբաղվում: Նա, անդրադառնալով թեմային, ասաց. «Ինձ հարցնել` տեղյակ եղել եմ, թե՝ ոչ, այդ հարցն առնվազն կոռեկտ չէ: Բնականաբար, ես չէի կարող իմանալ, թե ինչ է եղել: Տեղեկացել եմ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից եւ, բնականաբար, տեղյակ չեմ եղել, թե աշխատակիցներն ինչպիսի միջանձնային հարաբերություններ ունեն: Ինչպես Դուք, այնպես էլ` ես»: Բայց Դուք բուհի ռեկտորն եք։ «Այո, բուհի ղեկավարն եմ, բայց բուհի ղեկավարն ի՞նչ գիտի: Ես տեսե՞լ եմ այդ զարդը, ասում են` մեկ գրամ է, հավատա՞մ, չեմ հավատում: Սպասում ենք իրավապահների գնահատականներին եւ հարցի լուծմանը»,- ասաց մեր զրուցակիցը: Բայց, օրինակ, Արմեն Աշոտյանին կալանքի տակ են պահում, որովհետեւ նրա՝ կրթության նախարար եղած ժամանակ Բրյուսովից ինչ-որ տարածքներ են սեփականաշնորհվել, կամ` երբ եղել է Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, բուհն ինչ-որ գնում է կատարել, որի մեջ իրավապահները խնդիրներ են տեսել: Նախկին նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը մեղավոր են, գործող ռեկտորը մեղավոր չէ՞․ երբ Ձեր ղեկավարության շրջանում է բուհում նման կաշառակերություն տիրում, դրանում Ձեր մեղքը չկա՞։ «Բրյուսովում այդքան ամբիոններ կան, ես ի՞նչ պետք է անեի՝ ութ ժամ նստեի, տեսնեի՝ ով ինչ է անում: Ինչ վերաբերում է այդ նախկին դեպքերին, ապա այդքան տարի է անցել, թող բռնեին եւ հարցին լուծում տային, դրանից հետո երեք-չորս ռեկտոր է այստեղ փոխվել, նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են»: