Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց

Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց

Tue, 04 Aug 2026 19:15:18 +0400


Հարեւան փողոցում նոր տուն էին կառուցում։ Ամեն օր անցնում էի այդ ճանապարհով։ Գցվեց հիմքը։ Զուգահեռ սկսեց բարձրանալ նաեւ ցանկապատը։ Սկզբում ուշադրություն չդարձրի` սովորական բան էր. ամեն տուն իր սահմանն ունի։ Օրերն անցնում էին, բայց աչքս մի բան էր որսում. տունը կարծես չէր շտապում երեւալ, իսկ ցանկապատն օրեցօր բարձրանում էր։ Վերջապես այն պատրաստ էր՝ ամուր, գեղեցիկ եւ բարձր։ Շատ բարձր։ Գրեթե բերդի պարիսպ։ Իսկ տունը հազիվ էր նշմարվում նրա ետեւում։ Այդ պահին ինձ թվաց, որ առաջինը տունը չէր կառուցվում, առաջինը կառուցվում էր մարդկանցից բաժանող պատը։

Այդ օրվանից, երբ նորակառույց տուն եմ տեսնում, առաջին հերթին այլեւս տան ճարտարապետությանը չեմ նայում։ Աչքս ակամա կանգ է առնում պարսպի վրա։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են մարդիկ այսքան եռանդով պարսպապատում ոչ միայն իրենց տները, այլեւ իրենք իրենց։

Ցանկապատերը միշտ չէ, որ բաժանել են մարդկանց: Մի ժամանակ մեր շեներում ցանկապատը պարզապես սահման էր։ Այն պահում էր բակը, պաշտպանում տան կարգը, ցույց էր տալիս՝ որտեղ է ավարտվում մեկի բակը եւ սկսվում մյուսինը։ Այն չէր ասում՝ «մի մոտեցիր»։ Այն իր տեղում, իր դերում էր։ Բայց ժամանակի ընթացքում ցանկապատը փոխեց իմաստը։ Դարձավ ոչ միայն սահման, այլեւ՝ հեռավորություն։ Պարզ արգելապատնեշից վերածվեց բարձր պարսպի, որն ասում է՝ ես ուրիշ եմ, ես առանձնացած եմ։ Եվ ցավալին այն է, որ մարդը կառուցում է այդ պատը ոչ այնքան ուրիշներին հեռու պահելու, որքան ինքն իր մեջ փակվելու համար։

Հիշելի են մեր հնոց երեկոները։ Չեմ ուզում ասել, թե անցյալը միշտ ավելի լավն է եղել։ Յուրաքանչյուր ժամանակ իր դժվարությունն ու գեղեցկությունն ունի։ Բայց կա մի բան, որ մենք կորցնում ենք։ Մի ժամանակ մարդիկ ավելի հաճախ էին իրար հետ լինում։ Թումանյանի պատմություններում հանդիպում ենք մի աշխարհի, ուր ձմռան գիշերներին մարդիկ հավաքվում էին մեկի օջախի շուրջ։ Տան դուռը միայն ընտանիքի համար չէր բացվում։ Այն բացվում էր հարեւանի, բարեկամի, անցորդի առաջ։ Մարդիկ խոսում էին, պատմում էին, ծիծաղում էին, երբեմն պարզապես լուռ նստում էին իրար կողքի։ Երեխաները լսում էին մեծերին, նրանց պատմությունները, սովորում ոչ միայն գիտելիք, այլեւ մարդ լինելու արվեստը։ Այդ օջախները միայն տուն չէին տաքացնում։ Դրանք մարդկանց միջեւ եղած կապն էին պահում կենդանի։

Մեր տները տաք են։ Բայց արդյո՞ք մեր հարաբերություններն էլ են տաք։ Այսօր կարելի է նույն շենքում ապրել տարիներով եւ չիմանալ հարեւանի անունը։ Ամեն օր մարդկանց հանդիպել, բայց պահպանել լուռ հեռավորություն: Ամենածանր մենակությունը մարդկանցից հեռու ապրելը չէ։ Ամենածանրն այն է, երբ ապրում ես մարդկանց մեջ եւ չունես մեկին, որին կարող ես ասել՝ լսիր ինձ։ Մենակությունը միայն տարեցների բաժինը չէ։ Այն կարող է լինել զինվորի մոր դեպքում, որը սպասում է որդուց լուրի, օտար երկրում աշխատող մարդու համար, որի տան պատերի ներսում բացակայում է մարդը, մարդու համար, որը շրջապատված է մարդկանցով, բայց չունի մեկին, որի հետ կարող է արտահայտել իր մտքերը։ Նույնիսկ որոշ հաջողակ մարդիկ են իրենց մենակ զգում, որոնց շուրջը շատերն են պտտվում, բայց որոնց հետ նա չի կարող անկեղծանալ։

