«Հրապարակ». Նապաստակին կարելի՞ է ասել՝ ինչո՞ւ ես վախենում գայլից

«Հրապարակ». Նապաստակին կարելի՞ է ասել՝ ինչո՞ւ ես վախենում գայլից

Sat, 15 Aug 2026 13:45:37 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զգուշացրել է «Մեծամորի» ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի մասին եւ հայտարարել, որ Բաքուն պատրաստ է մեր երկիրն ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»: Ըստ Ալիեւի, «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում եւ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

– Ալիեւը հերթական անգամ հայտարարում է, որ մեր ԱԷԿ-ը հին է, պետք է փակվի, բայցեւ հաստատում է, որ դրա փակվելու հետեւանքով էներգետիկ ճգնաժամի մեջ ենք հայտնվելու: Ո՞վ է Ալիեւը, որպեսզի նման հայտարարություններ անի` ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններին հակասող, ու պնդի, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է փակվի:

– Դուք՝ ինքներդ, որոշակիորեն պատասխանեցիք Ձեր հարցին: Ալիեւը նման իրավասություն չունի: Ցավոք սրտի, դե ֆակտո, օգտվելով այն իրավունքից, որ ընձեռել է մեր երկիրը, եւ, ըստ էության, երկրի իշխանության երկչոտությունը բերում է նրան, որ մինչ օրս արված որեւէ հայտարարություն չի հակադարձվում պաշտոնական Երեւանի կողմից: Ավելին, շատ կարեւոր դրույթներ, որ բարձրաձայնվում են հարեւան երկրից, դառնում են մեր իշխանությունների աշխատանքային օրակարգը: Եվ այս պարագայում, իհարկե, ես դադարել եմ զարմանալ, որ իշխանական թեւից չեն հակադարձում եւ ընդհակառակը` շատ մեղմ են խոսում այդ հանգամանքի մասին։ Սա ոտնձգություն է պետության սուվերենությանը եւ շատ ավելի կոշտ դիրքորոշման է արժանի: Իհարկե, որեւէ հարեւան երկիր կամ ոչ հարեւան երկիր իրավունք չունի միջազգային մասնագիտացված կառույցի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխարեն գնահատականներ տալ, որոշումներ կայացնել, բայց հարեւան երկրի ղեկավարն էլ իր հերթին նմանվում է ծաղրածուի, որովհետեւ իր իսկ խոսքերին է հակասում: Մի կողմից բարեկամության ժեստ է անում, առաջարկում է առեւտրատնտեսական համագործակցություն, մյուս կողմից հոխորտում է վտանգների մասին: Իրականությունն այլ է, սակայն Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում դրանից օգուտներ քաղել:

– Իսկ ԱԷԿ-ի մասով նման հայտարարություն անելու հիմք կա՞ ընդհանրապես:

– Մեծամորի ատոմակայանը վերագործարկվելու հստակ ժամկետ ունի առնվազն մինչեւ 2036 թվականը, իսկ ՄԱԳԱՏԷ-ի վերջին դիտարկումները խոսում են այն մասին, որ որեւէ վտանգ ատոմակայանի գործունեությունն իրենից չի ներկայացնում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ առավել եւս հարեւան երկրների համար: Սա է պաշտոնական դիրքորոշումը միջազգային կառույցի: Մյուս կողմից կա Թուրքիա-Ադրբեջան դուետը, նաեւ Անկարայից են հնչում Մեծամորի ատոմակայանը փակելու հորդորներ․ սա առնվազն երեք տասնամյակի պատմություն ունի, եթե ոչ ավելին, սակայն Եվրամիությունն է առայժմ զարմանալիորեն արձագանքել այս ամեն ինչին, եւ ես չեմ բացառում, որ հենց Թուրքիայի կողմի պահանջով է Եվրամիությունն առաջարկում ապամոնտաժել Մեծամորի ատոմակայանը: Ըստ էության, այստեղ անհրաժեշտ է մի քիչ ավելի հասուն լինել, արհեստավարժ լինել ոչ միայն ընդհանուր առմամբ տնտեսական դիվանագիտությունից, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում, էներգետիկ դիվանագիտության ոլորտում մի քիչ ավելի հասու լինել եւ կարողանալ ոչ միայն հակադարձել հարեւաններին, այլեւ ուղղակի վարել այնպիսի քաղաքականություն, որ նման հայտարարությունների տեղիք չտրվի:

