«Հրապարակ»․ Ընտրություններից հետո ո՞ր նախընտրական խոստումների մասին այլեւս չի խոսվում

«Հրապարակ»․ Ընտրություններից հետո ո՞ր նախընտրական խոստումների մասին այլեւս չի խոսվում

Tue, 14 Jul 2026 10:15:55 +0400


Նախընտրական էյֆորիան արագ հօդս ցնդեց: Իսկ այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց, ամենեւին էլ ՔՊ-ի խոստացած դրախտը չէ: Թոշակառուները շատ արագ սովորեցին 10 հազարով ավելացած թոշակ ստանալու «երջանկությանը» եւ հայտնաբերեցին, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ գներն ավելի կատաղի են սկսել աճել: Ապրիլին կենսաթոշակների բարձրացման ֆոնին գների ընդհանուր մակարդակը չեզոքացրել է այդ 10 հազարի արժեքը։ Ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, պարենային ապրանքները թանկացել էին 9.5%-ով: Մեր աչքի առաջ հօդս է ցնդում նաեւ Փաշինյանի «տժվժիկը»՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը: Անվճար ծառայությունները կամաց փակվում են, բուժհաստատությունները հանգիստ օգտվում են համավճար վերցնելու իրենց իրավունքից, եւ այս հարցում ուղղակի ամենաթողություն է` ով ինչքան ուզում է, համավճար է գանձում պացիենտներից:

Քարոզարշավի ընթացքում ներդրումների, տարեկան նոր՝ 25 հազար աշխատատեղի, գների կայունացման, բիզնես միջավայրի բարելավման մասին էին պատմում: Բայց այսօր այդ ամենը հետին պլան է մղվել, իսկ հանրային օրակարգում այլ թեմաներ են՝ գետնին տապալված կամ սպանված առյուծներ, իրավական անարխիա, դաշտերում չորացող բերք, գործազրկության տագնապ, հարուստներին պատժելու հրամայական:

«Մարդիկ հիմա վարկեր պիտի մուծեն։ Ամիսը լրանում է։ Որտեղի՞ց պիտի մուծենք»,- ասում էր «Արարատցեմենտի» աշխատակիցներից մեկը՝ գործարանի հարկադիր պարապուրդի օրերին։ ԲՀԿ-ականներն էլ հայտարարում էին, որ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ իրավապահ գործողությունների հետեւանքով հարկադիր պարապուրդի է մատնվել մոտ 10 հազար մարդ։ Նախօրեին հայտարարվեց, որ «Արարատցեմենտի» աշխատանքը վերականգնվել է, որ աշխատողների իրավունքները կպահպանվեն։ Բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Ծառուկյանի շուրջ, աշխատողները վաղվա հանդեպ հույս չունեն:

Նույնքան հակասական է բիզնես միջավայրի պատկերը։ Քարոզարշավի ընթացքում իշխանությունը մեծ-մեծ խոսում էր ներդրումների խթանման, ձեռնարկատիրության զարգացման եւ բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու մասին: «Ներդրումը ներդրում է բերում», «Մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձեւավորման մասին»,- ճամարտակում էր Փաշինյանը, բայց այսօր մարդիկ շունչները պահած հետեւում են, թե առաջիկայում որ գործարարից ինչ է խլվելու, ով է պատժվելու, ով է ունեզրկվելու, եւ արդյո՞ք բիզնեսն այսօր իրեն զգում է այդ էկոհամակարգի մասնակից, ու կարելի է խոսել ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության մասին:
«Եթե դու ուրիշի բիզնեսը քաղաքական դրդապատճառներով խլում ես, մեկից՝ ՀԷՑ-ը, մյուսից՝ «Արարատցեմենտ»-ը, ձեռնարկություններ, մարզասրահներ ես փակում, բնականաբար, այդ երկրում ներդրումներ չեն լինում»,- համոզված է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա, խոստումները չէին կարող համապատասխանել այսօրվա իրավիճակին, երբ տասնյակ բեռնատարներ օրերով կանգնած են սահմանին, արագ փչացող մրգերի եւ բանջարեղենի զգալի մասը դեն է նետվում, ֆինանսական ֆիասկոյի ռիսկի առաջ՝ գյուղացին լքում է հողը: Արդեն արտադրված բերքը շուկա հասցնելն է երազանք դարձել, ծիրանի, կեռասի, ծաղկի, այլ գյուղարտադրանքի ճանապարհը դեպի Ռուսաստան մնում է փակ: «Միայն դրանց առաջ չի փակ, գյուղատնտեսական բոլոր մթերքների, կորիզապտուղ բույսերի, ձկնեղենի, ջերմուկի, կոնյակի մեծ մասի ու փակ էլ մնալու է: Իշխող քաղաքական ուժին պետք էր ամեն գնով իշխանությունը պահել, իսկ դրանից հետո ինչ խոստում որ տրվել է, ջրվեց: Հիմա նա այլ քաղաքականություն է իրականացնում, իսկ խոստումների մասին կվերհիշեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- ասում է քաղտեխնոլոգը:

