Մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը

Մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը

Fri, 07 Aug 2026 19:15:49 +0400


Երկրի վարչապետը հրապարակային հնչեցնում է՝ «բոմժ եմ սարքելու», «կզըցնելու եմ», «փռելու եմ ասֆալտին», «պատերով եմ տալու»: Սրանք բամբասանք չեն, գաղտնի ձայնագրություններ չեն, հակառակորդի հնարած մտքեր չեն։ Խոսքեր են, որ ամեն օր լսում է մեր երկրի քաղաքացին։ Կարծես երկրի առաջին դեմքը պարտավոր չէ խոսել մի լեզվով, որը վայել է առաջին դեմքին։ Իսկ խոսքը, որը նաեւ վարքագիծ է, մտնում է ընտանիք, դպրոց, աշխատավայր: Երբ ԱԺ դահլիճից վիրավորանքը ներկայացվում է որպես պայքարի միջոց, սպառնալիքը՝ վճռականություն, նվաստացումը՝ ուժ, մարդիկ սովորում են այդ լեզուն։ Սկզբում՝ սովորական, ապա՝ որպես թույլատրելի վարք։
Կոպիտ խոսքը միանգամից չի քանդում դարերի արժեքները։ Այն ամեն օր մաշում է հարգանքը, զսպվածությունը, փոխադարձ պատկառանքը։ Այն, ինչը սերունդներ շարունակ ձեւավորվել է ընտանիքի, մշակույթի միջոցով, կորցնում է ուժը։ Մարդը սովորում է այն, ինչ տեսնում եւ լսում է։ Փոփոխությունը չի մնում քաղաքական դաշտում, ներթափանցում է առօրյա կյանք։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու ենք դարձել կոշտ, ինչու են մարդիկ ավելի քիչ լսում միմյանց, ինչու է անհամաձայնությունը վերածվում վիրավորանքի, վիրավորանքը՝ սպառնալիքի, սպառնալիքը՝ բռնության։

Իշխանության գռեհիկ խոսքն անմիջական կապ ունի հասարակության բարոյական մթնոլորտի հետ։ Մտահոգ մարդիկ ամեն օր բարձրաձայնում են իրենց անհանգստությունը՝ կոչ անելով կանգ առնել։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ահազանգում է․ «Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ-ում, երբ երկիրն անտեր էր… Կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ»։

Գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմին արձանագրում է. «Նիկոլի շնորհիվ դավաճանությունը, հայրենիքն աճուրդի հանելը, հայրենասեր հայերին բանտ քշելը դարձել են երկրի ղեկավարին բնորոշ հատկանիշներ»։
Շատերն են ասել ու ասում են՝ Նիկոլ, ՔՊ, կանգ առեք: Բայց ո՞վ է լսողը: Տեղ հասնո՞ւմ են ահազանգերը։ Երբ վարչապետը նվաստացնում է շարքային քաղաքացուն, ընդդիմադիր գործչին, իր ընդդիմախոսին, մարդը մտածում է, որ նույնը կարելի է նաեւ իրեն։ Առաջանում է այն ճեղքը, որը չի երեւում «սահմանագծի» վրա եւ չի չափվում կիլոմետրերով, բայց օրեցօր լայնանում է մարդկանց միջեւ։ Հակառակ կարծիք ունեցողը դադարում է ընկալվել որպես այլ տեսակետ ունեցող ՀՀ քաղաքացի։ Նա վերածվում է հակառակորդի, հետո՝ թշնամու։ Իսկ թշնամուն չեն լսում, լռեցնում են։ Այդժամ խոսքն այլեւս կամուրջ չէ, այլ՝ մահակ:

Սովոր ենք ազգային անվտանգությունը պատկերացնել սահմանով, բանակով։ Բայց կա եւս մեկ սահման, որի վրա զինվոր չի կանգնում։ Այն սկսվում է այնտեղ, որտեղ իշխանությունը որոշում է` հարգե՞լ ընդդիմախոսին, թե՞ նվաստացնել։ Այնտեղ, որտեղ պաշտոնյան ընտրում է փաստարկի ուժը, ոչ թե՝ վիրավորանքի։ Այդ սահմանը քարտեզի վրա չես գտնի։ Այն անտեսանելի է, բայց անմիջականորեն կապված է պետության ամրության հետ։ Երբ հասարակության անդամների մեջ միմյանց հանդեպ վստահություն չկա, վտանգվում է ոչ միայն մարդկային հարաբերությունների որակը, այլեւ պետության ներքին ամրությունը։ Մեծերից մեկն է ասել. «Պետությունները թուլանում են ոչ միայն այն օրը, երբ կորցնում են տարածք, այլեւ այն ժամանակ, երբ քաղաքացիները կորցնում են միմյանց հանդեպ վստահությունը»։

Մարդիկ շարունակում են ապրել առօրյայով։ Երեխաները գնում են դպրոց, հիմնարկները գործում են, դրոշը ծածանվում է։ Բայց պակասել է միմյանց նկատմամբ հարգանքը, պետության հիմքում արդեն ճեղք է գոյացել։ Ամեն օր պետք է մտածենք, թե ինչպիսի միջավայր ենք ստեղծում խաղաղ օրերին։ Իշխանության պատասխանատվությունն առանձնահատուկ է։ Որքան մեծ է ուժը, այնքան մեծ է ինքնազսպման պահանջը։ Երկրի ղեկավարը կարող է մեկ բառով նվազեցնել լարվածությունը կամ խորացնել։ Մեր երկրի ղեկավարը երկրորդ ուղին է ընտրել «հաստատակամորեն»: Բայց մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը միայն այն պատճառով, որ այն մեզ մատուցվում է ամեն Աստծո օր։ Չի կարելի լռությամբ սովորական դարձնել այն, ինչը քայքայում է փոխադարձ հարգանքը, պետության ու հասարակության հիմքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լացելու համար սպանել է 10 ամսական աղջկան․ դաժան միջադեպ

Լացելու համար սպանել է 10 ամսական աղջկան․ դաժան միջադեպ Sat, 08 Aug 2026 12:00:48 +0400…

11 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է Sat, 08 Aug 2026 11:45:45…

26 րոպե ago

Ինչպես են իրավապահները ձերբակալում Արգամ Աբրահամյանին

Ինչպես են իրավապահները ձերբակալում Արգամ Աբրահամյանին Sat, 08 Aug 2026 11:41:53 +0400 Latest news from…

30 րոպե ago

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին Sat, 08 Aug 2026 11:35:23 +0400 Ձերբակալվել…

36 րոպե ago

Զոհերի մեջ երեխա կա․ Կիևի հերթական արյունալի գիշերը

Զոհերի մեջ երեխա կա․ Կիևի հերթական արյունալի գիշերը Sat, 08 Aug 2026 11:30:58 +0400 Երեք…

41 րոպե ago

«Հրապարակ». Պաշտոնյաների գործարար կանայք․ որտեղ են աշխատում, որքան են վաստակում

«Հրապարակ». Պաշտոնյաների գործարար կանայք․ որտեղ են աշխատում, որքան են վաստակում Sat, 08 Aug 2026 11:15:38…

56 րոպե ago