Աննորմալությունների շղթա

Աննորմալությունների շղթա

Sat, 22 Aug 2026 21:45:49 +0400


Համաձայն եմ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանի հետ, որ «Տիգրանաշենը բոլորինս է։ Եվ այն կորցնելու դեպքում՝ կորցնում ենք բոլորս»: Ավելացնեմ, որ Տիգրանաշենը կորցնելու դեպքում մեծ հավանականությամբ կարող ենք կորցնել ոչ միայն այդ բնակավայրը, այլև Հայաստանի ողջ հարավային մասը: Այսինքն Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերը կամ 6814 քառ/կմ տարածք:

Եվ եթե Տիգրանաշենի բնակչության քանակն ընդամենը 120 է, ապա երկու մարզերի բնակչությանը՝ 210 հազար: Կամ ՀՀ բնակչության 7 տոկոսը, եթե ողջ բնակչության թվաքանակն ընդունենք 3 միլիոն: Այսինքն, այդքան մարդ կարող է աստիճանաբար տնավեր դառնալ: Էլ չեմ խոսում բնական և այլ ռեսուրսների կորստի մասին: Ու Հայաստանի երրորդ կամ Նիկոլի երազած չորրորդ հանրապետությունը կունենա մոտավորապես այնքան տարածք, որքան նախատեսվում էր 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ի հայ-թուրքական պայմանագրով:

Վերադառնանք Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառմանը: Նա դեմ է հունիսի 7-ին տիգրանաշենցիների ընտրության արդյունքների քննարկմանը: Այնտեղ, ի դեպ, բնակվում է ընդամենը 120 մարդ, դրանցից ավելի քան 30-ն անչափահաս է, որոնցից 4-ը գնում են Պարույր Սևակ գյուղի դպրոց: Սակայն, ինչպես պարզեց «Հրապարակ»-ի լրագրողը, տիգրանաշենցիները քվեարկել են համայնքային կենտրոնում՝ Պարույր Սևակ գյուղում: Եվ, բնականաբար, նրանց քվեները տարրալուծվել են համայքային կենտրոնի բնակիչների կողմից տրված քվեներում:
Այնպես որ, մենք չգիտենք, թե որքան ընտրող է ձայն տվել ՔՊ-ին: Բայց ՔՊ-ն այդ գյուղից չպետք է ստանար նույնիսկ մեկ ձայն: Որովհետև այն քչերը, որ ձայն են տվել ՔՊ-ին, դա արել են՝ իմանալով հանդերձ, որ իրենց գյուղը հանձնվելու է թշնամուն: Իսկ գիտեին, որովհետև դրա մասին անընդհատ է խոսվել վերջին երկու-երեք տարում: Չնայած ուղղակիորեն հանձնելու փոխարեն հարցը մշտապես ներկայացրել է սահմանազատման գործընթացի համատեքստում: Ինչը նույն երևույթն է՝ անվանումը մի փոքր այլ: Համենայն դեպս, Տավուշում անցկացված սահմանազատման և սահմանագծման ընթացքում մենք միայն տարածք կորցնողի դերում էինք: Ու բացարձակ վստահություն չկա, որ այդ ավանդույթը երբևէ կարող է խախտվել հօգուտ մեզ:

Դա, իհարկե, մտածողության աննորմալություն է, բայց դա միայն այդ գյուղի ընտրողներին չի վերաբերում: Սա վերաբերում է հայաստանցիներին, որ 30 տարի առաջ մեկ մարդու նման ոտքի կանգնեցին՝ Ղարաբաղ պահանջելով: Իսկ այդքան տարի անց հայրենիքի մասեր ենք կորցնում՝ Ղարաբաղ-Արցախն արդեն կորցրած, ու խելքի չենք գալիս: Ու պատրաստ ենք հայրենի հողը փոխանակել գործող իշխանության կողմից կատարված փոխհատուցման հետ: Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ, բայց, դժբախտաբար, հայաստանցիների մեծամասնության մասին է. Տավուշի մարզի Կիրանցում ընդամենը 7 անձ (կամ մի քանի ընտանիք) հրաժարվեց փոխհատուցումից:

