«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

Fri, 14 Aug 2026 13:15:32 +0400


Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ

– Մեր պատմության մեջ առաջին անգամ Հայոց հայրապետը կանգնեց դատարանի առաջ: Ինչպե՞ս բացատրենք այս դատավարությունը, կարո՞ղ ենք համարել սահմանադրական:

– Աննախադեպ երեւույթ է, երբ Ամենայն հայոց հայրապետն այժմ դատվում է, որովհետեւ իրականացրել է մի քայլ, որը բացառապես իր իրավունքն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր խորհրդի իրավունքն է՝ կարգալույծ անել նրան, ում ինքն է ուզում: Տվյալ պահին այս գործը հարուցվել է` կապված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ, որին հոգեւոր խորհրդի որոշմամբ կարգալույծ արեցին եւ հեռացրին զբաղեցրած հոգեւոր պաշտանից: Հիմա մենք բախվում ենք մի իրականության, որով խախտվում է նաեւ Սահմանադրությունը, որովհետեւ պետությունը որեւէ իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին եւ թելադրելու: Բայց սա առիթն է, ոչ թե պատճառը, որ քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ, ներառյալ նաեւ 6 եպիսկոպոսների դեմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի այն, ինչը որ ամրագրել էր իր նախընտրական խոստման մեջ: Ի դեպ, դա նույնպես աննախադեպ երեւույթ է, երբ քաղաքական ուժը գնալով ընտրություն` իր նախընտրական խոստումներում ամրագրում է, որ պետք է հեռացնի կաթողիկոսին:

– Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին խեղդամահ արեցին Վեհարանում, 1938-ին: Հիմա մենք վերադառնում ենք բոլշեւիկյան իրականությո՞ւն, թե՞ դեռ այնտեղ ենք:

– Հիմա՝ 21-րդ դարում, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մենք տեսնում ենք, որ թիրախում Հայ առաքելական եկեղեցին է, եւ այստեղ ամենեւին այն պատճառաբանությունը չէ, թե իբր խախտվել է կուսակրոնության ուխտը: Այդ ամենն ընդամենը պատճառներ ու առիթներ են, որ Նիկոլ Փաշինյանը հանրագումարի բերի այն ողջ ծրագիրը, որը ցանկանում է իրականացնել: Ունենալ թույլ եկեղեցի, ունենալ իշխանության կողմից ուղիղ կառավարվող հայոց հայրապետ: Ակնհայտորեն, թուլանալու են նաեւ պետության հիմքերը, որովհետեւ մեր պատմության ընթացքում Եկեղեցին ապացուցել է, որ նույնիակ պետականության չգոյության պայմաններում ինքն է դարձել ազգապահպանման առաջամարտիկը եւ մշտապես վառ է պահել հետագայում պետականության վերականգնման նախադրյալները: Իսկ հիմա թուլացնելով այդ ամենը` Նիկոլ Փաշինյանը պարզապես շարունակում է իր ամբողջական ծրագիրը, այն է` ունենալ ազգային արժեքներից զուրկ հասարակություն, ազգային արժեքների վրա չհիմնված պետություն, թույլ եկեղեցի եւ իրենց կողմից ղեկավարվող հոգեւորականներ: Բայց Նիկոլ Փաշինյանը պարտվելու է այս արշավի ընթացքում, որովհետեւ եթե նույնիսկ դատարանն ապօրինի որոշում կայացնի, որ Արման Սարոյանը պետք է վերականգնվի որպես Մասյացոտն թեմի առաջնորդ, միեւնույն է, դա չի լուծում Նիկոլ Փաշինյանի խնդիրը եւ չի նշանակում, որ նա հաջողելու է Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհը:

– Հասկացանք, հրահանգը` հրահանգ: Իսկ դատավորը հաշիվ տալի՞ս է իրեն, թե ում է դատում, ինչու է դատում եւ ինչ օրենքով ու իրավունքով է դատում:

– Հիմա նոր դատավորի են մակագրել այդ գործը` Սերժ Ռուշանյան: Չգիտենք, թե առաջիկա դատական նիստն ինչպես կընթանա: Բայց նաեւ փաստենք, որ նախորդ նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Անկախ պատճառներից նշենք, որ դատավորը նույնպես մարդ է: Այլ բան է դատել ինչ-որ քաղաքական գործչի, ինչ-որ պաշոնյայի եւ այլ բան է դատել Վեհափառին՝ կանգնել նրա առաջ ու դատական վճիռ կայացնել: Թեպետ ես համոզված եմ, որ նման գործերում ոչ թե վճիռներ կայացնում են դատավորները, այլ նրանք կարդում են այն վճիռները, որոնք նրանց հրամցվում են: Բայց այլ բան է, երբ վճիռը կարդում են քաղաքական գործչի նկատմամբ, այլ բան է, երբ կարդում են Վեհափառի նկատմամբ, որովհետեւ մարդը կարող է նաեւ վախ ունենալ Աստծուց: Հիմա այս նոր դատավորն ում կընտրի` Աստծուն, թե Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին:

