«Հրապարակ»․ Բաց նամակներով դիմել եմ 3 կառույցի
Sat, 11 Jul 2026 13:15:27 +0400
Իմ զրուցակիցն է երիտասարդ գրող, հրապարակախոս, «Լեռնապատ» հայրենակցական միության նախագահ Աշոտ Դալլաքյանը։
Մեր զրույցի թեման սոցիալական հարթակներն են, որոնք մարդկանց մտածողության, վարքագծի ու խոսքի մշակույթի վրա ազդելու հզոր միջոց են դարձել։ Ցավոք, այդ հարթակներում հաճախ գերիշխում են հայհոյանքը, ատելության խոսքը, նվաստացումն ու բռնության կոչերը։ Գրական հայերենը, քաղաքակիրթ բանավեճն ու դիմացինի նկատմամբ հարգանքը հետին պլան են մղվել, գռեհիկ խոսքն ու աղմուկը՝ զբաղեցրել դրանց տեղը։
– Ասում են՝ մարդու խոսքն իր հայելին է։ Եթե այդպես է, ապա մեր սոցիալական հարթակներն այսօր ի՞նչ են պատմում մեր հասարակության մասին։
– Այնքան էլ հաճելի պատկեր չեն ներկայացնում։ Իհարկե, համացանցում շատ լուսավոր, կրթական ու հետաքրքիր էջեր կան, բայց դրանց կողքին օրեցօր շատանում է կոպտությունը։ Մարդիկ երբեմն մրցում են ոչ թե խելքով կամ գաղափարով, այլ՝ նրանով, թե ով ավելի ծանր բառ կասի կամ ավելի շատ մարդու կվիրավորի։ Ամենացավալին՝ դա սկսում է ընկալվել որպես բնական երեւույթ։ Մինչդեռ՝ թվային աշխարհում էլ մարդ պետք է մարդ մնա։
– Լավ խոսք կա. «Բառը նետ է. արձակելուց հետո ետ չես բերի»։ Այսօր այդ պարզ ճշմարտությունը մոռացվել է։
– Շատերի համար, ցավոք, այո։ Սոցցանցը մարդկանց մոտ երբեմն ստեղծում է անպատժելիության պատրանք։ Էկրանի հետեւում ավելի հեշտ է վիրավորել, պիտակավորել, ծաղրել։ Բայց վիրավորական խոսքը չի մնում միայն էկրանի վրա։ Այն հասնում է իրական մարդկանց, իրական ընտանիքների, իրական երեխաների։ Բառը կարող է բուժել, կարող է նաեւ երկար տարիների վերք թողնել։ Պատճառները շատ են։ Մի կողմից՝ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ճանաչում ձեռք բերել։ Երբ տեսնում են, որ սկանդալը հազարավոր դիտումներ է հավաքում, իսկ խաղաղ, խելացի խոսքը՝ ոչ, շատերը գնում են ամենահեշտ ճանապարհով։ Տարիներ շարունակ թուլացել է խոսքի մշակույթի նկատմամբ պահանջը։ Եթե ընտանիքում, դպրոցում, հասարակական կյանքում քիչ ենք խոսում փոխադարձ հարգանքի մասին, դա վաղ թե ուշ երեւում է նաեւ թվային միջավայրում։
– Ատելությունն ատելությամբ չի հաղթահարվում։ Այսօր հակառակն ենք տեսնում՝ վիրավորանքին պատասխանում են վիրավորանքով։ Որտե՞ղ կկտրվի այդ շղթան։
– Այնտեղ, որտեղ մեկը կասի՝ «բավական է»։ Հասարակությունը միայն օրենքներով չի փոխվում, այլ նաեւ՝ մարդկանց վարքով։ Եթե մենք շարունակ կերակրենք այդ մթնոլորտը, այն ավելի կուժեղանա։ Բայց եթե սկսենք արժեւորել կրթված խոսքը, հարգանքը, փաստարկված բանավեճը, իրավիճակն էլ կփոխվի։ Դա երկար ճանապարհ է, բայց ուրիշ ճանապարհ պարզապես չկա։
– Շատերը կասեն․ «Սա ընդամենը ժամանց է՝ մարդիկ վիճում են ուղիղ եթերում, ինչո՞ւ եք համազգային խնդիր սարքում»։
