Անհրաժեշտ է ուղիղ հարց ուղղել իշխանությանը․ իրականում ի՞նչ է նախատեսվում փոխել
Thu, 20 Aug 2026 16:50:56 +0400
Կառավարության 2026–2031թթ․ ծրագրի նախագիծը սովորական հնգամյա գործունեության ծրագիր չէ։ Այն գործող իշխանության գաղափարական պատկերացումները պետական քաղաքականության վերածելու և Հայաստանի ազգային ու պետական օրակարգը վերաձևավորելու փաստաթուղթ է։
Ծրագրի առավել մտահոգիչ առանձնահատկությունը հետևյալ անհամաչափությունն է․ որտեղ Կառավարության լիազորությունները սահմանադրորեն սահմանափակ են՝ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և նոր Սահմանադրության ընդունման հարցերում, օգտագործվում է կոշտ՝ «ապահովվելու է» ձևակերպումը։ Իսկ այնտեղ, որտեղ պետությունն ունի ուղղակի պատասխանատվություն՝ արցախահայության իրավունքների պաշտպանություն, Բաքվում պահվող հայեր, անհետ կորածներ, մշակութային ժառանգություն և միջազգային դատական գործընթացներ, ծրագիրը գրեթե լռում է։
Ծրագրի ամբողջական տեքստում «Արցախ» բառը չի հիշատակվում նույնիսկ մեկ անգամ։ «Ղարաբաղ» բառը հանդիպում է ընդամենը մեկ անգամ՝ Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակարանային ծրագրի համատեքստում։
Այսպիսով, Արցախի հարցը քաղաքական, անվտանգային և միջազգային-իրավական հարթությունից իջեցվում է սոցիալական բնակապահովման խնդրի մակարդակի։ Ծրագրում որևէ հանձնառություն չկա արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, սեփականության, մշակութային ու եկեղեցական ժառանգության պաշտպանության, Բաքվում ապօրինի պահվող հայերի, անհետ կորածների և միջազգային դատական գործընթացների վերաբերյալ։
Մինչդեռ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշմամբ Ադրբեջանի վրա դրված է Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անարգել ու արագ վերադարձն ապահովելու պարտավորություն։ Արցախի հարցի բացակայությունը պետական ծրագրից այդ իրավունքները դեռ իրավաբանորեն չի վերացնում, բայց քաղաքական մակարդակում դրանք դուրս է մղում Հայաստանի առաջնահերթությունների շրջանակից՝ նվազեցնելով նաև պետության հետագա պահանջատիրության և բանակցային հնարավորությունները։
Երկրորդ լրջագույն խնդիրը Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող բաժինն է։ Կառավարությունը խոստանում է ապահովել ՀԱԵ «փաստացի պետի հեռացումը», Կաթողիկոսական տեղապահի, ապա նաև նոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։
Սա ուղղակիորեն առնչվում է սահմանադրական իրավասությունների խնդրին։ Սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից և օժտված են ինքնավարությամբ։ ՀԱԵ-ի հետ հարաբերությունների մասին օրենքով պետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Որևէ իրավական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Կաթողիկոսին կամ ապահովել նրա իրավահաջորդի ընտրությունը։
Պետությունը կարող է օրենքով պահանջել ֆինանսական հաշվետվողականություն, հետաքննել ենթադրյալ հանցագործությունները և պաշտպանել հանրային շահը։ Բայց Եկեղեցու ղեկավարության փոփոխությունը պետական ծրագրի նպատակ դարձնելը միջամտություն է նրա ներքին կառավարմանը։
Ավելին՝ իշխանությունը հայտարարում է Եկեղեցին ապաքաղաքականացնելու մասին, բայց հենց ինքն է Կաթողիկոսի հարցը դարձնում կառավարական և կուսակցական քաղաքականության առարկա։ Սա կարող է հանգեցնել ՀԱԵ-ի ներքին պառակտման, Սփյուռքի թեմերի հակազդեցության, դատական վեճերի և ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ քաղաքական իշխանությանը ենթարկելու փորձի։
Երրորդ առանցքային հարցը նոր Սահմանադրությունն է։ Ծրագրում դրա ընդունումը ներկայացվում է որպես առաջնահերթություն, սակայն չի բացատրվում, թե գործող Սահմանադրության հատկապես ո՞ր անլուծելի թերություններն են պարտադրում ամբողջովին նոր Սահմանադրության ընդունումը։
Որպես նոր Սահմանադրության նպատակներ նշվում են ժողովրդի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունների տարանջատումը, պետական մարմինների հաշվետվողականությունն ու դատարանների անկախությունը։ Բայց այդ սկզբունքներն արդեն ամրագրված են գործող Սահմանադրությամբ։
Ուստի անհրաժեշտ է ուղիղ հարց ուղղել իշխանությանը․ իրականում ի՞նչ է նախատեսվում փոխել՝ կառավարման մոդե՞լը, Անկախության հռչակագրի հետ կապը, ՀԱԵ-ի սահմանադրական կարգավիճա՞կը, թե՞ ազգային և պատմաիրավական այն հիմքերը, որոնք շարունակում են անհանգստացնել Ադրբեջանին։
Այս հարցն առավել սկզբունքային է, քանի որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը հրապարակայնորեն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Մինչդեռ հրապարակված համաձայնագրում նման պահանջ չկա, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն պարզաբանել է, որ գործող Սահմանադրությունից Հայաստանի կողմից տարածքային պահանջներ չեն բխում։
Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը դեռևս իրավաբանորեն հիմնավորված չէ։ Փոխարենը առկա է արտաքին պահանջին ընդառաջ գնալու և այն Հայաստանի ներքին քաղաքական նախաձեռնություն ներկայացնելու հիմնավոր կասկած։
Ծրագրի վերջում հայտարարվում է, որ Հայաստանը մտնում է «Չորրորդ Հանրապետության» փուլ։ Բայց չի բացատրվում, թե ինչ իրավական և պետական բովանդակություն ունի այդ հասկացությունը։ Այս անորոշությունը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը ոչ միայն սահմանադրական բարեփոխման, այլև 1991 թվականին հիմնադրված Հայաստանի Հանրապետության պատմաքաղաքական հիմքերի վերաիմաստավորման մասին է։
Նույնքան վտանգավոր է անվտանգության այն բանաձևը, ըստ որի՝ խաղաղությունն անվտանգության «միակ գործուն և հուսալի երաշխիքն է»։ Խաղաղությունը նպատակ է, բայց այն չի կարող փոխարինել բանակին, զսպման կարողությանը, պայմանագրերի կատարման վերահսկողությանը և խախտումների արձագանքման մեխանիզմներին։ Չերաշխավորված խաղաղությունը ոչ թե անվտանգության համակարգ է, այլ քաղաքական հույս։
Ամբողջության մեջ ծրագիրը պետական ներուժը կենտրոնացնում է ազգային ինստիտուտների, պատմական հիշողության և ինքնության ներքին վերաձևավորման վրա՝ միաժամանակ թուլացնելով Արցախի, արցախահայության իրավունքների և արտաքին պահանջատիրության օրակարգը։
Սա ոչ թե հավասարակշռված պետական վերափոխման, այլ աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է։ Իսկ մի պետության համար, որը կանգնած է անվտանգային ծանր մարտահրավերների առջև, նման գաղափարական արկածախնդրության գինը կարող է չափազանց բարձր լինել։
Դավիթ Անանյան