Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը

Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը

Sun, 26 Jul 2026 12:00:53 +0400


Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը

Եվ այսպես՝ սկսվեց։ Եվ տարածվելու է։ Եվ խորանալու է։
Նիկոլ Փաշինյանը անցել է «Եռագլուխ հրեշին» գլխատելու հայտարարված (նախընտրական) սպառնալիքի իրականացմանը։

Կարելի է ասել, որ հրապարակային մահապատիժների շարք է սկսել։
Առաջին զոհը, ինչպես և հավանաբար սպասվում էր, Գագիկ Ծառուկյանն է։
Իհարկե, պետք չի կարծել, թե Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը կամ նրանց հետևորդները չեն տեսնում ու գիտակցում, որ հաջորդը իրենք են, և դա անխուսափելի է։

Բայց մի բան է տեսնելն ու գիտակցելը, այլ բան՝ դիմագրավելը։ Սակայն նորից պետք չի կարծել, որ եթե այլք տեսնում ու գիտակցում են դա, ապա կոնկրետ գլխատման դատապարտվածները չեն տեսնում ու չեն գիտակցում։
Եվ դարձյալ չպիտի կարծել, թե նրանք պատկանում են հայության այն ամբոխամետ հատվածին, որը 21-րդ դարում իր համար տոտեմ է ընտրել ջայլամը և ինքնապահպանության տարրական բնազդն իսկ անտեսելով՝ ինքն իրեն խաբում է, թե վտանգը չտեսնելու տալով՝ կազատվի դրանից։

Որովհետև երևի բոլորս էլ արդեն գիտենք, որ այդպես չի լինում։ Մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում (փակագծերում կարդացեք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում)։
Սակայն ասվածը համարենք միջանկյալ շեղում և վերանանք անձանցից ու նույնիսկ սկսված գործընթացներից տուժող հազարավոր այլ մարդկանց խնդիրներից, որովհետև հիմա նույնիսկ սրանք չեն կարևորը։ Որովհետև կա ավելի մեծ վտանգ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այսպիսով դարձյալ իր հեռահար ու հիմնական նպատակն է հետապնդում։ Իսկ ինչ արվում է հիմա՝ դեպի այն տարած, տանող ու տանելիք քայլերից է ընդամենը, այդ հեռահար նպատակի՝ հայկականության դեմ պայքարի «փուլային տարբերակի» փուլերից մեկը։

Արդեն նկատվել ու ահազանագվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս նոր ունեզրկումներով ու բռնություններով ոչ թե սոսկ իր նախընտրական սպառնալիքն է իրականացնում այդ անձանց դեմ, ոչ թե սոսկ վրեժխնդրությանն է հագուրդ տալիս, ոչ թե սոսկ ունեզրկում է նրանց և բռնության ենթարկում, այլ հետապնդում և իրականացնում է տնտեսությունը կործանելով Հայաստանը դիմադրողականությունից զրկելու նպատակ։

Բայց սա և հայկականության այլ հենասյուները (ինքնություն, հայրենիք, հայրենասիրություն, պատմություն, եկեղեցի, սիմվոլներ, տաբուներ, միասնականություն, նվիրունակություն, հիշողություն, երազանք, հոգեկերտվածքի այլ սերմնահատիկներ ևն) խարխլելու և քանդելու Նիկոլ Փաշինյանի նպատակներն ու քայլերը նույնպես այնքան պարզ են արդեն ու տեսանողի համար տեսանելի, որ այդ մասին սոսկ խոսելը կարելի է նույնիսկ անիմաստ համարել։ Նա այս ամենի դեմ պայքարել սկսել է վաղուց, պարզապես հիմա սկսել է գործել ավելի բացահայտ ու կտրուկ։ Իսկ եթե որևէ մեկի համար Նիկոլ Փաշինյանի գործողությունները անհասկանալի են ու անբացատրելի, թող դրանք դիտարկի իբրև հակահայկական նպատակների դրսևորում, և հասկանալի կդառնա նույնիսկ այն, ինչ աբսուրդ է թվում թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում։

