Մակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներ
Fri, 10 Jul 2026 14:30:02 +0400
Սիրիայի ներքին անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ իրականացրած զինյալներին։
Այս մասին Al Ikhbariya հեռուստաընկերությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության նահանգային վարչության ղեկավար, գեներալ Ահմեդ ադ-Դալլատին։
«Դամասկոսի կենտրոնում հուլիսի 7-ին տեղի ունեցած պայթյուններին մասնակցած խմբի անդամների նկատմամբ նախնական հետաքննությունը բացահայտել է նրանց կապերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ», – հայտարարել է գեներալը։
Նրա խոսքով, անվտանգության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել քաղաքի և նրա շրջակայքի մի քանի շրջաններում՝ զինյալներից մեկի նկատմամբ հսկողություն սահմանելուց հետո։ Արդյունքում, պայթյուններն իրականացրած բջջի բոլոր անդամները ձերբակալվել են։ Նրանց թվի մասին մանրամասներ չեն հրապարակվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը, այդ թվում՝ չորս ոստիկան։ Վիրավորների թվում է նաև Սիրիայի զբոսաշրջության փոխնախարար Ֆարաջ ալ-Քաշքուշին։ Նա վիրավորվել է ոտքից և հոսպիտալացվել։ Ռումբերը պայթել են Զբոսաշրջության նախարարության շենքի մոտ, երբ Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են վնասազերծել դրանք։ Մեկը տեղադրվել է աղբամանի մեջ, մյուսը՝ կայանված մեքենայում։
Պայթյունները տեղի են ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ Մակրոնը մնում էր Սիրիա կատարած այցի ժամանակ։ Սակայն, ըստ Al Hadath հեռուստաալիքի, Ֆրանսիայի առաջնորդի ավտոշարասյունը լքել էր նստավայրը պայթյունից 15 րոպե առաջ։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրա ուղեկցորդները չեն տուժել։