Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Thu, 30 Jul 2026 16:21:33 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն հայտնեց հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային ու հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։

Այնուհետ Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթեց, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային ու հոգևոր դաստիարակության և հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր կառավարությունն ու Դաունինգ-սթրիտի կատուն

Նոր կառավարությունն ու Դաունինգ-սթրիտի կատուն Thu, 10 Sep 2026 22:30:58 +0400 Բրիտանական նոր կառավարությունը առաջին…

17 րոպե ago

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին Thu, 10 Sep 2026 22:15:13 +0400 Օրվա…

33 րոպե ago

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան Thu, 10…

38 րոպե ago

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Thu, 10 Sep 2026 22:00:40 +0400 Թուրքիայում 22-ամյա…

47 րոպե ago

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների Thu, 10 Sep 2026 21:48:14 +0400 Մեր տեղեկություններով քիչ առաջ…

59 րոպե ago

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ Thu, 10 Sep 2026 21:45:24 +0400 Երեկ Նոր Նորք վարչական շրջանը…

1 ժամ ago