Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ…
Sun, 12 Jul 2026 00:29:40 +0400
Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է կարողանա ընդունել իր ձախողումներն ու պարտությունը։ Եթե չընդունես, այլ փորձես մարդկանց շարունակ ներշնչել- համոզել, որ դու ամեն ինչ ճիշտ ես արել, որ պարտությունը հաղթանակ է, երկիրը թշնամուն հանձնելը` մեծ հաջողություն, սեփական պատմությունն ուրանալը` խիզախության դրսևորում, արդյունքում կստացվի այն, ինչ այսօր ունենք Հայաստանում…
Քաոս, խառնաշփոթ, գլխիվայր շրջված իրականություն…աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ… շփոթահար հասարակություն, որը չգիտի ինչն է լավ, ինչը` վատ, ինչին հավատալ, ինչից վախենալ, ում սիրել, ում ատել…
2018-ին պաշտոնավարումը ստանձնելու պահից սկսած Նիկոլ Փաշինյանը սկսեց սխալներ անել: Սկզբում դրանք մեծ չէին, համակարգային չէին, բոլորին նկատելի չէին: Բայց գնալով մեծացան, ահագնացան, իսկական արհավիրքի ու մի մեծ հրեշավոր ծրագրի վերածվեցին…
Երբ եկավ մեծ «պարտության» ու գլոբալ ձախողումների ժամանակը, նա փոխանակ խոստովանելու, որ լիովին ձախողվել է, և արդեն երկիրն է տանուլ տալիս, ուստի հեռանալու ժամանակն է, գործի դրեց մեծ մանիպուլյատորի, փիառշչիկի ունակություններն ու հանրությանը սկսեց համոզել (ապուշացնել), որ դա պարտություն չէ, որ ձախողումները՝ հաջողություն են, որ զոհերի ու կորուստների գնով ինքնիշխանություն է կերտել…
Հետո հայտարարեց, որ կորուստներն իրականում ձեռքբերումներ են` «կորցրել ենք Արցախը, գտել ենք Հայաստանը», բացի այդ` «Արցախն ինչո՞վ էր հայկական»: Հետո փորձեց Արցախի ու Հայաստանից հողերի հանձնումը ներկայացնել որպես անխուսափելի օրինաչափություն։ Հետո խճճվեց իր ասած անհեթեթությունների ու ստերի մեջ։ Մեկ հանձնում ենք, որ պատերազմ չլինի՝ խաղաղություն լինի, մեկ հանձնում ենք, որ իրենք էլ մեր հողերը հետ տան, մեկ հանձնում ենք, որ Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից կախվածությունը չեզոքացնենք…Որ աշխարհաքաղաքական խաչմերուկ դառնանք ու մեր տարածքով Արեւմուտքն Արեւելքի հետ կապվի, լավ ապրենք…
Ոմանք կարծում են, թե մեծ խելքի նշան է, երբ մարդն ինչ հարցնում են, առանց աչքը թարթելու, ինչ որ ապուշություն է դուրս տալիս և խոսելու, մտածելու դժվարություններ ունեցող զանգվածն էլ բերանը բաց լսում է ու հավատում: Իրեն էլ հենց դա է պետք` ցածր կրթական ցենզով մի 100 հազար մարդ կուտն ուտի և ծափ տա: Իսկ թե ինչ են մտածում նորմալ մարդիկ` այդ տխմարությունները լսելիս, կարևոր չէ…
Ասենք` հարցնում են. ինչու՞ չսպասեցիք, որ ԿԸՀ- ն քվեների հաշվարկն ավարտի, նոր ասուլիս տաք` ձեր (պյուռոսյան) հաղթանակն ազդարարեք, ինչու՞ չեք հարգում ՍԴ-ն` դեռ ՍԴ որոշումը չեղած ԱԺ նախագահ, փոխնախագահ եք ընտրում: Պատասխանում է` բա ինչու՞ է ընդդիմությունը` ՍԴ որոշումը չեղած, մանդատները վերցնել- չվերցնելու հարցը քննարկում…
էս մարդն իշխանության և ընդդիմության, պետության և արտախորհրդարանական ուժերի տարբերությունը մինչ օրս չի հասկացել…Եթե երկրի թիվ 1 պաշտոնյան պետական ինստիտուտները` ԿԸՀ, ՍԴ…ԱԱԾ, ՔԿ, դատախազություն, դատարան…չի հարգում, ումի՞ց ինչ պահանջենք..,
Հարցնում են` ռուս լրագրողների` պրանկերների հաղորդումից, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել իրեն, որ հայոց կաթողիկոսին հեռացնի, ասում է. «Այդ պրանկերները թող զանգահարեն Կտրիճ Ներսիսյանին կամ Սամվել Կարապետյանի անունից խոսեն բոլոր պաշտոնատար անձանց հետ, տեսնենք՝ նրանք ինչ կպատասխանեն»…ինչ կապ ունի…
Հարցնում են` ասել էիք, որ Եվրոդատարանում պարտություններ կրած` սխալ վճիռներ կայացրած դատավորները պատժվելու են, բայց Խունդկարյանը ՍԴ-ում է…(պետք էր Մացոյին ու Մասիս Մելքոնյանին էլ հիշել), ասում է` ինչի՞ եք մի քանի անձի վրա կենտրոնանում, պարզեք, թե նախկին պաշտոնյաներից ում զավակները, փեսաները, հարսներն են դատավոր… իսկ ինչքան անփորձ ու անգրագետ դատավոր ես այս տարիներին նշանակել ինքդ` գրագետներին, անկախներին համակարգից հեռացնելով…
Իսկ ինչքա՜ն մեծ սեր ունի սուտ ասելու հանդեպ…ամեն մի աննշան ֆեյսբուքյան քոմենթ կարդացող մարդն ասում է` ես չեմ տեսել Ծառուկյանի ձերբակալման կադրերը…
Ցավալին այն է, որ փնտրում- փնտրում ես` մի դրական դրսևորում ու քայլ չես գտնում, որ կարողանաս ինչ որ կերպ բացատրել-հասկանալ սրանց քվե տվողների տրամաբանությունը…