King Pap-ից մինչեւ COP-17 str.
Tue, 18 Aug 2026 18:15:13 +0400
Այսպես շարունակելու դեպքում, շատ ներողություն, հայերենը կարող է լրիվ տիրումեր լինել: Եվ, առհասարակ, աշխարհի ոչ մի լեզու չի կարող զարգանալ, եթե այդ լեզվով զբաղվում են թերուսներն ու տվյալ լեզվի հանդեպ ատելություն տածողները:
Տառացիորեն մի քանի օր առաջ Երեւանում փողոց վերանվանեցին՝ Ամիրյանը դարձրին Պապ թագավորի փողոց: Ահագին փող ծախսեցին, նոր ցուցանակներ տեղադրեցին, դեռ եսիմ ինչքան էլ պիտի ծախսեն, որ այդ փողոցի բնակիչների անձնագրերում ու սեփականության վկայականներում համապատասխան փոփոխություններ անեն: Ո՞վ է զբաղվում այս գործով: Պարզվում է՝ երկու մարդ․ Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Ավինյանը՝ հայերենի մեջ մեկը մյուսից թերուս եւ մեկը մյուսից հայերենատյաց: Ինչ են արել սրանք… «Պապ թագավորի փող.»-ն անգլերեն թարգմանել են «King Pap str.»: «Հրապարակն» այս մասին արդեն գրել է՝ նշելով. «Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ: Պապ թագավորի փողոցն անգլերեն պետք էր գրել՝ Pap Tagavori street»: Հեղինակը նաեւ հարցրել է՝ դուք լավ չե՞ք, Քինգ Փափն ո՞վ է…
Փաշինյան Նիկոլ եւ Ավինյան Տիկո, ձեր ի՞նչ գործն է, ախր, որ քիթներդ խոթում եք չիմացած տեղերը: Ամեն պար պարել էիք, մնացել էր սարի սմբուլը, հա՞: Թե բա՝ փողոց ենք վերանվանում: Ահա եւ պարզվեց, որ փողոց վերանվանելու համար չի կարելի անգրագետ լինել: Պետք էր թերեւս դիմել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, Լեզվի ինստիտուտ, Լեզվի տեսչություն… Տասնյակ ու հարյուրավոր հիմնարկներ կան, որոնք ձեզ ճանապարհ ցույց կտային: Իսկ դուք ի՞նչ եք արել… Այո, ինքնագլուխ վերցրել ու փողոց եք անվանակոչել: Դե հիմա գնացեք, Պապ թագավորի փողոցի ցուցանակները փոխեք եւ մյուս անգամ նման բան չանեք:
Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է Երեւանում «COP-17 str.» անվանումով փողոց բացել: Ցուցանակի վրա, կարծեմ, հայերեն տառերով գրվելու է «COP-17-ի փող.»: Ասել է թե՝ մեզ հերթական էշությունն է սպասվում: Ի՞նչ է COP-ը: Դա ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովն է, անգլերեն՝ Conference of the Parties, որի 17-րդ հավաքը տեղի է ունեցել Երեւանում եւ, որպես PR ակցիա, ծառայեցվել Նիկոլի նախընտրական «վարկանիշի» բարձրացմանը: Ահա եւ Փաշինյանը որոշել է «վարձահատույց» լինել: Հասկանալի է… Իսկ ի՞նչ են գրելու այդ փողոցի ցուցանակի հայերեն տողում՝ COP-17 ???
COP հապավումը բացելիս ունենում ենք ընդամենը «կողմերի համաժողով» (Conference of the Parties), հետեւաբար, ցուցանակի վրա պետք է հայերեն տառերով գրել՝ «Կողմերի 17-րդ համաժողովի փող.»: Բայց սա չենք կարող անել, որովհետեւ ստիպված ենք լինելու անգլերեն տողում գրել. «Koghmeri 17-rd hamajoghovi str.»: Թեեւ դա այնքան էլ կարեւոր չէ, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ կասեն ՄԱԿ-ում:
Անձամբ ես Փաշինյանին կխնդրեի այսպիսի բարդ գործեր չանել: Մենք քի՞չ գեղեցիկ անվանումներ ունենք, որ կարող ենք տալ ուզածդ ամենաասֆալտապատ փողոցի: Օրինակ՝ «Կիրանցապատի փող.» (Kirantsapat Str.), «Սեւ լճի» փող.» (Black Lake Str.), «Սահմանազատման եւ սահմանագծման փող.» (Delimitation and Demarcation str.), «Արցախի հայաթափման փող.» (Str. of Armenian Deportation in Artsakh), «Օկուպանտի եւ դավաճանի տանգոյի փող.» (Tango Str. of the Occupant and the Traitor), «Սրիկայի վերջին հանգրվան փող.» (The last refuge of the villain Str.): Վերջապես կարելի է «TRIP փող.» բացել (Trump-Recep-Ilham-Pashinyan str.):
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս անելիք չունի: Դա արդեն տեսնում են բոլորը՝ թե՛ նրան մերժողները եւ թե՛ նրանք, որ չկարողացան դա անել ընտրություններում՝ մոտ մեկ ամիս առաջ: Փաշինյանն այսօր, կարելի է ասել, քարկտիկ է խաղում: Քարն օդում բռնե՞ց՝ լավ, չբռնե՞ց՝ հերն էլ անիծած, միեւնույն է՝ մրցակից չունի, եւ անընդհատ ինքն է խաղում: Բայց մինչեւ ե՞րբ: Եթե այդ մարդը երկիր կառավարել իմանար, կիմանար նաեւ, թե ինչ է ճիշտ պահին ինքնակամ հեռանալը: Չգիտի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ահա եւ փողոցներ է բացում ու վերանվանում: Օրհասական պահին քարկտիկը պոզով-պոչո՞վ է լինում: