Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս

Sat, 15 Aug 2026 11:08:52 +0400


«Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։

Նա գրել է. «Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։

Առաջին հայացքից թվում էր, թե Մոսկվան Հայաստանի հարցում արդեն ապահովել է ԵԱՏՄ անհրաժեշտ համախմբվածությունը։ Սակայն հունիսի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումները հիմք են տալիս այդ հարցում առնվազն վերապահումներ ունենալ։

Հատկապես ուշագրավ է մայիսի 29-ի հայտարարությանը միացած երկու թուրքալեզու պետությունների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետագա վարքագիծը։

Դեռ հունիսի 1-ին՝ հայտարարությունից ընդամենը երեք օր անց, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում, իսկ ընտրություններից հետո և՛ Տոկաևը, և՛ Ղրղզստանի նախագահ Ժապարովը շնորհավորեցին նրան իշխանությունը պահպանելու կապակցությամբ։

Դրան հաջորդեց ավելի լայն և ուշագրավ պատկեր։ Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորեցին Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները, իսկ հետագայում՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նաև Թուրքմենստանի նախագահը։

Այս հաջորդականությունը միայն արարողակարգային քաղաքավարությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։

Ակնհայտ է, որ Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, իսկ այդ պետություններն իրենց հերթին շահագրգռված են Կասպից ծով–Հարավային Կովկաս–Թուրքիա հաղորդակցային առանցքի զարգացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կախվածության նվազեցմամբ։

Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունը նրանց համար արժեքավոր է ոչ թե իր «արժանիքների» պատճառով։

Ընդհակառակը՝ ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող, արտաքին հենարանների կարիք զգացող և Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ շարունակական զիջումների գնացող իշխանությունը շատ հարմար օղակ կարող է դառնալ ուրիշների կողմից կառուցվող ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծում։

Այստեղ է նաև Ռուսաստանի քաղաքականության պարադոքսը։

Հայաստանի նկատմամբ Մոսկվայի վերջին տարիների կոշտ, երբեմն պատժիչ և ռազմավարական առումով անհեռատես վարքագիծը ոչ միայն չի վերադարձրել (և վերադարձնում) Հայաստանը ռուսական ազդեցության նախկին դաշտ, այլև նպաստել է (և նպաստում է) այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ոչ լիգիտիմ իշխանությունը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում այլ արտաքին կենտրոններից։

Այսինքն՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով կիրառվող ճնշումը կարող է վերջնական արդյունքում արագացնել հենց այն գործընթացը, որից Ռուսաստանը փորձում է խուսափել։

Վերադառնալով մայիսի 29-ի հայտարարությանը։ Ղազախստանի և Ղրղզստանի համար մի բան էր համաձայնել ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, և բոլորովին այլ բան կլինի դեկտեմբերին քաղաքական պատասխանատվություն ստանձնել դրա գործնական իրականացման համար։

Առավել ևս, որ ԵԱՏՄ բարձրագույն մակարդակի առանցքային որոշումները պահանջում են կոնսենսուս։

Հետևաբար Ռուսաստանի ցանկությունը դեռ ԵԱՏՄ որոշում չէ։

Ղազախստանն առավել ևս դժվար թե շահագրգռված լինի մի նախադեպով, երբ ԵԱՏՄ անդամ պետությունը տնտեսական ինտեգրման շրջանակներում պատժվում է իր արտաքին քաղաքական կողմնորոշման համար։ Նման մեխանիզմը վաղը կարող է խնդիր դառնալ հենց բազմավեկտոր քաղաքականություն վարող երկրների համար։

Այդ պատճառով հնարավոր է, որ մայիսի 29-ի կոշտ հայտարարությունը ոչ թե ապագա որոշման նախերգանքն էր, այլ Ռուսաստանի հնարավորությունների վերին կետը։

Հունիսի 7-ից հետո թուրքալեզու պետությունների ղեկավարների ցուցադրական ակտիվությունը կարող է լինել նաև բավական նուրբ ազդակ Մոսկվային, ըստ որի Հայաստանի հարցում ՌԴ ցանկությունը դեռևս ընդհանուր որոշում չէ, իսկ իրենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդը չեն։

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար, սակայն, ինքնին որևէ լավատեսության հիմք չի տալիս։

Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո։ Իսկ հատկապես վտանգավոր է, երբ այդ անցումը կատարվում է ներքուստ թուլացած իշխանության միջոցով, որի քաղաքական վերարտադրության արտաքին շահառուների շրջանակը գնալով ավելի տեսանելի է դառնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

6 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

7 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

7 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

8 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

8 ժամ ago

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով Sun, 18 Oct 2026 23:00:53 +0400…

8 ժամ ago