«Հրապարակ». Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Wed, 05 Aug 2026 10:45:40 +0400
Մեր տեղեկություններով, առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հոգեկան առողջության կենտրոնները գերբեռնված են, եւ մեծ թվով պացիենտներ սպասում են իրենց հերթին, քանի որ ստացիոնար բուժման կարիք ունեն, իսկ նրանց բուժումը հետաձգվում է, քանի որ կենտրոններում ազատ տեղ չկա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խոսքը մի քանի հարյուր պացիենտի մասին է։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար
Մարիամ Ծատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե լինում է շտապ-անհետաձգելի հոսպիտալացման կարիք, պացիենտը ստանում է ստացիոնար բուժում․ «Ես կարծում եմ՝ այդ թիվը ոչ մասնագետների կողմից տրված թիվ է: Ավանի հոգեկան առողջության կենտրոնում ունենք պլանային հետազոտության ենթակա քաղաքացիներ, որոնք, ըստ հերթագրման, պետք է գան հետազոտության: Այդ թիվը 15-ն է, ուստի ինձ համար տարօրինակ է Ձեր հնչեցրած թիվը»: Մենք պարզեցինք, որ նման մեծ հերթեր գոյացել են մարզերում, մասնավորապես` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, որը գործում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ: