«Հրապարակ». Միայն հունիսին 7 հազար 151 ընտանիք զրկվել է սոցիալական նպաստից
Wed, 05 Aug 2026 12:45:31 +0400
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշեցին, որ ընտրություններից առաջ՝ ապրիլին, 10 հազար դրամով պետք է բարձրացնեն թոշակները՝ իբրեւ թե իրենց ծրագրային խոստումն են կատարում, որը տվել են 2021 թվականին ընտրվելիս։ Իսկ իրականում դեռ 2025-ի դեկտեմբերին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իմաստ չունի թոշակները բարձրացնել, եւ անգամ հեգնում էր, թե ինչպես են ծախսելու այդ 10 հազար դրամը։ Մի քանի ամիս անց էլ, երբ հասկացան, որ վերընտրվելու ոչ մի շանս չունեն, հանկարծ գտնվեց այդ 10 հազար դրամը, եւ թոշակները բարձրացան, որպեսզի ՔՊ-ն ձայներ ստանա ընտրություններին: Իսկ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց պարզվեց, որ այդ 10 հազարը «գտնվել» է մեկ այլ խավին բյուջեով տրամադրված միջոցներից՝ անապահովների նպաստների կրճատումից։
Ընտրություններից հետո՝ հունիսին, 7 հազար 151 նպաստառու ընտանիք զրկվեց սոցիալական նպաստից, իբրեւ թե անապահովության հաշվարկման միավորների փոփոխություն է տեղի ունեցել, եւ հիմնականում դեր է խաղացել այդ 10 հազար դրամով բարձրացումը: Այս որոշումից հատկապես տուժեցին այն միայնակ թոշակառուները, ովքեր կենսաթոշակի հետ մեկտեղ ստանում էին 20 հազար դրամ սոցիալական նպաստ: Ստացվում է, որ պետությունը նրանց թոշակները չի բարձրացրել՝ նպաստի գումարն ուղղել է թոշակի բարձրացմանը: Մենք գրավոր հարցեր էինք ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Գրել էինք, որ հունիսին հարյուրավոր ընտանիքներ զրկվել են անապահովության նպաստից, այդ թվում՝ նաեւ միայնակ թոշակառուները, խնդրում ենք տվեք տվյալներ՝ ըստ մարզերի, թե որ մարզում քանի ընտանիք է զրկվել նպաստից։
Մեզ պատասխանել են․
«Անապահովության գնահատման համակարգում 2026 թ. հուլիսի 1-ի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկված ընտանիքների թիվը ըստ մարզերի․ Արարատի մարզում՝ 615 ընտանիք, Արագածոտն՝ 311, Արմավիրի մարզի Բաղրամյան, Վաղարշապատ, Արմավիր քաղաքներից սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկված ընտանիքների թիվը՝ 530, Գեղարքունիքի մարզից՝ 772, Լոռվա մարզ՝ 2011, Շիրակ՝ 1215, Տավուշ՝ 529, Վայոց ձոր՝ 149, Երեւան՝ 1019, ընդհանուր թվով՝ 7151 ընտանիք»:
Հնարավո՞ր է, որ վերանայեք անապահովության նպաստից զրկված միայնակ եւ սոցիալապես անապահով թոշակառուների նպաստի վերականգնման հարցը (օրինակ՝ այն տատիկների ու պապիկների նպաստները, որոնք ստանում են 46 հազար դրամ թոշակ եւ դրա հետ մեկտեղ ապրիլ, մայիս ամիսներին ստացել են 20 հազար դրամ նպաստ, որը հունիսից կտրել են):
Պատասխանել են․
«ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն՝ ընտանիքի եկամուտն ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչներից է։ Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է (միավորը հաշվարկվում է) ինքնաշխատ եղանակով՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված եկամտի եւ ընտանիքի անապահովությունը բնութագրող մի շարք այլ ցուցանիշների հիման վրա»։ Հարցրել էինք․ արդյո՞ք ապրիլին ու մայիսին հարյուրավոր ընտանիքներին տրված նպաստն ընտրակաշառք չէ իրականում, ինչո՞ւ անապահովության նպաստը կտրվեց հենց հունիսին՝ ընտրություններից անմիջապես հետո:
«Հարցի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ, համաձայն որոշման N 3 հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի, կենսաթոշակը մտնում է ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ: Համաձայն որոշման N 6 հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետի՝ կենսաթոշակի չափի բարձրացման դեպքում փոփոխությունը կիրականացվի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։ Այսինքն, համաձայն վերոգրյալ կարգավորման, 2026 թ․ ապրիլին բարձրացված կենսաթոշակի չափերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգ են ներառվել մայիս ամսին, ինչի հետեւանքով էլ այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը նվազել է անապահովության սահմանային միավորից, հունիս ամսից կորցրել են նպաստ ստանալու իրավունքը: ԱՍՀ նախարարությունը սոցիալական աջակցությունները տրամադրում է հասցեականության սկզբունքի հիման վրա՝ ընտանիքների անապահովությունը գնահատելով բոլոր սոցիալական խմբերի նկատմամբ կիրառվող միասնական գնահատման բանաձեւի միջոցով, որտեղ կիրառվող հիմնական բնութագրիչն ընտանիքի եկամուտն է, եւ այն ուղղակիորեն ազդում է ընտանիքի անապահովության միավորի հաշվարկի վրա»։