Ու, կրկին դժբախտաբար, այդ մեծամասնության մեջ է, այսպես կոչված, մշակութային էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը, ինչը կրկնակի աննորմալություն է: Քանի որ դրանք, իրենց էության համաձայն, չպետք է լինեին հայրենիքի զգացողությունից զերծ մեծամասնության մեջ: Դրանք ոչ միայն պետք է լինեին փոքրամասնության մեջ, այլև պետք է հանդիսանային հասարակության այդ հատվածի դրոշակակիրը: Հատկապես մեր օրերում, երբ պետության ղեկավարությունն է գործում այնպես, ինչպես կգործեին երկրի իշխանությանը տիրացած՝ օտարերկրյա թշնամական գործակալները: Որոնց միակ նպատակն իրենց տերերի պահանջները կատարելն է: Եվ դրա դիմաց ՀՀ պետական բյուջեից հսկայական աշխատավարձ ու պարգևավճարներ դուրս գրելը՝ որպես իրենց «տքնաջան» աշխատանքի վարձատրություն:

Հոդվածի սկզբում հիշատակված պայմանագիրը, բարեբախտաբար, չեղարկվեց ռուս բոլշևիկների կողմից: Եվ սովետական Հայաստանը ձեռք բերեց ավելի քան 30 հազար քառ/կմ տարածք: Ինչն աստիճանաբար հանրապետության ղեկավարության անգործության, խիստ մեղմ ասած, պայմաններում վերածվեց ընդամենը 29800 քառ/կմ-ի: Եվ արդեն մեր օրերում, Նիկոլի ձեռքի՝ չգիտես ինչ չար կախարդական փայտիկի զորությամբ, վերածվեց 29743 քառ/կմ-ի: Իսկ հաշվի առնելով թշնամական ագրեսիայի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստը՝ ենթադրաբար կազմում է 28500 քառ/կմ կամ դրանից էլ պակաս: ՀՀ տարածքի Ճշգրիտ չափը, համենայն դեպս, չգիտի նույնիսկ երբեմնի «դուխով», իսկ մեր այս դժբախտ օրերում խայտառակ պարտության խորհրդանիշ՝ «մեծարգո» հորջորջված վարչապետը:

Որպես վերջաբան ներկայացնեմ ռուսախոս ուկրաիանական տելեգրամյան ալիքներից մեկի («Նաբլյուդատել»՝ Դիտորդ) երեկվա նյութերից մի հատված: «Զելենսկիի վարկանիշը կտրուկ անկում է ապրել. հարցումների համաձայն՝ նախագահական ընտրություններում նա կպարտվեր Զալուժնիին, Ֆեդորովին և Բուդանովին (իր հավանական մրցակիցներին՝ Վ. Ս.), ուստի թույլ չի տա, որպեսզի պատերազմն ավարտվի: Նրա վարկանիշի հետ միասին փլուզվել է Ուկրաինայի ապագան, բայց նրան դա չի հուզում: Զելենսկին չի ցանկանում խճճվել նախագահական ընտրություններում, քանի որ կարող է պարտվել, ինչից նա սարսափում է, բայց ոչ ժողովուրդը: Ժողովրդի համար շատ ավելի սարսափելի է, որ հանուն նախագահին պահպանելու՝ մենք շարունակում ենք կորցնել Ուկրաինան»:

Ինչպես տեսնում ենք, նույն երևույթը՝ մի թեթև փոխված, առկա է մեզանում: Այն մեկը խուսափում է ընտրություններ կազմակերպելուց, իսկ այս մյուսն աննորմալ ընտրախախտջումներով պահպանում է իր պաշտոնը: Ու երևի նաև դա է պատճառը, որ Ռուսաստանի դեմ թշնամության գնով խայտառակ պարտության խորհրդանիշ վարչապետն անընդհատ Ուկրաինայի նախագահին մերձենալու քայլեր է կատարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

11 րոպե ago

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400 Այս տարվա հուլիսին…

26 րոպե ago

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններին Sat, 22 Aug 2026 22:45:59…

41 րոպե ago

Օրինականացրել են «լրտեսների որսը»

Օրինականացրել են «լրտեսների որսը» Sat, 22 Aug 2026 22:30:18 +0400 Իրանի խորհրդարանը հավանություն է տվել…

56 րոպե ago

Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով

Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով Sat, 22 Aug 2026…

1 ժամ ago

Կարևոր հայտարարություն արեց

Կարևոր հայտարարություն արեց Sat, 22 Aug 2026 22:00:51 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,…

1 ժամ ago