Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը
Fri, 17 Jul 2026 17:45:23 +0400
Փաշինյանը լուրջ հակառակորդ ունի ոչ միայն ի դեմս հայաստանյան ընդդիմության եւ հասարակության, այլեւ` իշխանության ներսում: Եթե ընդդիմության առաջնորդներին կարող է ունեզրկել եւ կալանավորել, ապա իշխանության ներսի իր մրցակցին չի կարող ոչ միայն նեղացնել, այլ եւստիպված է համակերպվել նրա առաջխաղացման հետ: Խոսքն ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ Ռուբեն Ռուբինյանի մասին է, նա իշխանության ներսում վարչապետի պաշտոնի ամենահավանական հավակնորդն է այս պահին։ Եթե ներիշխանական հեղաշրջում տեղի ունենա, ապա դա կարող է լինել միայն Ռուբինյանի գլխավորությամբ: Փաշինյանը չի կարող սահմանափակել նրա իշխանությունը, որովհետեւ նա ունի Թուրքիայի նման հզոր արտաքին հովանավոր: Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, որն ամբողջ քարոզարշավի ժամանակ հնազանդորեն հետեւում էր Փաշինյանին, Ռուբինյանն իրեն ավելի հեռու պահեց եւ, ըստ այդմ, ավելի զուսպ ու լուրջ էր պահում իրեն։ Մի մարդու նման, որը գիտի իր ազդեցությունը եւ արժեքը, որը կարիք չունի իր թվացյալ վերադասի առաջ ավելորդ ծամածռություններ անելու, նրան շողոքորթելու, նրա բարեհաճությունը ստանալու համար՝ հասկանալով, որ իր հարցերը լուծվում են անհամեմատ ավելի բարձր մակարդակով:
Օրերս հայտարարվեց, որ Փաշինյանն իբրեւ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայաստանյան կողմի բանագնացի թեկնածու է փնտրում, որովհետեւ Ռուբեն Ռուբինյանն այլեւս ԱԺ նախագահի թեկնածու է, գրեթե ԱԺ նախագահ: Հայաստանի հանրության, այդ թվում եւ ընդդիմության մեջ կա այն հաստատ համոզումը, որ Ռուբինյանի առաջխաղացման մեջ զգալի է եղել Թուրքիայի աջակցությունը, ըստ այդմ, նա չի կարող լինել հայաստանյան կողմի բանագնաց, նա թուրքական կողմից բարձր ներկայացուցիչն է Հայաստանի իշխանության ներսում: Եթե Փաշինյանը փորձի պաշտոնազրկել Ռուբինյանին, ապա կարժանանա թուրքական կողմի կոշտ հակազդեցությանը: Այդ դեպքում Թուրքիան եւ այդ երկրի իշխանություններն իրենք կարող են նախաձեռնել Փաշինյանի պաշտոնազրկումը, քանի որ Հայաստանի խորհրդարանում ունեն պրոթուրքական խմբակցություն: Չհաշված այն, որ Թուրքիան ունի ազդեցության այլ լծակներ եւս:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Փաշինյանը պետք է հանձնվի եւ սպասի այն օրվան, երբ Թուրքիան կորոշի, որ այլեւս Փաշինյանը չի բավարարում իրենց պահանջներին, եւ նրան պետք է փոխարինել Ռուբեն Ռուբինյանով, երբ Ռուբինյանի կողմից ղեկավարվող խորհրդարանն անվստահություն կհայտնի Փաշինյանին եւ վարչապետի պաշտոնում կընտրի Ռուբինյանին: Փաշինյանը փորձում է չհանձնվել եւ նույնիսկ դիմադրել:
Օրինակ՝ այն տեղեկությունը, որ հատուկ բանագնացի պաշտոնում քննարկվում է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի թեկնածությունը, կարող է նշանակել մի քանի բան. Փաշինյանը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այնքան փակուղային եւ անլուրջ վիճակում է, որ ճիշտ կլինի այդ պաշտոնը հնարավորինս անլրջացնել, իսկ Վահան Կոստանյանին այդ պաշտոնի համար առաջադրելն ամենահարմար եղանակն է: Բացի այդ, առաջադրելով Կոստանյանի թեկնածությունը, Փաշինյանը կարող է ընդհանրապես վերացնել հատուկ բանագնացների ֆորմատը, Թուրքիան կարող է Կոստանյանի թեկնածության առաջադրումը համարել բացահայտ վիրավորական քայլ եւ մերժել նրա թեկնածությունը, Թուրքիան իրեն այդպիսի իրավասություն է վերապահել: Այդ դեպքում հատուկ բանագնացների ինստիտուտն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Եթե անկեղծ լինենք, դրա գոյությունը որեւէ արդյունք չի տվել, գոյության չորս տարիների ընթացքում այն որեւէ առաջընթաց չի ապահովել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հնարավոր է նաեւ, որ Թուրքիան համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց ընդհանրապես չկա, կա Հայաստանի թուրքացման գործընթաց, իսկ դրա համար բանագնաց կամ հատուկ ներկայացուցիչ պետք չէ, Ռուբեն Ռուբինյանը եւ պրոթուրքական ֆրակցիայի մյուս ներկայացուցիչներն այդ գործը կանեն իրենց զբաղեցրած պաշտոնների միջոցով:
Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ավելի ու ավելի է փորձելու հենվել Ադրբեջանի աջակցության վրա՝ Ադրբեջանի իշխանությանը եւ հատկապես այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին համոզելով, որ նրա համար ավելի շահավետ կլինի, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնին նստած լինի պրոադրբեջանական կողմնորոշում ունեցող մեկը՝ հանձին իրեն, քան բացահայտորեն թուրքական դրածո: Ալիեւին կարծես թե Հայաստանի եւ մասնավորապես Փաշինյանի հովանավորյալի դերն այնքան էլ խորթ չէ, եւ, թերեւս, դրանով են պայմանավորված նրա այն հայտարարությունները, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Հայաստանն էներգետիկ ռեսուրսներով կամ միակողմանիորեն ապահովել երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ, այն դեպքում, երբ հենց Ադրբեջանի ցուցումով է, որ Վրաստանը թույլ չի տալիս աբխազական երկաթուղու գործարկումը: Սա հենց հովանավորի գործառույթ է՝ ապահովել հովանավորյալի բազային կարիքները` հաց, բենզին եւ երկաթուղային կապ:
Իսկապես զավեշտալի տեսարան է. վարչապետի պաշտոնում՝ պրոադրբեջանական Փաշինյանը, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում՝ թուրքական դրածոն, որն ամեն պահի կարող է սպառնալիք լինել Փաշինյանի իշխանության եւ զբաղեցրած պաշտոնի համար: Չնայած կարող է ոչ մի հակամարտություն էլ չլինել, ուղղակի Էրդողանը եւ Ալիեւը որոշել են եղբայրաբար իրար մեջ բաժանել Հայաստանը կամ՝ առայժմ Հայաստանի իշխանությունը: