Մենք ենք՝ մեր ԱԺ-ն

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն

Thu, 13 Aug 2026 18:45:26 +0400


Եթե Ազգային ժողովը երկրի «դեմքն» է, ապա պետության օրենսդիր մարմնի մասին խոսելիս պետք է հասկանալ երկու կարեւոր հանգամանք՝ «ովքե՞ր են հայտնվում խորհրդարանում» եւ «ովքե՞ր պետք է հայտնվեն այնտեղ, որպեսզի պետությունը ճիշտ կառավարվի»։

Խորհրդարանը մասնագիտական ակումբ չէ, բայց նրա անդամները պետք է բազմապիսի գիտելիքներ ունենան, քանի որ աշխատում են օրենքների, բյուջեի, պետական ինստիտուտների եւ ռազմավարության հետ կապված խնդիրների հետ: Հասանելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ բրիտանական, ֆրանսիական, գերմանական «մոդելների» ուժը ոչ թե այն է, որ «բոլորն իրավաբան են», այլ՝ այն, որ խորհրդարանում կա տարբեր փորձառությունների ու գիտելիքների համադրություն, իրավունքի, վարչարարության եւ կազմակերպչական-կառավարչական ունակությունների առկայություն։ Պետք չէ, որ խորհրդարանը վերածվի տեխնոկրատների ժողովի։ 100 բարձրորակ տնտեսագետ եւ 100 իրավաբան ունենալը դեռ լավ խորհրդարանի ցուցիչ չէ, որովհետեւ պատգամավորը պետք է իմանա նաեւ, թե տվյալ օրենքն ինչ ազդեցություն կունենա քաղաքացու կյանքի վրա։ Խորհրդարանում կարող են լինել նաեւ ուսուցիչներ, բժիշկներ, ֆերմերներ, ձեռնարկատերեր, ինժեներներ, սոցիալական աշխատողնոր, գիտնականներ, զինվորականներ եւ այլն։

Բայց ոչ թե «տնտեսագիտության դիպլոմ ունեցողներ», այլ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ են պետական բյուջեն, հարկային համակարգը, ներդրումները, արտադրությունը, արտահանումը, կապիտալի շուկան։ Ոչ թե լավ ինժեներներ եւ տեխնոլոգիական մասնագետներ, այլ՝ մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են էներգետիկան, տրանսպորտը, ատոմային էներգիան, ՏՏ-ն, արհեստական բանականությունը եւ այլն: Ոչ թե փորձառու իրավաբաններ, այլ սահմանադրական եւ միջազգային իրավունքից, մարդու իրավունքների պաշտպանությունից հասկացող մասնագետներ: Նաեւ՝ իրական տնտեսություն ստեղծած, տնտեսվարողների խնդիրներից գլուխ հանող գործարարներ, արտադրողներ եւ այլն։ Մարդիկ, ովքեր համակարգ են կառուցել։ Գիտնականներ եւ կրթության մարդիկ, ովքեր տնտեսության եւ կրթության-գիտության կապն են գիտակցում եւ այլն։

Իդեալական պատգամավորը, իմ պատկերացմամբ, պետք է ունենա մասնագիտություն, աշխատանքային փորձ, կառավարման փորձ, հանրային պատասխանատվության զգացում։ Բայց այսօրվա խորհրդարանում տեսնում ենք ՔՊ անդամ լինելու «շնորհիվ» ԱԺ-ում «ինքնաբերաբար» հայտնված պատգամավորների, որոնց մանդատ է «նվիրել» մեկ անձ: 9-րդ գումարման խորհրդարանն ավելի շատ պետական կառավարման համակարգի շարունակությունն է, քան հասարակությանը վեր բարձրացնող կառույց։ Հայաստանը հիմա այն փուլում չէ, որտեղ գլխավոր խնդիրը «լավ օրենք գրելը» լինի։ Հայաստանի խնդիրները շատ են, բարդ են, եւ դրանց լուծումը մեծ լարում է պահանջում։

Ենթադրենք՝ ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ անկախության հարցը։ Իրավաբանը կարող է ասել՝ ինչ օրենք է անհրաժեշտ, տնտեսագետը կարող է հաշվել՝ ինչ արժե, դիվանագետը՝ ինչ միջազգային պայմանագրեր են անհրաժեշտ եւ ինչպես կազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա եւ այլն։ Նույնը՝ բանակի եւ պաշտպանության հարցերում. Հայաստանի նման երկրի ԱԺ-ում պիտի ունենանք ռազմարդյունաբերական եւ տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող, պաշտպանության հարցերին տիրապետող, ռազմական տեխնոլոգիաներից գլուխ հանող մասնագետներ, համաշխարհային իրադրությունը հրաշալի իմացող, աշխարհաքաղաքական պրոցեսներին լավատեղյակ, Հայաստանի եւ այլ պետությունների հարաբերություններին քաջատեղյակ մասնագետներ։

