Մի թեքահարթակը՝ որպես քաղաքացու հանդեպ վերաբերմունքի չափանիշ

Մի թեքահարթակը՝ որպես քաղաքացու հանդեպ վերաբերմունքի չափանիշ

Thu, 20 Aug 2026 13:15:15 +0400


Պետության, համայնքի վերաբերմունքն իր քաղաքացիների հանդեպ չափվում է ոչ թե մեծ ծրագրերով, հանդիսավոր ելույթներով ու բարձրագոչ սիրո խոստովանություններով, այլ ամենապարզ հարցերով։ Օրինակ, մարդը կարո՞ղ է առանց որեւէ մեկի օգնության մտնել հանրային շենք, եթե տեղաշարժման դժվարություններ ունի եւ սայլակի վրա է։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի թեքահարթակի պատմությունը նման մի չափանիշ է։

Թեքահարթակը կառուցվել էր շենքի գլխավոր մուտքի մոտ, հետո ապամոնտաժվել, թե, իբր, չի համապատասխանում շենքի ճարտարապետական տեսքին: Խոստացան նոր լուծում։ Անցան տարիներ, նոր թեքահարթակ դեռ չկա։ Խնդրի մասին բնակիչները, տարբեր կազմակերպություններ բարձրաձայնում են արդեն հինգ տարի՝ Վանաձորի համայնքապետարան, Լոռու մարզպետի աշխատակազմ, ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Բայց գործը տեղից չի շարժվում։
Բայց եթե թեքահարթակը չէր համապատասխանում շենքի ճարտարապետական տեսքին, ո՞վ եւ ինչո՞ւ էր թույլատրել դրա կառուցումը։ Եթե այն պետք էր հեռացնել, ինչո՞ւ հին թեքահարթակի ապամոնտաժմանը զուգահեռ չկառուցվեց անվտանգ այլընտրանք։ Մի պատճառաբանությունն էլ այն էր, թե չէր համապատասխանում մատչելիության քաղաքաշինական նորմերին։
2020 թ. հունիսին ընտրատեղամասերի մատչելիության մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել է նաեւ մշակույթի պալատը։ Եվ ի՞նչ… Թեքահարթակի չափումները համապատասխանում էին մատչելիության չափորոշիչներին։

Այս պատմության ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ սա միայն ՀԿ-ների բարձրաձայնած խնդիրը չէ՝ 2020 թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես հայտարարել է, որ պալատի թեքահարթակի ուսումնասիրության ժամանակ արձանագրվել է՝ հաշմանդամություն ունեցող անձինք չեն մասնակցել թեքահարթակի քանդման վերաբերյալ որոշման կայացմանը։ Պաշտպանը շեշտել է, որ գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի եւ հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետք է ապահովի մարդու ինքնուրույն տեղաշարժը: Այսինքն՝ դեռ 2020-ին անկախ կառույցը խնդիրը ոչ միայն տեսել է, այլեւ հստակ ձեւակերպել, թե ինչպիսին պետք է լինի լուծումը։

Նախագիծը կար․ որտե՞ղ է այն: 2021 թ. օգոստոսի 26-ին Վանաձորի նախկին համայնքապետի թիվ 0210466 գրությամբ տեղեկացվել է, որ գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մշակել է նոր թեքահարթակի էսքիզային նախագիծ։ Բայց ո՞ւր է այդ նախագիծը։ Կա՞ արդյոք տեխնիկական կամ ֆինանսական պատճառ, որը խոչընդոտել է աշխատանքի իրականացմանը։ Եթե կա՝ ինչո՞ւ այդ մասին հանրությանը եւ խնդիրը բարձրաձայնող կազմակերպություններին չի հաղորդվել։ Սրանք մեղադրանքներ չեն։ Սրանք պարզ, պատասխան պահանջող հարցեր են։

Թեմային անդրադառնալով՝ սոցիալական ծառայության ոլորտի երկարամյա աշխատակից Վալերի Ջաղինյանն ասաց․ «Քանդեցին, խոստացան, մոռացան»։ Նա նաեւ հիշատակեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կառուցած թեքահարթակի մետաղական կոնստրուկցիաների ճակատագիրը, հարցնելով՝ դրանք որտե՞ղ են։ Այս հարցը նույնպես արժանի է պարզաբանման։ Ոչ թե ենթադրությունների, այլ փաստաթղթերի միջոցով։ Ո՞ւմ էր հանձնված ապամոնտաժված կոնստրուկցիան։ Կա՞ ընդունման-հանձնման փաստաթուղթ եւ այլն։

