Թվային ինքնասպանությո՞ւն. ինչպես Հայաստանն իր կիբեռտարածքը բացեց Ադրբեջանի առաջ

Թվային ինքնասպանությո՞ւն. ինչպես Հայաստանն իր կիբեռտարածքը բացեց Ադրբեջանի առաջ

Tue, 04 Aug 2026 17:45:38 +0400


Հունիսի 22-ին ինտերնետային օպերատոր Telecom Armenia-ի եւ ադրբեջանական Azertelecom ընկերության միջեւ ստորագրված համաձայնագիրը, որը պաշտոնական մեկնաբանություններով ներկայացվում է որպես «արտաքին կապերի դիվերսիֆիկացիա», իրականում Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ թույլ տրված լրջագույն, գուցեեւ՝ ճակատագրական սխալ է։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման քողի տակ Երեւանը փաստացի օրինականացնում է ռազմավարական հակառակորդի ներկայությունն իր կիբեռտարածքում՝ հանձնելով իր թվային ինքնիշխանության բանալիները։ Պաշտոնական տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ են այլընտրանքային ուղիներ, սակայն կիբեռանվտանգության տեսանկյունից սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ՝ թվային ինքնասպանություն, քանի որ Բաքվին տրամադրվում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մոնիթորինգի եւ կառավարման եզակի տեխնիկական հնարավորություն։

Անկասկած, ադրբեջանական հատուկ եւ ռազմական ծառայություններն անմիջապես կօգտվեն այս հնարավորությունից՝ իրենց ցանցերում ներդնելով տվյալների խոր վերլուծության (Deep Packet Inspection, DPI) համակարգեր։ Թեեւ ժամանակակից ինտերնետային հաղորդակցությունների մեծ մասը գաղտնագրված է, DPI համակարգերը թույլ են տալիս վերլուծել ոչ թե բուն հաղորդագրության բովանդակությունը, այլ՝ մետատվյալները, որոնք ավելի քան բավարար են՝ ռազմավարական պատկերը վերականգնելու համար։ Այս տվյալները հստակ ցույց են տալիս, թե ով, երբ, ինչ հաճախականությամբ եւ ում հետ է կապ հաստատում։ Ադրբեջանի ռազմական հետախուզության համար սա նշանակում է հեշտությամբ հասանելի, իրական ժամանակում վերահսկվող քարտեզի ստեղծում, որտեղ նրանք կարող են հստակ տեսնել Հայաստանի պաշտպանության նախարարության, Զինված ուժերի ստորաբաժանումների, պետական կարեւոր ենթակառուցվածքների եւ արտակարգ իրավիճակների մարմինների կապի ուղիները, ակտիվության ժամերը եւ տվյալների հոսքերի ցանկացած անոմալիա, ինչը ռազմական հետախուզության համար իսկական «ոսկե հանք» է։

Այս քայլի ամենասարսափելի հետեւանքները դրսեւորվելու են զինված հակամարտության հնարավոր սրման առաջին իսկ ժամերին։ Եթե նախկինում Հայաստանի ինտերնետային մեկուսացումը պահանջում էր ֆիզիկական միջամտություն, ապա այժմ Բաքուն ստանում է վիրտուալ անջատման լծակ։ Օրինակ, ցանկացած դեպքում Ադրբեջանը մասնակիորեն կարող է ֆիզիկապես եւ տեխնիկապես մեկուսացնել Երեւանը համաշխարհային ինտերնետային կապից՝ պարզապես արգելափակելով տրաֆիկի փոխանցումն իր տարածքով անցնող հանգույցներով, ինչպես նաեւ ընտրողաբար խափանել ներպետական կապը՝ արգելափակելով պետական եւ ռազմական ենթակառուցվածքների հասցեները։

Փաստորեն, ՀՀ իշխանությունները կամավոր կերպով Իլհամ Ալիեւին են հանձնել մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ օրինական լրտեսության գործիք, ինչպես նաեւ՝ մեզ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից զրկելու հնարավորություն։ Telecom Armenia-ի եւ Azertelecom-ի այս համաձայնագիրը ոչ թե կապի որակի բարելավման, այլ Հայաստանի թվային եւ, հետեւաբար, նաեւ ֆիզիկական անվտանգության հանձնման ակտ է, քանի որ 21-րդ դարում ինտերնետային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելը նշանակում է պարտվել դեռեւս մինչեւ առաջին փամփուշտի արձակումը։

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին Thu, 17 Sep 2026 13:45:14 +0400 «Ադրբեջանի…

19 րոպե ago

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը Thu, 17 Sep 2026 13:42:16 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր…

21 րոպե ago

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ Thu, 17 Sep 2026 13:37:28 +0400 Այսօր Ազգային ժողովի շենքի…

26 րոպե ago

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Thu,…

28 րոպե ago

Բա Խաչատուր Անդրեասյանից Մխիթարյանին հարցրեք. Վարդևանյան

Բա Խաչատուր Անդրեասյանից Մխիթարյանին հարցրեք. Վարդևանյան Thu, 17 Sep 2026 13:33:52 +0400 Latest news from…

30 րոպե ago

Դա ծուղակ է

Դա ծուղակ է Thu, 17 Sep 2026 13:31:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի…

32 րոպե ago