Հայաստանի քաղաքական համակարգը դեռ բավարար չափով չի արտացոլում երկրի մասնագիտական ներուժը, հակառակը` դրսում ավելի մեծ պոտենցիալ կա, քան խորհրդարանում եւ կառավարությունում, դրանից էլ ծագում են մեր բոլոր խնդիրները։ Ինչպես գնահատել 2026 թվականի ԱԺ-ն` այնտեղ հավաքված ներուժի տեսանկյունից: Ուսումնասիրելով պատգամավորների կենսագրությունները, կարելի է ասել, որ տնտեսագիտական կարողությունը միջին կամ միջինից մի փոքր բարձր է, գիտություն եւ բարձր տեխնոլոգիաներ ՝ անբավարար, ինժեներական եւ արդյունաբերական ոլորտ` ամենամեծ բացերից մեկը, գյուղատնտեսությունից հասկացողներ` անբավարար, միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն` անբավարար, բիզնես/արտադրություն` միջին։
Իսկ 2026-ի ԱԺ-ում խորհրդարան է անցել 3 ուժ։ Մասնագիտական որակի հարցում գնահատական տալը բարդ է, քանի որ եթե հին պատգամավորը 20 տարվա միջազգային իրավաբան էր, իսկ նոր պատգամավորը 3 տարվա քաղաքական ակտիվիստ է, ապա դա բոլորովին առաջընթաց չէ։ Նկատելի է, որ խորհրդարանական ցուցակները կազմվել են մարդկանց քաղաքական հավատարմության սկզբունքով։ Եթե ինձ հարցնեք՝ ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանն օրենսդրական թույլ արդյունք տալիս, ես պատճառը միայն պատգամավորների անհատական ունակության մեջ չէի փնտրի, այլ կասեի, որ Հայաստանի խորհրդարանը ձեւավորողներն առաջնորդվում են քաղաքականապես հարմար մարդկանց այնտեղ գործուղելով` չեն առաջնորդվում պետության շահերով։

Եվ դրա հետեւանքը շատ լուրջ է լինելու։ Երբ խորհրդարանում քիչ են իրական մասնագետներն ու ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ, երբ քիչ են արտադրությունից հասկացողները, ստանում ենք իրական խնդիրներից հեռու տնտեսական քաղաքականություն։ Երբ քիչ են գիտնականները, գիտության քաղաքականությունը դառնում է վարչական։ Երբ քիչ են միջազգային իրավունքի մասնագետները, արտաքին քաղաքականության որոշումները դառնում են քաղաքականացված։ Երբ շատ են իրավաբանները, քաղաքագետները, կուսակցական աշխատողները եւ պետական ապարատի նախկին ու ներկա պաշտոնյաները, խորհրդարանը չի կարող երկրի բարեփոխումների գեներատորը դառնալ։

Հայաստանի համար գլխավոր բանաձեւը կլիներ՝ ԱԺ-ին պետք են ոչ թե «խելացի կուսակցականներ», այլ մարդիկ, ովքեր ինչ-որ բան են կառուցել, արտադրել, նախագծել, հետազոտել, կառավարել, պաշտպանել։

Նոր ԱԺ-ին ես դեռ ո՛չ դրական, ո՛չ բացասական վերջնական գնահատական չէի տա, որովհետեւ մեկնարկից ընդամենը մի քանի օր է անցել։ Պետք է հետեւել եւ համոզվել` ԱԺ-ն ո՞ր ճանապարհը կընտրի` կշարունակի՞ մնալ քաղաքական դիմակայության, վիրավորանքի, նախկիններ-ներկաներ փոխադարձ մեղադրանքների հարթակ, թե՞ կվերածվի երկրի հարցերը քննարկող կենտրոնի, որտեղ իշխանությունն ունի պատասխանատվություն, իսկ ընդդիմությունը՝ վերահսկողություն եւ այլընտրանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Sun, 06 Sep 2026 11:30:13 +0400 թարային ջրանջատում…

11 րոպե ago

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան Sun, 06 Sep…

29 րոպե ago

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Sun, 06 Sep 2026 11:00:57 +0400…

40 րոպե ago

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն» Sun, 06 Sep 2026 10:45:13…

56 րոպե ago

Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է

Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է Sun, 06 Sep 2026…

1 ժամ ago

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Sun, 06 Sep 2026 10:15:43…

1 ժամ ago