– Իսկ ադրբեջանական մասնագետներն իրավունք ունե՞ն Հայաստանում նման հետազոտություններ իրականացնելու, նման միջոցառումների մասով պատշաճ կանոնակարգ չկա՞:

– Երբ ասում եք Ադրբեջանի մասնագետներ, պետք է ասել՝ այսպես կոչված, Ադրբեջանի մասնագետներ: Մեզ հայտնի են Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները, փորձագետները, նույնն էլ… նրանց ոչ ոք իրավունք չի տվել Հայաստանի տարածքում նման քայլեր անել: Իհարկե, ես գիտեմ, որ նրանք, այնուամենայնիվ, եղել են Հայաստանում, բայց այնքան վախկոտ են իշխանությունները, որ դրա մասին նույնիսկ չեն բարձրաձայնում:

– Իսկ ինչի՞ց են վախենում, չէ՞ որ խաղաղության օրակարգը դրոշակ են սարքել:

– Նապաստակին կարելի՞ է ասել՝ ինչո՞ւ ես վախենում գայլից․ նույն իրավիճակն է: Նապաստակը միայն փչած չափերով հաստ նապաստակ է՝ իր երկրի ու ժողովրդի առաջ, մյուսների առաջ պարզ է, չէ՞, որ թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում, թե՛ Հյուսիսում եւ թե՛ Հարավում ինքը նապաստակ է: Եվ այդ նապաստակին որ կողմից վախեցնեն` կփախչի: Իսկ հիշո՞ւմ եք այս տարիների ընթացքում մի համարձակ եւ խելամիտ քայլ՝ ես չեմ մտաբերում:

– Սա կապ ունի՞ ԵՄ-ի հայտարարած Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան միասնական էներգետիկ համակարգի ստեղծման հետ:

– Էներգետիկ համակարգ կարելի է ստեղծել նորմալ ղեկավարության օրոք, այդ պրոցեսները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերին: Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2009 թվականին, ցյուրիխյան արձանագրություններից շատ չանցած, Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ պաշտոնական փաստաթուղթ է ստորագրել Թուրքիայի հետ, որով նախատեսված է 4.5 միլիարդ կ/Վատտ ժամ/էներգիա արտահանել Թուրքիա։ Սա պաշտոնական փաստաթուղթն է: Այսինքն, կարելի է, չէ՞, այսպիսի էներգետիկ դիվանագիտություն վարել, որպեսզի կարողանանք մենք կախվածություն ստեղծել Հայաստանի Հանրապետությունից: Միասնական համակարգը նման պարագայում միայն կնպաստի, եթե ճիշտ ձեւեւակերպվեն ազգային պետական շահերը: Իսկ Հայաստանի Հանրապետությունում որեւէ բնագավառում պետության կողմից նման շահեր ձեւակերպված չեն: Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարություն չունեն, ինչի՞ մասին է խոսքը: Ինը տարիների ընթացքում կարելի՞ է այսպես` որ ոտքից արթնանան, այնպես էլ վարվեն:

– Այսինքն մենք Արցախի կարգավիճակո՞ւմ ենք դրվում:

– Ես չգիտեմ` ինչ կարգավիճակում ենք դրվում, բայց ժողովուրդն արժանի է իր իշխանությանը, որին ընտրել կամ չի ընտրել, եւ ես կարող եմ ավելին ասել, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար են արժանի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…

21 րոպե ago

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով Mon, 19 Oct…

23 րոպե ago

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա Mon, 19 Oct 2026 12:30:00 +0400 Իսրայելի իրավապահ…

31 րոպե ago

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել Mon, 19 Oct 2026…

52 րոպե ago

Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ

Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ Mon, 19 Oct 2026 12:00:31 +0400…

1 ժամ ago

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն Mon, 19 Oct 2026 11:45:20 +0400 Փարիզը պատրաստվում է ֆուտբոլային…

1 ժամ ago