ԱԽՔ-ից մինչեւ «Սբխեչի ուլ»
Wed, 19 Aug 2026 19:45:34 +0400
Ինձ թվում է, որ մենք նախ պետք է պարզենք՝ պե՞տք է Հայաստանին անվտանգության խորհուրդ, թե՞ պետք չէ: Վստահ եմ՝ ահագին փող է մսխվում այնտեղ, իսկ օգուտը, ինչպես ասում են, սառույցին ու ավազին է գրված: Է՛լ առանձին շենք, է՛լ աշխատակազմ, է՛լ պադավատներ, է՛լ ծիտիկ քարտուղարուհիներ, է՛լ թիկնազոր… Դուռն էլ միշտ փակ, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով մուտք չգործեն: Նիկոլն անձամբ ի՞նչ պակաս անվտանգության խորհուրդ է: Նա կարող է շատ հանգիստ, իր աշխատավարձի սահմաններում, համատեղել վարչապետի եւ անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնները: Դրա համար նրան ընդամենը մի հավելյալ քարտուղարուհի է պետք, որ համապատասխան կառույցներին ուղարկի ՀՀ անվտանգության երաշխավոր Փաշինյանի կարգադրությունները: Ինչի՞ համար են, ուրեմն, այն գյալաջիները, որ ամեն անգամ տեղի են ունենում առանձին շենքում, 10-15 հոգու մասնակցությամբ: Հավանաբար, ուզում են ասել՝ մի խելքը լավ է, 10-15 խելքը՝ ավելի լավ: Դիցուք, Նիկոլի Հայաստանում այդպիսի բան չկա: Այստեղ մի խելքը վատ է, 10-15 խելքը՝ ավելի վատ: Եվ, ուրեմն, թողեք միայն Նիկոլի խելքով տապակվենք ու Նիկոլի խելքով պատկերացում կազմենք մեր անվտանգության խնդիրների (եթե կան այդպիսիք) մասին: Այլապես Նիկոլը քիչ էր, մի հատ էլ Ալեն Սիմոնյան հայտնվեց անվտանգության խորհրդում: Թե նա ինչ է անելու այստեղ, ես որեւէ պատկերացում այդ մասին չունեմ:
Ընդամենը մի երկու օր է, ինչ Նիկոլը Ալեն Սիմոնյանին նշանակել է ԱԽՔ, բայց մեր քաղաքական հանրույթն արդեն հասցրել է նրան մի շարք անուններ կպցնել: Ի մասնավորի՝ «անվտանգության սպառնալիք», «ԱԽ քարտուղարուհի» եւ այլն: Իսկ շարքային հանրությունը, հաշվի առնելով պարոն Սիմոնյանի «թքելու սովորությունը», նմանաձայնության օրենքներով նրան մեծարել է «ՅԱԽՔ» ձայնարկությամբ:
Այսուհանդերձ, հետաքրքիր է, թե երբ է Նիկոլ Փաշինյանը որոշել Ալեն Սիմոնյանին նշանակել ԱԽ քարտուղար: Քանի կար՝ խոսում էին Ալենին «գրեթե մահամերձ» Վահագն Խաչատուրյանի փոխարեն ՀՀ նախագահ նշանակելու մասին: Ի՞նչ պատահեց, ուրեմն, Վահագն Խաչատուրյա՞նն առողջացավ, թե՞ հասկացան, որ ՀՀ նախագահի պաշտոնն Ալենի խելքի բանը չէ: Ալենը թաղում գնացող ա՜, մեռելի հետ սելֆի անող ա՜… Գնա՝ դրսերում թքի-մքի, ու արի, Նիկոլ ջան, դրա պատասխանը տուր: Եվ, ուրեմն, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին նշանակեց ԱԽՔ եւ, ամենակարեւորը՝ երբ կայացրեց այդ որոշումը:
Ասենք, որ Ալեն Սիմոնյանն իրեն վատ չդրսեւորեց Նիկոլի հակաեկեղեցական եւ նախընտրական արշավների ժամանակ: Նա ակտիվ մասնակցում էր «ուղտերթերին», ավտոբուսում միշտ նստում էր Նիկոլի կողքին, նույն մաներաներով սուջուխ եւ այլ ուտելիքներ «խեղդում»: Ասես՝ Նիկոլի կլոնը լիներ: Բայց Ալենը մի մեծ «թերություն» ուներ՝ ավելի շատ մոտ էր ռուսների հետ, Նիկոլից հազար անգամ լավ էր խոսում ռուսերեն եւ լավ հարաբերությունների մեջ էր ՌԴ խորհրդարանականների ու հատկապես Մատվիենկոյի հետ: Ծաղիկներ, բաներ, հասկանում ես…
Փաշինյանի արտաքին կուրսի փոփոխության հետ մեծացավ նաեւ Ալեն Սիմոնյանի պահանջարկը՝ որպես պաշտոնյայի, որ վերջին պահին, երբ Ռուսաստանի համբերության բաժակը լցվի, կարողանա փրկել Նիկոլի հետույքն ու նրան ներկայացնել համեմատաբար ռուսամետ, բայց Արեւմուտքից խաբված, ԵՄ-ից «քցված», Էրդողանից ու Ալիեւից մրսող գործիչ: Ռուսները, կարծում եմ, Ալեն Սիմոնյանի նշանակումն ԱԽՔ-ի պաշտոնում կգնահատեն որպես Նիկոլ Փաշինյանի՝արտաքին կուրսի փոփոխության լավ նշան: Այլ խոսքով՝ անառակ որդին վերադառնում է՝ «մտածեցին» ռուսները: Այնպես որ, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաքների ժամանակ, որոնցից վերջին շրջանում միշտ բացակայում էր նախկին «ՅԱԽՔ» Արմեն Գրիգորյանը, մենք կնկատենք Ալեն Սիմոնյանի մշտական ներկայությունն ու ռեւերանսները ռուսական վերադասին: Դե հիմա՝ կուրս է փոխվում, ինչքան խաղացին՝ խաղացին, ինչքան թպրտացին՝ թպրտացին: Եկել է ժամանակը՝ սեփական կաշին փրկելու, իսկ Ալեն Սիմոնյանը, ըստ Նիկոլի, ամենահարմար «Սբխեչի ուլն» է այս գործում:
ՀԳ. Անհամբեր սպասում եմ հայ արեւմտամեռ հատվածի արձագանքին: