Որոնումը շարունակվում է` ավելի վատին գտնել չհաջողվեց

Որոնումը շարունակվում է` ավելի վատին գտնել չհաջողվեց

Fri, 17 Jul 2026 18:15:37 +0400


-Ինչո՞ւ չկարողացանք ընտրությունների միջոցով ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Հարցնողը լռեց՝ սպասելով արդեն ծանոթ պատասխաններից մեկին՝ ընտրակեղծիք, վարչական ռեսուրս, պետական քարոզչություն, ընդդիմության թուլություն, արտաքին ճնշումներ…

Բայց պատասխանն անսպասելի էր. «Որովհետեւ ժողովուրդն ավելի վատին դեռ չի գտել»։ Առաջին հայացքից՝ սովորական կատակ է, կծու հեգնանք։ Կասեք՝ սեւ հումոր, սրամտություն, ու կսխալվեք։ Իրականում այս «անմեղ» նախադասության մեջ խտացված է մի ամբողջ ժամանակաշրջանի քաղաքական նկարագիրը։ Հազարավոր էջեր, վերլուծություններ, գիտաժողովներ ու հեռուստաբանավեճեր դժվար թե ասեն այնքան, որքան ասում է այս վեց բառը։ Դրանց հետեւում 35 տարվա հիասթափություններն են, սխալները, կոտրված հույսերը, չարդարացված սպասումները եւ նույն տեղը նորից վերադառնալուց փորձն ու վախը։

Այդ նախադասության ամենածանր բառը «վատ»-ը չէ, «դեռ»-ն է։ Որովհետեւ դա ոչ թե վերջակետ է, այլ՝ քաղաքական փիլիսոփայություն, միաժամանակ՝ սպառնալիք։ Այն կարծես ասում է. «Սրան ընտրեցինք։ Բայց որոնումը դեռ շարունակվում է։ Գուցե հաջորդ ընտրությանը վերջապես ավելի վատին գտնենք…»։ Չի ասում՝ ժողովուրդը լավագույնին չգտավ։ Չի ասում նույնիսկ՝ լավին չգտավ։ «Լավ» բառը վաղուց արտաքսվել է մեր քաղաքական բառարանից։ Այնտեղ չափման միայն մեկ միավոր է մնացել՝ «վատը»։ Տարօրինակ մրցույթ է. ո՞վ է ավելի վատը, ո՞վ կհասնի ու կգերազանցի նախորդի նվաճած «բարձունքները»։

Ամեն ընտրությունից հետո թվում էր՝ ահա, հասել ենք հնարավոր ամենացածր նշաձողին։ Բայց հաջորդ ընտրությունը նորից ապացուցում էր, որ ներքեւում դեռ չբացահայտված «հարկեր» կան։ Թվում էր՝ քաղաքականության նկուղն արդեն նվաճված է։ Մինչեւ եկավ վերջինը եւ ապացուցեց, որ նույնիսկ նկուղը հատակը չէ։ Նա հաստատվեց վերջին նկուղում՝ որպես մշտական բնակիչ։ Եվ շատերին համոզեց, որ հենց նկուղն է ամենահարմար բնակարանը։ Այդ պահին վեց բառանոց խեղճ ու խելոք թվացող նախադասությունը դադարում է սրամտություն լինելուց եւ վերածվում է դատավճռի։ Եթե հավատանք պատասխանին, ապա մեր ժողովուրդը վերջին 35 տարիներին կատարել է իսկապես բացառիկ քաղաքական հայտնագործություն։ Առաջին ընտրությանը գտել է վատ ղեկավար։ Յուրաքանչյուր հաջորդ ընտրությունից հետո՝ ավելի վատին։ Հետո՝ նրանից էլ վատին։ Եվ, ի վերջո, հաջողվել է գտնել բոլորից վատին։

