Թարս գլավլիտ

Թարս գլավլիտ

Fri, 10 Jul 2026 18:15:44 +0400


Главлит – Главное управление по делам литературы и издательств (Գրականության եւ հրատարակչության գլխավոր վարչություն): Մեր սերունդը լավ է հիշում այս օղակը, որ կանգնած էր խմբագրությունների, հրատարակչությունների եւ տպարանների արանքում: Մինչեւ տպարան գնալը բոլոր գրքերն ու թերթերը նախ կարդում էին գլավլիտի աշխատողները, մի հատ շտամպ էին դնում «օտիսկի» վրա, եւ նոր միայն միանում էր տպագրական մեքենան: Մենք գլավլիտը համարում էինք փաստացի գրաքննություն, բայց այնպես էլ չէր, որ այդ օղակը մեզ չէր փրկում դատվելուց: Լրագրողներս, օրինակ, կարող էինք մեզնից անկախ պետական գաղտնիք հրապարակել, Բրեժնեւի կոչումները կիսատ գրել, որեւէ զորամասի անունն ու տեղակայման վայրը բացահայտ ներկայացնել, տարեթվերի սխալ թույլ տալ… Եվ այդ «դժվար պահին» մեզ օգնության էր հասնում գլավլիտի ամենատես աչքն ու մեր խմբագիրներին ազատում ավելորդ քաշքշուկներից:

Երեկ լսեցի, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ խումբը, հասկանում ես, կարդալու է բոլոր զանգվածային լրատվամիջոցների նյութերն ու որոշի՝ չկա՞, արդյոք, դրանց մեջ որեւէ կրիմինալ, որ ԱԱԾ-ին ուղարկեն խմբագրություններ՝ խմբագիրներին եւ նյութերի հեղինակներին գետնին պառկեցնելու: Կարելի է ասել, որ Հայաստանի նոր անկախության արշալույսին վերացած գլավլիտը կրկին սկսում է գործել, բայց ոչ թե խմբագրությունների եւ տպարանի արանքում, այլ այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցած է լինում՝ թերթը տպագրված, նյութը հրապարակված, լմնցած… ԱԱԾ-ն թերթը թափահարելով մտնելու է խմբագրություն՝ էս ի՜նչ եք գրել, էս ի՜նչ խոսույթ եք դրել շրջանառության մեջ, դուք ամոթ-աբուռ չունե՞ք, բա վարչապետ մարդու մասին այսպիսի բաներ կհրապարակե՞ն… Ո՞վ է այս նյութի աղբյուրը, բացահայտեք, թե չէ՝ ձեզ ենք տանում քաղմաս… Ու մինչեւ էս ենիչերներին բացատրես, որ իրավունք ունես նյութի աղբյուրը չբացահայտել, մինչեւ հասկացնես, որ նյութն իրականում այլ բանի մասին է, խմբագրին ու հեղինակին կպառկեցնեն գետնին, ձեռնաշղթաներ կանցկացնեն եւ «օֆիցերի» ուղեկցությամբ քարշ կտան բաժին:

Մի խոսքով՝ Նիկոլը թարս գլավլիտ է բացում, որը կարելի է բնութագրել որպես գրաքննություն՝ գրատպությունից հետո: Աշխատանքային խումբը, որ ուսումնասիրելու է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, բավականին պատկառելի տեսք ունի: Բացի մեկ-երկուսից, մնացածը վարչապետի աշխատակազմից են՝ լրագրային աշխարհին անծանոթ երեւույթներ: Սրանց շեֆն Արայիկ Հարությունյանն է լինելու, կարծես, քանզի աշխատանքային խմբի ղեկավարը հենց նրա տեղակալն է՝ Արմենակ Խաչատրյանը:
Ասել, որ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների համար դժվարին ժամանակներ են սկսվում, նշանակում է ոչինչ չասել: Մեզ համար դժվարին ժամանակները սկսվել են 2018 թվականի մայիսից, երբ Փաշինյանն իր թափառախմբով եկավ իշխանության՝ իր քաջագործությունների շարքում ունենալով ռադիոտան դուռը կոտրելով ներս մտնելու տխուր փաստը: Գրեցինք, թքեցինք, մրեցինք, բայց նրան ոչ ոք չպատժեց դրա համար: Խնդրեմ, այդ օրվանից 8,5 տարի անց նա ստեղծում է աշխատանքային խումբը, որը կարող է ուզածդ խմբագրության դուռը ջարդել եւ որեւէ պատրվակով ներխուժել:

Կարող եք ասել, որ գույները խտացնում եմ, այդպիսի բան լինել չի կարող, Նիկոլն ինքը լրագրող ու խմբագիր է եղել, ֆլան, ֆստան… Հայտնի խոսք կա՝ մի վախեցիր տանկից, այլ վախեցիր խմած տրակտորիստից: Մենք իրականում ոչ թե պետական մեքենայի հետ գործ ունենք, այլ մի խմած տրակտորիստի, որի թանին եթե ասես՝ թթու է, կարող է այդ մեքենան քշել քեզ վրա: Հուսալ, որ տուգանք վճարելով կազատվես, մեղմ ասած, միամտություն կլինի: Կփակեն խմբագրությունը, գույքը կջարդեն, դատի կտան, կալանքի կտանեն… Կենդանիներ ունե՞ք… Կենդանիներին էլ կտանեն… Ֆոտոթղթակիցներին, օպերատորներին, մոնտաժնիկներին, հավաքարարին, բոլորին: Որ ասեն՝ պետական գաղտնիք եք հրապարակել՝ ի՞նչ եք պատասխանելու: Դա էլ հո վիրավորանքի կամ զրպարտության հարց չէ՞, որ կարողանաք պլստալ:

Ի՞նչ անել: Ես առաջարկում եմ միառժամանակ փակել բոլոր խմբագրությունների դռներն ու գնալ տուն, քանի դեռ իրենք չեն փակել: Կմնա մի «Հայկական ժամանակ»՝ թող մնա: Իբր ով է կարդում Նիկոլի ընտանեկան այդ թերթը, որ մի հատ էլ մտածենք՝ հանկարծ մի վատ բան չպատահի: Նախ՝ ամառվա սեզոն է, մի քիչ կհանգստանանք, եւ ապա՝ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին նորաստեղծ աշխատանքային խումբը, Նիկոլի հետ միասին, դադարեցնի իր գործունեությունը: Դրանից հետո մինչեւ նոր վարչապետ, նոր բան, մենք կրկին կհասցնենք հունի մեջ ընկնել ու մեր հիմնական գործով զբաղվել, այն է՝ հանրությանը բացատրել, թե ինչպիսին չի կարող լինել ՀՀ վարչապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը զգուշացրել է Իսրայելին․ ինտրիգը մեծ է

Իրանը զգուշացրել է Իսրայելին․ ինտրիգը մեծ է Fri, 10 Jul 2026 19:30:18 +0400 Իրանը զգուշացրել…

17 րոպե ago

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են Fri, 10 Jul 2026 19:20:27 +0400 Տիգրան…

27 րոպե ago

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրումում գործ են անում

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրումում գործ են անում Fri, 10 Jul 2026 19:15:27 +0400 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գոտու…

32 րոպե ago

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել Fri, 10 Jul 2026 19:00:33 +0400 Իսպանիայի Ալմերիա…

47 րոպե ago

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Fri, 10…

47 րոպե ago

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Fri, 10 Jul 2026 18:49:45 +0400 ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանն…

58 րոպե ago