Բայց Փաշինյանը խոստանում է, որ Մոսկվայի հետ առաջացած խնդիրները կարգավորելու է, ռուսական իշխանություններն էլ հայերի մասին լավ-լավ բաներ են ասում՝ օրինակ, Զախարովայի շուրթերով, եւ ի՞նչ, ոչինչ չի՞ փոխվելու: «Ուշադրություն պետք է դարձնել ոչ թե խոսքերին, այլ՝ գործողություններին: Տնտեսական սահմանափակումները շարունակվում են: Հայաստանում եվրոպական կառույցների դիրքերն ամրապնդվում են, այսօր էլ Կայա Կալլասն ասաց, որ Հայաստանում ԵՄ նոր առաքելություն է հիմնվում: Մի մոռացեք, որ մայիսի 30-ի որոշմամբ ԵԱՏՄ-ն Հայաստանին 6 ամիս ժամանակ է տվել, եւ եթե այս նույն իրավիճակը մնա, դեկտեմբերի 30-ին Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս կշպրտեն, կկասեցնեն մեր անդամությունը, իսկ դա կբերի ընդհանուր արտաքին առեւտրի կոլապսի: Էլ չեմ ասում, որ գազի գինը բարձրանալու է, եւ մարդիկ, ովքեր ընտրեցին ՔՊ-ին, պետք է իմանան, որ այն մատնաքաշը, որը նրանք հիմա գնում են 200-220 դրամով, կարող է դառնալ 600-700 դրամ: Ու կապ չունի, թե ինչ է խոսում Ուրսուլա ֆոն դեր Լայենը: ԵՄ աջակցությունը 52 մլն եվրո է: Իսկ Հայաստանը Ռուսաստանից՝ այնտեղ ուղարկվող ապրանքներով եւ աշխատանքային միգրանտների միջոցով ստանում էր տարեկան 7 մլրդ դոլարի եկամուտ: Եթե ԵՄ-ն տարեկան այդքան մեզ տա, ապա կկոմպենսացնի այս խնդիրները, բայց նման բան չի լինի: Իսկ մեզ հենց էդքան է պետք»,- ասում է Արմեն Բադալյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել Sat, 31 Oct 2026 13:00:40 +0400 Միացյալ…

14 րոպե ago

Աշխարհում դպրոցականներն ընդվզում են իշխանությունների դեմ․ իսկ Հայաստանո՞ւմ․․․

Աշխարհում դպրոցականներն ընդվզում են իշխանությունների դեմ․ իսկ Հայաստանո՞ւմ․․․ Sat, 31 Oct 2026 12:45:31 +0400 Ֆրանսիայում,…

29 րոպե ago

Իրանական հակամարտությունը չի ձգձգվի․ համոզված է Վենսը

Իրանական հակամարտությունը չի ձգձգվի․ համոզված է Վենսը Sat, 31 Oct 2026 12:30:44 +0400 ԱՄՆ նախագահ…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել Sat, 31 Oct 2026…

59 րոպե ago

Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche

Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche Sat, 31 Oct 2026 12:00:46 +0400 Ֆրանսիական…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը Sat,…

1 ժամ ago