– Իսկ ո՞րն է Փաշինյանի նպատակը, երբ թուլացնում է Եկեղեցին, պառակտում հասարակությանը եւ անողնաշար դարձնում պետությունն ու պետականութունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ թշնամու ծրագիրն է իրագործում:

– Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի, թե տեւական ժամանակ է, որ մենք փաստացի խաղաղության մեջ ենք, չկան կրակոցներ, սահմանին զինվոր չի զոհվում, դրանից չպետք է փարատվել, որովհետեւ այլ բան է փաստացի խաղաղությունը, եւ այլ բան է ամբողջացված խաղաղությունը: Խաղաղությունն ամբողջացնելու համար պետք է խաղաղության պայմանագիր: Իսկ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը պարզապես չի ստորագրում: Հետեւաբար, խաղաղություն մենք ունենք այնքանով, որքանով որ այս պահին ցանկանում է Ալիեւը: Եթե վաղը փոխվեն նրա քաղաքական առաջնահերթությունները, ապա չի բացառվում, որ մենք ականատես լինենք ե՛ւ սահմանային սրացումների, ե՛ւ կրակոցների: Հիմա խաղաղության պայմանագրի վերջնական կնքման համար Ալիեւն առաջադրում է տարատեսակ պայմաններ: Առաջնային պայմանը պաշտոնական Բաքվի կողմից` մեր Սահմանադրության փոփոխությունն է, որից պետք է հանվեն, ըստ իրենց ընկալումների, այն կետերը, որոնք տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ: Ուղղակի հանվի Անկախության հռչակագրին հղումը: Բայց դրան զուգահեռ կան նաեւ պայմաններ, որոնք պաշտոնական Բաքուն չի թելադրում անմիջապես, սակայն փոխանցում է տարբեր մարդկանց բերանով, որոնցից մեկը Փաշազադեն է: Հիշենք, որ Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհն սկսվեց անմիջապես այն օրը, երբ Փաշազադեն հայտարարեց, որ մեր եկեղեցին եւ կաթողիկոսը խոչընդոտում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը:

– Արդեն երրորդ անգամ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Կարո՞ղ ենք ասել, որ ժողովուրդն օրինականացնում է նրա բոլոր գործողությունները եւ իր համերաշխությունը հայտնում:

– Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ գրոհը, ի վերջո, ամփոփեց իր նախընտրական ծրագրում՝ դրանով ստեղծելով պատրանք, որ իբր ինքը ժողովրդի կողմից ստացել է քվե՝ Վեհափառին փոխելու: Սակայն ժողովուրդը նրան նման քվե չի տվել: Եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը կեղծիքով վերարտադրվեց, ապա այս ընտրություններում հիմքը շանտաժն էր եւ այն մանիպուլյացիան, որպեսզի հետագայում իր բոլոր քայլերը, իր բոլոր գործողությունները գցի ժողովրդի գրպանը եւ հայտարարի, որ ես անում եմ այն, ինչ ժողովուրդն է պահանջում: Այդ թվում՝ նաեւ մարդկանց ձերբակալելը, կալանավորելը, ունեզրկելը եւ այլն, եւ այլն: Սակայն մարդիկ նրան չեն տվել նման մանդատ: Եվ ես չեմ հավատում, որ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին կասեր, թե ես քեզ կընտրեմ միայն նրա համար, որ դու, օրինակ, կալանավորես, ունեզրկես Գագիկ Ծառուկյանին եւ հեռացնես Վեհափառին: Ոչ: Նիկոլ Փաշինյանն իր ստացած քվեների հիմքը թող սոցիալական հարցերում փնտրի եւ գտնի: Նման ազգային հարցեր լուծելու համար, այն էլ՝ Վեհափառին հեռացնելու համար, մանդատ Նիկոլ Փաշինյանը չի ստացել:
Բայց եկեք միայն ուշադրություն դարձնենք նրա լեքսիկոնի փոփոխությանը, որ ուղիղ ազդում է նաեւ ՔՊ-ականների խոսելաձեւի վրա: Մինչ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ես Գարեգին Բ անունով կաթողիկոս չեմ ճանաչում, որեւէ ՔՊ-ական նման բան չէր ասում: Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն ամրագրում է, որ մենք այս պահին դեռեւս չունենք Ամենայն հայոց կաթողիկոս, եւ ՔՊ-ականները մի մարդու պես կրկնում են, որ Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ, այդ տեղն այս պահին թափուր է: Այսինքն, ՔՊ-ն աննահանջ գնում է իր ծրագրի իրականացմանը: Նա հանրության գիտակցության մեջ ուզում է նստեցնել այն գաղափարը, որ Ամենայն հայոց կաթողիկոսի գահը թափուր է, հետեւաբար՝ մեզ անհրաժեշտ է նոր կաթողիկոս: Սա է ձգտում անել Նիկոլ Փաշինյանը: Նա սկզբում փորձում է լվանալ մարդկանց ուղեղները, այնուհետեւ անցնել ակտիվ գրոհի:

