«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր

«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր

Wed, 15 Jul 2026 09:15:27 +0400


Հունիսի 7-ի ընտրություններից հետո ներիշխանական բուռն խմորումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանը նախ որոշել է երկու առանցքային կուսակցականների չեզոքացնել, եթե չասենք՝ երեք։ Առաջինը Ալեն Սիմոնյանն էր, որի նկատմամբ անարգանքն անգամ ՔՊ-ում չեն կարողանում հասկանալ։ Մինչեւ վերջին օրը բոլորը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, համոզված են եղել, որ ԱԺ նախագահի պաշտոնը նրանն է, իսկ երբ վարչության նիստից ժամեր առաջ տեղեկացել են, որ Փաշինյանը որոշել է փակ քվեարկություն անցկացնել ԱԺ նախագահի 3 թեկնածուների միջեւ, հասկացել են, որ որոշել է Սիմոնյանին «քցել»։

Երկրորդ անձը Արայիկ Հարությունյանն է դառնալու, որին Փաշինյանը որոշել է գործուղել ԱԺ՝ որպես շարքային պատգամավոր։ Եվ երրորդը ՔՊ հնաբնակներից Մխիթար Հայրապետյանն է, որը չի վերանշանակվի ԲՏԱ նախարարի պաշտոնում, չնայած օրեր առաջ Փաշինյանն ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու։
Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ճյուղ առ ճյուղ, անհատ առ անհատ որոշել է անդրադառնալ բոլորին եւ որոշել, թե ով որտեղ ու ինչ կարգավիճակ պետք է զբաղեցնի առաջիկա տարիներին։ Ընդ որում, նրա չափանիշները ոչ մեկին հասկանալի չեն՝ կարող է մարդը մի առիթով մի նախադասություն ասած լինի, եւ դա լինի պատճառը, կամ՝ դրսից եկած մի հրահանգ, կամ՝ ինչ-որ մեկը մի բան շշնջացած լինի ականջին, եւ նա դրան հավատացած լինի։ Մի խոսքով՝ անհասկանալի, անկանխատեսելի մարդու որոշումներ։

Տեղեկացանք, որ ուշագրավ վերադասավորումներ են ընթանում նաեւ Կոտայքի մարզում։ Երեկվա համարում գրել ենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ առաջնորդը որոշել է խորհրդարան բերել՝ պատգամավորի կարգավիճակով, ավելին՝ թիմի ներսում խոսում են, որ Փաշինյանը խոստացել է նրան ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ թերեւս սա է պատճառը, որ Միքայելյանն իր թեկնածությունն է առաջադրել։ Այս պաշտոնի համար առաջադրվել են նաեւ հանձնաժողովի գործող փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Թե ինչու է որոշել Սասուն Միքայելյանին խորհրդարան բերել, պատճառները, ըստ մեր աղբյուրի, տարբեր են։ Նախ, որ առաջիկայում Ալիեւի հերթական հրահանգը կատարելու շրջանակներում մտադիր է ԵԿՄ-ն լուծարել, եւ երկրորդ՝ Փաշինյանը որոշել է մարզի ղեկավարումը կրկին թողնել ծնունդով Կոտայքի մարզից մեկ այլ կարկառուն ՔՊ-ականի՝ Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության տիրույթում, ուստի որոշել է սիրաշահել Միքայելյանին պատգամավորական եւ հանձնաժողովի նախագահի մանդատով։ Բացի այդ, Միքայելյանը Փաշինյանի համար, որքան էլ զարմանալի թվա, կառավարելի պատգամավոր կլինի․ բանն այն է, որ անցած տարիներին Միքայելյանն ու իր գերդաստանը Կոտայքում «մանվելգրիգորյանություն» են արել, եւ ամեն ծառութուփ նրանց տնօրինության տակ է, եւ միայն Փաշինյանի բարյացակամության շնորհիվ է, որ այդ ամենը քրեական վարույթներ չի դառնում, բայց չկա երաշխիք, որ ինչ-որ պահի չի դառնա։ Մեզ պատմեցին նաեւ, որ Միքայելյանի վաղեմի երազանքն է, որ աղջկա ամուսնուն՝ փեսային դարձնի մարզպետ, որը երկար տարիներ, մինչ օրս փոխմարզպետի պաշտոնն է զբաղեցնում։ Սակայն, որպեսզի մարզն ամբողջությամբ նրանց տիրապետության տակ չանցնի, փեսան չի նշանակվի, փոխարենը աներոջ սիրտը կշահեն մանդատով։

