«Հրապարակ». Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է

«Հրապարակ». Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է

Sat, 15 Aug 2026 11:45:33 +0400


2022 թվականի ապրիլի 22-ի գիշերը Արմավիրի մարզի Նոր Արմավիր եւ Նալբանդյան գյուղերի միջնամասում տեղի ունեցավ հերթական արյունալի միջադեպը: Դրա մասին գրեցին ԶԼՄ-ները, աղմկեցին սոցցանցերը։ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել կնոջ ընտանիքի անդամների ուղղությամբ՝ սպանելով աներոջը եւ ծանր վիրավորելով զոքանչին, որը հետագայում մահացավ հիվանդանոցում։

Կրակոցների պատճառն ընտանեկան վեճն էր: Անցել է ավելի քան 4 տարի: Գործը դեռ քննվում է: Օրերս հերթական անգամ երկարաձգվել է Հարությունյանի կալանքը: Նա մեզ զանգեց «Արմավիր» ՔԿՀ-ից: Ասաց, որ մեկ բողոք ունի՝ իր հանդեպ անարդարություն է տեղի ունենում, իրեն դատում են դիտավորյալ սպանության համար, բայց ինքն ընդամենը հարբած անձի հարձակումներից է խուսափել` ինչպես կարողացել է:

Կոնֆլիկտի պատճառն աներորդու հետ ընտանեկան վեճն է եղել: «Աներձագս կյանքս ուտում էր: Նա մորն ու հորը ծեծում- ջարդում էր, ես էլ ասում էի՝ մի արա, ես փոքր վախտվանից մեր չեմ ունեցել, խնայի մորդ: Նրա մայրը` իմ զոքանչը, ինձ մոր տեղ ա եղել»,- պատմում է Լաերտը, որին ցմահ բանտարկություն է սպառնում: Նա վստահեցնում է, որ աներձագն իրեն հայհոյում էր, որ մարդիկ գալիս, իրեն պատմում էին այդ մասին: Մի անգամ էլ, երբ հայհոյանքի մասին հերթական անգամ իմանում է, փորձում է խոսել հետը: «Մտածեցի՝ խանութս փակեմ, գնամ, իրան տեսնեմ, թող ինձ հանգիստ թողնի: Ինքը փախավ գնաց տուն, հայրը դուրս եկավ»:

Մետաղական ձողով տղամարդու հարձակումներից խուսափելով, նա, ինչպես ինքն է ներկայացնում, հանել է որսորդական հրացանը եւ մի քանի կրակոց արձակել դեպի օդ եւ գետին, սակայն դրանով ավելի է բարկացրել իր վրա եկողին: Ի վերջո, լսելով հերթական հայհոյանքն իր մահացած մոր հասցեին, սկսել է անկանոն կրակել:

«Պահել եմ վրեն, ասում եմ՝ մի արի, ես քեզ հետ խնդիր չունեմ, բա՝ ես քո մեռած մոր գագաթը… հունից դուրս եկա ու էլ չիմացա ինչ ա կատարվել»,- ասում է կալանավորը:

«Աֆեկտի վիճակում կրակոցներ են եղել»,- պատմում է Հարությունյանի փաստաբան Սուրեն Նազարյանը: Նա համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ՝ որ իր պաշտպանյալը եղել է սահմանափակ մեղսունակ վիճակում: «Աֆեկտի վիճակում արված կրակոցներից մեկը հասել է զոքանչին, որի հետ նա լավ հարաբերություններ ուներ, որեւէ շարժառիթ գործով չկա պարզված, թե զոքանչին ինչու պետք է կյանքից զրկեր: Կրկնակի փորձաքննություն ենք պահանջել, բայց նույն փորձագետը նույն բանն է գրել՝ սահմանափակ մեղսունակ, ինչն օրենքի խախտում է, կրկնակի փորձաքննությունն այլ փորձագետ պետք է աներ»,- ասում է փաստաբանը:

Մահացածի դիակի դատաբժշկական փորձաքննությունը տուժողի մոտ ծանր ալկոհոլային թունավորում է ցույց տվել: «Հարձակվել է մետաղական ձողով Լաերտի վրա, նա կրակել է, հայհոյանքի ազդեցության տակ աֆեկտի մեջ է ընկել ու չի գիտակցել, թե ինչ է անում»,- ներկայացնում է Սուրեն Նազարյանը:

Քրեակատարողական հիմնարկում Լաերտ Հարությունյանի վիճակն այնքան է վատացել 4 տարում, որ նա հոգեկան առողջության հետ կապված հաշմանդամություն է ձեռք բերել, ընդհանուր աշխատունակության 37 տոկոսից ավելի կորուստ: Գրեթե ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել:

«Մի անգամ պարանը կտրվեց: Մտածեցի՝ երեւի Աստված չի ուզում, որ ես էսպես գնամ, ես պետք եմ իմ երեխաներին ու իրավունք չունեմ վերջ տալ կյանքիս»,- ասում է 2 երեխայի հայրը: Ընտանիքն առանց նրա անասելի դժվարություններ է կրում: Հատկապես իր հաշմանդամ երեխային է պետք, որի համար «ե՛ւ հայր է եղել, ե՛ւ մայր ու ավելի շատ՝ մայր»: Այսօր անգամ երեխայի անվասայլակը բարձրացնող չկա, երբ նրան պետք է դուրս գալ տնից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

3 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

4 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

4 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

4 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

4 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

5 ժամ ago