– Մի կողմում այս իշխանությունն է, մյուս կողմում` սրանց իշխանության պահող ժողովուրդը: Իսկ այդ երկուսի արանքում ի՞նչ կանխատեսում կարող ենք անել՝ որպես երկրին սպասվող ապագա:

– Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չփոխվի, ապա մենք փափուկ ուժի կիրառմամբ վերածվելու ենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող մի միավորի, այսինքն` Հայաստանն այլեւս չի լինելու քաղաքական սուբյեկտ: Ես հեռու եմ այն մտքից, երբ ասում են, թե Հայաստան չի լինելու: Իհարկե, լինելու է Հայաստան, որպես այդպիսին` ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն: Բայց կարեւորը բովանդակությունն է, թե ինչպիսի պետություն ենք լինելու մենք: Լինելու ենք ընդամենը մի տարածք, որտեղ որ ապրում են հայեր, նաեւ դրան գումարվելու են ադրբեջանցիներ: Երբ ընդդիմությունն ասում է, որ 300 հազար ադրբեջանցիներ վերադառնալու են, շեշտադրումը մի քիչ սխալ է անում, եւ իշխանությունն այդ հողի վրա կարողանում է խաղալ: Որովհետեւ ստեղծվում է տպավորություն, թե 300 հազար ադրբեջանցիներ պետք է հավաքվեն եւ իրար հետ մի մեծ ավտոշարասյուն կազմեն ու մի օրում, ոստիկանների ուղեկցությամբ, մտնեն Հայաստան: Իհարկե, այդպես չեն գալու: Այդ 300 հազարը գալու են մաս-մաս՝ խաղաղության անվան տակ եւ տարբեր պատրվակներով: Մեր իշխանությունը կձեւակերպի որպես վերադարձ իրենց հայրական տներ, որոնք լքել էին 1988 թվականի շարժման հետեւանքով, իսկ Ադրբեջանի իշխանությունը կվերնագրի որպես վերադարձ պատմական հայրենիք: Սակայն դրանից իրականությունը չի փոխվելու. ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում:
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ, ապա մեծանում է այն վտանգը, որ, ի վերջո, գուցե հասնենք այն օրվան, որ զրկվենք ազգային երազանքներից ու նպատակներից, թուլանա մեր պատմական հիշողությունը, աստիճանաբար վերածվենք սպառողական զանգվածի: Հայաստանի Հանրապետությունը դառնա մի տարածք, որն ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ է լինելու եւ սպասարկելու է նրանց շահերը: Չունենանք այլեւս բանակ, որն ի զորու կլինի լուծել մեր անվտանգության հարցը: Մեզ այլեւս աշխարհում որեւէ մեկը լուրջ գործընկերոջ տեղ չի դնելու, եւ մենք կզրկվենք թե՛ լուրջ գործընկերներից, թե՛ լուրջ դաշնակիցներից: Այսինքն` մենք աստիճանաբար կվերածվենք մի այնպիսի պետության, որի անունն այլեւս ոչ ոք չի տա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին

Հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին Fri, 14 Aug 2026 14:08:47 +0400 ՀՀ Գլխավոր դատախազին «ՕՐԻՆ» նախաձեռնության…

18 րոպե ago

Մոնթե Մելքոյանի մասին ֆիլմ են նկարում

Մոնթե Մելքոյանի մասին ֆիլմ են նկարում Fri, 14 Aug 2026 13:59:51 +0400 Նոյեմբերին մեծ էկրան…

27 րոպե ago

«Հրապարակ». Պարտականությունները՝ ամենայն մանրամասնությամբ, աշխատավարձը՝ գաղտնի

«Հրապարակ». Պարտականությունները՝ ամենայն մանրամասնությամբ, աշխատավարձը՝ գաղտնի Fri, 14 Aug 2026 13:45:15 +0400 «Հանրային լրագրության ակումբը»…

41 րոպե ago

Գյուղատնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք․ Մնացականյանը՝ Թունյանին

Գյուղատնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք․ Մնացականյանը՝ Թունյանին Fri, 14 Aug 2026 13:37:38 +0400 Latest news…

49 րոպե ago

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան Fri, 14 Aug 2026 13:20:15…

1 ժամ ago

Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր. Ծառուկյան

Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր. Ծառուկյան Fri,…

1 ժամ ago