Վերադառնալով մարզի կառավարմանը՝ նշենք, որ գործող մարզպետ Ահարոն Սահակյանին եւս պատրաստվում են խորհրդարան գործուղել։ Ասում են՝ Սահակյանը, որ ներկայում արձակուրդում է, ինքն է տենչում մանդատը վերցնել, քանի որ չի ձգում մարզպետի պաշտոնին։ Նա չնայած համարվում էր Ռոմանոս Պետրոսյանի կադրը, սակայն Միքայելյանների դեմ դուրս չի եկել եւ հարկ եղած դեպքում էլ անցել է նրանց թրի տակով, տեղի տվել գերդաստանի ծավալապաշտական ցանկություններին։

Այժմ մարզպետի հավանական թեկնածու է դիտարկվում ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը ցուցակում 66-րդն է։ Ասում են՝ նա էլ է ցանկանում խորհրդարան գնալ, սակայն նրան մարզպետի պաշտոնում ուզում է տեսնել Ռոմանոս Պետրոսյանը՝ հավատալով, որ Ստեփանյանը մի անգամ եկել է Սասուն Միքայելյանի հախից, հիմա էլ կգա։ Բանն այն է, որ Ստեփանյանը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, Միքայելյանն է նրա անունը տարիներ առաջ գրել տվել «Իմ քայլի» ցուցակում, բայց ընտրություններից հետո ընկերոջ դստերը խնդրել է, որ հրաժարվի՝ չմտնի խորհրդարան, քանի որ ինքը մտնում է, եւ սիրուն չէ, որ իր բերած մարդն էլ մտնի։ Լիլիթ Ստեփանյանը չի լսել Միքայելյանին, ասում են՝ նրան դուխ է տվել Ռոմանոսը, որից հետո հայրիկի ընկերոջ հետ ճանապարհները հեռացել են, եւ Ստեփանյանն ամբողջովին գործել է Ռոմանոսի կուրացիայի ներքո։ Ի դեպ, Ստեփանյանն իրեն պահում է Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի պես, եթե դրա կարիքը զգացվում է, նա պատրաստ է ամենակեղտոտ հայտարարություններն անել ընդդիմության, Վեհափառի, իշխանության այլ ախոյանների հասցեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից Tue, 01 Sep 2026 19:47:17 +0400 Երեք…

7 րոպե ago

Վերջ տվե՛ք «չանա տալուն»․ քարտեզը սեղանին

Վերջ տվե՛ք «չանա տալուն»․ քարտեզը սեղանին Tue, 01 Sep 2026 19:45:55 +0400 Հայաստանի ու Ադրբեջանի…

9 րոպե ago

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում Tue, 01 Sep 2026 19:30:36 +0400 Ռուս հայտնի…

24 րոպե ago

Էքսկլյուզիվ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն խոշտանգում Գագիկ Խաչատրյանին 18+

Էքսկլյուզիվ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն խոշտանգում Գագիկ Խաչատրյանին 18+ Tue, 01 Sep 2026 19:27:18 +0400…

27 րոպե ago

Փուչիկդ պինդ բռնիր՝ չթռնի

Փուչիկդ պինդ բռնիր՝ չթռնի Tue, 01 Sep 2026 19:15:13 +0400 Քաղաքագետ, վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝…

39 րոպե ago

Դատավորին ծանր փորձություն է սպասվում

Դատավորին ծանր փորձություն է սպասվում Tue, 01 Sep 2026 19:14:07 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ֆինանսների նախկին…

40 րոպե ago