Նորը, որ նշմարվում է նրա այս գործողություններում (գուցե դա նույնպես եղել է, սակայն ոչ այնքան տեսանելի), հայկական կապիտալի թիրախավորումն է։
Հայկական կապիտալ ասելով՝ այս դեպքում պետք է հասկանալ այն տնտեսական ու ֆինանսական միջոցները, որոնք այս կամ այն ճանապարհով մասնակից են հայկական կենսագործունեությանը և ձևավորում ու ուղղորդում են այն (դրա օրինակներից մեկն էր ու է Ռուբեն Վարդանյանի կապիտալը, և Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի պայքարը պայքար էր ու է նաև այդ կապիտալի դեմ, և այստեղ էլ զուգահեռներ կան այդ երևույթի ու Նիկոլ Փաշինյանի այս գործունեության միջև)։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը գիտակցել կամ սկսել է գիտակցել այդ կապիտալի կարևորությունը հիշյալ կենսագործունեության համար, ուստի և հայկականության դեմ իր պայքարում նա առաջնային թիրախներից մեկը դարձրել է հենց հայկական կապիտալը։

Իսկ քանի որ հետընտրական շրջանում հայկականության քաղաքական շարժիչը ընդդիմադիր ուժերն են, ուստի Նիկոլ Փաշինյանն իր հեռահար պայքարի այս փուլում սկսել է հետապնդել ոչ թե այդ շարժումը սոսկ անձնավորված ուժեղ անհատականություններից զրկելու, այլ նաև ֆինանսապես գլխատելու՝ ֆինանսական միջոցներից իսպառ զրկելու նպատակ (ինչպես, օրինակ, մեքենայի շարժիչն են զրկում բենզինից)։

Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին ունեզրկելով՝ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ունեզրկում է հայկականության երևույթը, կոպիտ ասած՝ ընդդիմությանը զրկում է փողից։ Այսինքն՝ հետագա պայքարի հնարավորությունից։
(Սրա օրինակներից պետք համարել նաև Նարեկ Կարապետյանին մեկ միլիարդ դրամ՝ մոտ երեք միլիոն դոլար փողից զրկելը գրավի պատրվակով։ Եվ ուշադրություն դարձրեք, գրավն այսուհետ դառնալու է ընդդիմադիրներին փողից զրկելու, աղքատացնելու, գործունեության հնարավորությունները սահամանափակելու գործիքներից մեկը)։
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը նաև անձնական և անհատական վրեժ է լուծում, բայց անհատները նրա համար սոսկ միջանկյալ թիրախ են։ Բուն թիրախը, կրկնեմ, այս դեպքում հայկականության համար պայքար մղող ընդդիմադիր երևույթն է, որին նա միշտ դիտարկում, ընկալում և վերաբերվում է ոչ թե իբրև սոսկ ընդդիմություն, ոչ թե իբրև սոսկ հակառակորդ, ոչ թե իբրև սոսկ խոչընդոտ, այլ իբրև մահացու թշնամի, որին պետք է ոչնչացնել։ Այս փուլում՝ նաև կամ գոնե ֆինանսապես։
Ահա սա է պետականացման քողի տակ Նիկոլ Փաշինյանի սկսած ունեզրկման և հրապարակային գլխատումների ենթաշերտերից մեկը հիմա, ինչի վրա ուզում ենք ուշադրություն հրավիրել։

Հակոբ Սողոմոնյան
24․ 07․ 2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կապիկի ծաղիկով վարակման դեպքեր են արձանագրվել

Կապիկի ծաղիկով վարակման դեպքեր են արձանագրվել Thu, 22 Oct 2026 19:30:02 +0400 Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ…

16 րոպե ago

«Արշալույսները» թվացյալ խաղաղ էին, կամ՝ Նիկոլի տեղաշարժվող աշխարհագրությունն ու «ֆռռիկները»

«Արշալույսները» թվացյալ խաղաղ էին, կամ՝ Նիկոլի տեղաշարժվող աշխարհագրությունն ու «ֆռռիկները» Thu, 22 Oct 2026 19:15:03…

31 րոպե ago

Տիրադավները հերթով պարտվում են

Տիրադավները հերթով պարտվում են Thu, 22 Oct 2026 19:13:34 +0400 Տիրադավ հոգևորականների դատական հայցերը մեկը…

32 րոպե ago

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են Thu, 22 Oct 2026 19:00:10 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը Thu, 22 Oct 2026 18:52:28 +0400 Սեդրակ…

53 րոպե ago

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում»

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում» Thu, 22 Oct…

1 ժամ ago