Ընդ որում՝ այդ «վատագույնին» ստիպված էր ընտրել երկրորդ ու երրորդ անգամ։ Որովհետեւ ավելի վատին դեռ չի գտել։ Պարադո՞քս է, թե՞ աբսուրդ։ Կարելի է ասել՝ սեւ հումո՞ր։ Բայց ժպիտը կամաց-կամաց քարանում է մեր դեմքին։ Եթե ժողովուրդը երեք անգամ անընդմեջ ընտրել է նույն մարդուն միայն այն պատճառով, որ ավելի վատին չի գտել, ապա ստացվում է, որ այսօր ամբողջ Հայաստանը լծված է մի արտառոց գործի՝ փնտրում է մեկին, ով Նիկոլ Փաշինյանից էլ վատը կլինի։

Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ ազգային մասշտաբի ֆանտաստիկ կատաստրոֆա։ Ասես ամբողջ երկիրը մասնակցում է մի անհավանական մրցույթի, որի միակ պայմանն է՝ գտնել մի մարդու, որը կգերազանցի չգերազանցվածին։ Բայց այդ որոնումը, կարծում եմ, դատապարտված է անհաջողության։ Որովհետեւ որոշ երեւույթներ բնությունը ստեղծում է միայն մեկ անգամ։ Երկրորդ Արարատ չկա։ Երկրորդ Նիագարա չկա։ Եվ, բարեբախտաբար թե դժբախտաբար, երկրորդ Նիկոլ Փաշինյան էլ չկա։ Ոչ միայն Հայաստանում։ Նույնիսկ տիեզերքում։ Նրան բնութագրելու կարիք էլ չկա։ Յուրաքանչյուրը կարող է բացել բացասական մակդիրների ցանկացած բառարան ու խաղալ «գտիր տարբերությունը» խաղը։ Այո՝ երկրորդ Նիկոլ Փաշինյան չկա: Այնպես որ, սիրելի՛ ժողովուրդ, փնտրտուքը դադարեցրեք։ Նրանից վատը չեք գտնելու։ Ստիպված եք լինելու չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ էլ նույն ընտրության առաջ կանգնել։ Մարդն իզուր չէր ասում. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Ահա թե ինչպես է ծնվում «Նիկոլը հավերժ է» դատավճիռը։

Բայց եթե Նիկոլը հավերժ է, ապա ոչ իր շնորհիվ։ Նրա հենարանը սեփական իջեցրած նշաձողն է եւ այդ նշաձողին համակերպված ընտրազանգվածը։ Նրա հենարանը համատարած նազարականությունն է։ Ահա նիկոլիզմի հավերժության երեք հենասյուները։ Մարդիկ կգան ու կգնան։ Անունները կփոխվեն։ Բայց եթե չբարձրանա նշաձողը, պատմությունը նորից կգրի նույն նախադասությունը. «Որովհետեւ ժողովուրդն ավելի վատին դեռ չէր գտել…»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ում Իրանի դեսպանն այս պահին խորհրդարանում է. ինչ է սպասվում

ՀՀ-ում Իրանի դեսպանն այս պահին խորհրդարանում է. ինչ է սպասվում Mon, 12 Oct 2026 12:09:04…

9 րոպե ago

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել Mon, 12 Oct 2026 12:07:45 +0400 Դատախազությունը…

10 րոպե ago

Ոստիկանության գվարդիան բերվեց քաղաքապետարանի դիմաց

Ոստիկանության գվարդիան բերվեց քաղաքապետարանի դիմաց Mon, 12 Oct 2026 12:07:18 +0400 Latest news from Secure…

11 րոպե ago

Կարող ա իրենց կողմից утечка էր. բազմաթիվ քաղաքացիներ ոտքի են ելել

Կարող ա իրենց կողմից утечка էր. բազմաթիվ քաղաքացիներ ոտքի են ելել Mon, 12 Oct 2026…

14 րոպե ago

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից Mon, 12 Oct 2026 12:00:40 +0400 Վեց…

17 րոպե ago

Լարված իրավիճակ` Ազգային ժողովում. Ռուբեն Ռուբինյանն ու Մեսրոպ Մանուկյանը վիճեցին

Լարված իրավիճակ` Ազգային ժողովում. Ռուբեն Ռուբինյանն ու Մեսրոպ Մանուկյանը վիճեցին Mon, 12 Oct 2026 11:58:25…

20 րոպե ago