Միայնակությունն անտեսանելի ցավ է. նրա ձայնը չի լսվում։ Կարող ենք արագ հասնել աշխարհի մյուս ծայրը, բայց երբեմն չենք հասցնում մեր կողքի մարդուն հարցնել՝ ինչպե՞ս ես։ Հեռախոսը մեծ հնարավորություն է տվել մարդուն՝ այն մեզ կապում է աշխարհի հետ, օգնում է սովորել, իմանալ, ճանաչել, բայց նաեւ մեզ հեռացնում է ամենամոտիկներից։ Տան մեջ մարդիկ հաճախ կողք-կողքի են, բայց՝ տարբեր աշխարհներում։ Չեն նստում միասին, չեն հարցնում՝ ինչպես անցավ օրդ, չեն լսում մեծերի պատմությունները։ Չեն հաղորդակցվում միմյանց հետ։

Հայ ժողովուրդը գոյատեւել է ոչ միայն իր հողի ուժով, այլեւ իրար կողքի կանգնելու կարողությամբ։ Դժվար օրերին մարդիկ գիտեին՝ ում դուռը թակել եւ ում դուռը բացել։ Մեկի ցավը միայն մեկինը չէր։ Մեկի դժվարությանը հասնում էին մյուսները։ Գուցե այսօր մեզ ամենից շատ պետք է հիշել հենց այդ պարզ ճշմարտությունը։ Բարձր պարիսպները կարող են պաշտպանել տունը, բայց դրանք չեն պաշտպանի մարդու սիրտը, որովհետեւ ամենաանառիկ տունն այն չէ, որի պատերն են բարձր, այլ՝ այն, որի դուռը բացվում է մարդու առաջ։
Գուցե այս տողերը կարդացողը վերցնի հեռախոսը եւ զանգահարի մորը, ընկերոջը, գնա հարեւանի մոտ ու հարցնի նրա հալը՝ ինչպե՞ս ես, եւ լսի պատասխանը։ Գուցե այդ փոքր քայլով ճեղք բացվի այն պատերի մեջ, որոնք տարիներով կառուցել ենք մեր շուրջը։ Որովհետեւ մարդուն փրկում է ոչ թե տունը կամ ունեցվածքը, այլ մեկ ուրիշ մարդ, որը ժամանակին գալիս է եւ ասում՝ ես այստեղ եմ, ես քո կողքին եմ։ Գուցե հենց այդպես են քանդվում մարդկանց միջեւ կառուցված պարիսպները։ Ոչ թե մեծ խոսքերով, այլ բաց դռներով, բաց պատուհաններով եւ այն պարզ զգացումով, որ ինչ-որ մեկը կա կողքիդ։

Քաղաքային լճակի ափին մի տատիկ նստած՝ ձեռնափայտով ասֆալտին ինքնամոռաց գծմծում էր: Նկարո՞ւմ էր, թե՞ փորձում էր բացել մտքերի խճճված թելը՝ դժվար էր հասկանալ։ Թվում էր՝ նրա ներսում ծանր խոսակցություն է գնում անցած կյանքի, կորցրած հարազատների, չիրականացած սպասումների ու չասված խոսքերի հետ։ Հանկարծ ինձ թվաց, թե պարիսպների հետեւում թաքնված մի տուն իր դռները լայնորեն բացեց, պատուհանից երեւացին մարդիկ՝ լուսավոր այդ տատիկի մասին հիշողները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան Tue, 04 Aug…

9 րոպե ago

Պետությունը ենթարկվել է հաքերային հարձակման

Պետությունը ենթարկվել է հաքերային հարձակման Tue, 04 Aug 2026 21:30:45 +0400 Եվրոպայում գտնվող Լիխտեյնշտեյնի իշխանություն…

24 րոպե ago

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Tue, 04 Aug 2026 21:15:24 +0400…

39 րոպե ago

Հովհաննես Այվազովսկին եւ Ալեքսանդր Պուշկինի այրին․ էջեր անցյալից

Հովհաննես Այվազովսկին եւ Ալեքսանդր Պուշկինի այրին․ էջեր անցյալից Tue, 04 Aug 2026 21:00:14 +0400 1846…

54 րոպե ago

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է Tue, 04 Aug 2026 20:59:40 +0400…

55 րոպե ago

Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ

Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ Tue, 04 Aug 2026…

57 րոպե ago