– Եթե այդ ամենը տեսնեին միայն մեծահասակները, գուցե կարելի լիներ այդպես մտածել։ Բայց այդ «ժամանցի» դիտողները հաճախ դեռահասներն են։ Նրանք սովորում են ոչ միայն դասագրքից, այլեւ այն ամենից, ինչ տեսնում են հեռախոսի էկրանին։ Երեխան տեսնում է, որ հայհոյանքով կարելի է հայտնի դառնալ, ակամա սկսում է դա ընկալել որպես ընդունելի վարք։ Ահա՝ այստեղ է վտանգը։ Ես ազատ խոսքի կողմնակից եմ։ Բայց ազատությունը պատասխանատվությունից անջատել չի կարելի։ Ոչ մի ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատությունը չի նշանակում ուրիշին նվաստացնելու կամ ատելություն տարածելու իրավունք։ Իրավունքը միշտ էլ իր հետ բերում է պարտականություն։
– Ասում են՝ «Լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է կոտրում»։ Իսկ ի՞նչ կարելի է անել։ Միայն պատժամիջոցնե՞րն են լուծումը։
– Ոչ։ Պատիժը վերջին միջոցն է։ Առաջին հերթին կրթություն է պետք։ Պետք է ավելի շատ խոսել մեդիագրագիտության, թվային էթիկայի, խոսքի մշակույթի մասին։ Ծնողը, ուսուցիչը, լրագրողը, արվեստագետը, պետական կառույցները՝ բոլորն այստեղ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն։ Եթե ուզում ենք առողջ հասարակություն ունենալ, պետք է առողջացնենք նաեւ մեր հանրային խոսքը։ Երբեմն մեկ նախադասությունը կարող է մարդու կյանք փոխել՝ դեպի լավը կամ դեպի վատը։ Այդ պատճառով ասում եմ՝ խոսքը նույնպես պատասխանատվություն է։ Թվային աշխարհը վիրտուալ է, բայց այնտեղ հնչող բառերի հետեւանքները՝ իրական։
– Հանրային խոսքի որակը միայն մշակութային խնդիր չէ, այլեւ ազգային անվտանգության բաղադրիչ։ Հատկապես մեծ է TikTok-ի ազդեցությունը։
– Հանրային խոսքի որակն անմիջականորեն կապված է հասարակության ներքին առողջության հետ։ Եթե թվային հարթակներում գերակշռում են հայհոյանքը, ատելության խոսքն ու բռնության քարոզը, դա վաղ թե ուշ ազդում է հասարակական համերաշխության վրա։ Այդ պատճառով բազմաթիվ երկրներ սոցիալական հարթակներին վերաբերվում են ոչ միայն որպես ժամանցի, այլեւ որպես հանրային անվտանգության կարեւոր բաղադրիչի։ Օրինակ՝ Իրանում TikTok-ի հասանելիությունը սահմանափակվել է՝ ազգային անվտանգության եւ տեղեկատվական միջավայրի վերահսկողության նկատառումներով։ Անկախ այդ երկրի քաղաքական համակարգի վերաբերյալ տարբեր գնահատականներից՝ այս օրինակը ցույց է տալիս, որ սոցհարթակների ազդեցությունն այսօր շատ պետություններ դիտարկում են նաեւ անվտանգության տեսանկյունից։ Բայց միայն դժգոհելով ոչինչ չի փոխվի, եթե խնդիրը կարեւոր ես համարում, պետք է նաեւ գործես։ Այդ պատճառով բաց նամակներով դիմել եմ 3 պետական կառույցի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, մարդու իրավունքների պաշտպանին եւ ներքին գործերի նախարարին։ Ուզում եմ, որ այս հարցը դառնա պետական ու մասնագիտական քննարկման թեմա։ Որովհետեւ խոսքը միայն սոցցանցերի մասին չէ։ Խոսքը վաղվա Հայաստանի մասին է։ Համոզված եմ՝ թվային աշխարհը կարող է լինել գիտելիքի, մշակույթի եւ ստեղծարար մտքի տարածք, բայց դրա համար բոլորս՝ պետությունը, հասարակությունը, ընտանիքը եւ յուրաքանչյուր օգտատեր, պետք է հասկանանք մի ճշմարտություն. ազատ խոսքը ժողովրդավարության հենասյուներից է, բայց այն չի կարող վերածվել անպատասխանատվության ապաստանի։