2024 թ. մշակույթի պալատից գողացել էին ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ։ Հնարավո՞ր է, որ «մետաղական կոնստրուկցիաները» նույն ճակատագրին են արժանացել։ Ազնավուրի անվան մշակույթի պալատը սովորական վարչական շենք չէ, այստեղ պարբերաբար միջոցառումներ են տեղի ունենում, աշխատում են ստեղծագործական խմբեր, բեմ են բարձրանում կատարողներ, «Հորովել» երգի-պարի ժողովրդական համույթը։ Մարդիկ գալիս են մշակույթ վայելելու, երգելու, պարելու, քանի՞ մարդու ենք զրկում այդ մասնակցությունից այն պատճառով, որ նրանք չեն կարող աստիճաններով բարձրանալ։ Հաշմանդամություն ունեցող քանի՞ անձի ենք զրկում պալատ այցելելուց։ Մարդը չպետք է որեւէ մեկին խնդրի՝ իրեն օգնել՝ մտնել այն շենքը, որը բաց է հասարակության համար։

Սա ոչ թե բարեգործություն է, այլ՝ իրավունք

Հայաստանը 2010 թ. սեպտեմբերի 22-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որի 9-րդ հոդվածը վերաբերում է մատչելիությանը։ ՄԱԿ-ը դեռ ավելի վաղ Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներում արձանագրել է, որ երկրում առկա են մատչելիության լուրջ խնդիրներ, այդ թվում՝ շենքերի, քաղաքաշինական միջավայրի եւ հանրային ծառայությունների ոլորտում։ Կոմիտեն Հայաստանին առաջարկել էր վերացնել խոչընդոտները եւ ապահովել մատչելիության նորմերի արդյունավետ իրականացումը։ Այնպես որ՝ թեքահարթակը «հարմարավետություն» չէ, այլ՝ մարդու իրավունքի իրացման միջոց։

Հինգ տարին չափազանց երկար ժամանակ է՝ մեկ մուտքի խնդիր լուծելու համար։

Հատկապես՝ երբ խոսքը ոչ թե հսկա ենթակառուցվածքային ծրագրի, այլ մեկ հանրային շենքի մատչելի մուտքի մասին է։
Եվ մեզ պետք են կոնկրետ պատասխաններ՝ ինչո՞ւ ապամոնտաժումից առաջ կամ անմիջապես հետո չստեղծվեց այլընտրանքային մատչելի մուտք, որտեղ է Սուրեն Աբովյանի մշակած էսքիզային նախագիծը։ Ինչ ժամկետում է նախատեսվում ապահովել մշակույթի պալատի գլխավոր մուտքի մատչելիությունը, քանի տարի պետք է սպասի հաշմանդամություն ունեցող մարդը, որպեսզի մշակույթի պալատ մտնելու համար ոչ թե օգնություն խնդրի, այլ պարզապես բացի դուռը եւ ներս մտնի։
Մի թեքահարթակը գուցե փոքր խնդիր կթվա նրանց համար, ովքեր ամեն օր առանց դժվարության բարձրանում են աստիճաններով, բայց այդ փոքր խնդրի մեջ է «մեծ» վերաբերմունքը։ Մշակույթի պալատը պետք է լինի մշակույթի տուն՝ բոլորի համար։
Իսկ մատչելիությունը բարեգործություն չէ, արտոնություն չէ եւ որեւէ մեկի հանդեպ «լավություն» չէ։ Դա մարդու իրավունք է, պետության պարտականություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը Mon, 26 Oct 2026 14:00:00 +0400 Թուրքական Anadolu լրատվական…

13 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ Mon, 26 Oct 2026 13:45:59 +0400…

27 րոպե ago

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն Mon, 26 Oct 2026 13:41:49 +0400 Երևանում նախատեսվում է…

31 րոպե ago

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո Mon, 26 Oct 2026 13:30:39 +0400 Թուրքիայի…

42 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Mon, 26 Oct 2026…

52 րոպե ago

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը Mon, 26 Oct 2026 13:15:38 +0400 Երևանի մետրոյի «Աջափնյակ»…

57 րոպե ago