Նրան բերել են․ նրա՛նք էլ կհեռացնեն
Fri, 31 Jul 2026 15:15:05 +0400
Իսկական երկրի ղեկավարը աթոռին մնում է, որովհետև սիրում է իր երկիրը, ուզում է այն հզորացնել և իր կամքով, սկզբունքայնությամբ ու ուժով է պահում իր իշխանությունը։
Նրա աթոռը պահողը ժողովուրդն է, և միայն ժողովուրդն էլ կարող է այդ աթոռը նրա տակից հանել։ Քանի դեռ վայելում է ժողովրդի վստահությունն ու սերը, նա անսասան է։ Իսկ վատ ղեկավարը աթոռին մնում է ոչ թե ժողովրդի, այլ իր շահերը թելադրող արտաքին ուժերի շնորհիվ։ Նրա իշխանությունը պահում են նրանք, ովքեր իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական հաշվարկներն ունեն։ Այդ պատճառով էլ նման ղեկավարը մշտապես հոխորտում է ժողովրդի վրա. «Դե՛, դուրս եկեք, դուրս եկե՛ք, ինձ հեռացրեք»։
Նա այդպես է խոսում, որովհետև գիտի՝ իրեն ովքեր են բերել իշխանության, ովքեր են պահում և ինչի համար են պահում։ Այդ հոխորտանքը ուժ չէ։ Դա արտաքին հենարանի վրա կառուցված ինքնավստահության պատրանք է։ Իրական ուժը ժողովրդի վստահությունն է, ոչ թե դրսի հովանավորությունը։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար գործի են դրված լուրջ արտաքին և ներքին ռեսուրսներ։ Բայց ուժեղ է միայն այն ղեկավարը, որի թիկունքում սեփական ժողովուրդն է։ Մնացած ամեն ինչ ժամանակավոր է։ Ընտրություններից առաջ և հետո տեղի ունեցող ձերբակալությունները, հասարակության պառակտման քաղաքականությունն ու ընդդիմախոսների նկատմամբ բիրտ ճնշումները Փաշինյանի աթոռի գինն են։ Թուլացնել այն աշխարհաքաղաքական ուժը, որը հակամարտության մեջ է Փաշինյանին ինչ-ինչ նպատակներով իշխանության բերած բևեռի հետ։ Սակայն գալու է մի պահ, երբ այն, ինչ Փաշինյանը խոստացել է իրականացնել, անխուսափելիորեն բախվելու է ժողովրդի դիմադրությանը։ Այդ պահին նա կդադարի օգտակար լինել իրեն իշխանության բերած ուժերի համար։ Եվ եթե այլևս չկարողանա ապահովել նրանց ակնկալած արդյունքը, նույն ուժերը կփորձեն նրան փոխարինել մեկ ուրիշով, որը կշարունակի նույն քաղաքական գիծը։ Ձերբակալությունները հենց դրա համար են, որպեսզի կոտրվի ժողովրդի դիմադրությունը և որքան շուտ դա հասկանա ժողովուրդը, այնքան կորուստները քիչ կլինեն։ Բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ժողովուրդը ,, փետրահան լինելուց հետո էլ,, լռի։ Եթե ժողովուրդը շարունակի դիտորդի դերում մնալ, կփոխվեն միայն անուններն ու դեմքերը, իսկ քաղաքականությունը կմնա նույնը։ Իսկ եթե ժողովուրդը վերջապես ասի իր խոսքը, որևէ արտաքին ուժ չի կարող որոշել Հայաստանի ապագան։
Ի վերջո, երկրի տերը ժողովուրդն է, ոչ թե նրան ժամանակավորապես կառավարելու իրավունք ստացած իշխանությունը կամ այդ իշխանությանը հովանավորող ուժերը։