Հերթական մրցանակը՝ հանուն պետության վերացման

Հերթական մրցանակը՝ հանուն պետության վերացման

Sun, 23 Aug 2026 21:45:46 +0400


Գերմանիայի Հեսսեն երկրամասի Գիսեն քաղաքում գործող Ալբերտ Օսվալդի հիմնադրամը Փաշինյանին շնորհել է Հեսսեյան խաղաղության մրցանակ: Այն կհանձնվի սեպտեմբերի 18-ին երկրամասի մայրաքաղաք Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում: Մրցանակն, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ»։

Թե ինչպիսի ինստիտուտներ է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ չի կարող չիմանալ գրագետ և հայրենասեր ու, բնականաբար, ոչ նիկոլական քաղաքացին: Չնայած երևի կարիք չկար շեշտելու վերջին պահը, քանի որ նշված հատկանիշներով և, միաժամանակ, նիկոլական քաղաքացի գտնելը նույն արդյունքը կունենար, ինչ օրը ցերեկով լապտերի լույսով փնտրելը. հին հունական փիլիսոփա Դիոգենեսի ականջը կանչի: Իսկ թե ինչքանով են այդ ինստիտուտները ժողովրդավարական՝ կարող էր ասել նույնիսկ հույն փիլիսոփան՝ եթե ինչ-որ հրաշքով մի պահ հայտնվեր 21-րդ դարասկզբի Հայաստանում:

Վերադառնանք մրցանակին, ինչի շնորհման առումով խորհրդարանի ամփոփագրում նշվում է, որ որպես «2018-ի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը նա (այսինքն, դեռևս «դուխով» Նիկոլը) ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար»: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Խորհրդարանական ընտրությունները որպես միակ համապետական միջոցառում ներդնելը, որով ՀՀ-ն նույնանում էր եվրոպական պրակտիկային, Սերժ Սարգսյանի շնորհն էր: Չնայած ինչպես ավելի ուշ պարզվեց՝ դա միաժամանակ նրա ամենամեծ սխալն էր:

Իսկ եթե խոսվում է օրինական ընտրությունների անցկացման մասին, ապա 2026-ին անցկացվածն ամենախայտառակն էր վերջին 15 տարվա կտրվածքով: Հայաստանցի ընտրողը վաղուց չէր բախվել այնպիսի ընտրախախտումների, այն էլ ժողովրդավարականի անվան ներքո ներկայացված, ինչպիսիք տեղի ունեցան այս տարի: Այն ամենախայտառակն էր թե՛ օրինականության և թե՛ քարոզարշավի բարոյա-հոգեբանական ազդեցության առումով:

Եվ եթե այդ ընտրախախտումները հենց այն մեխանիզմն են, որով Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, ապա քիչ է մնում ցավ զգամ նույն այդ միության ճակատագրի առումով: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ գյուղմթերք արտադրող ֆերմերների և այլ գյուղացիների (դեռևս միայն իրենց) հաշվին Ռուսաստանի նկատմամբ թշնամություն անելով ԵՄ-ին մերձենալը չեմ կարծում, թե հարցի լուծման լավագույն տարբերակն է: Հատկապես որ ԵՄ անդամ երկրներն այս կամ այն հարցում՝ իրենց պետական շահերը սպասարկելու նպատակով, խնդրներ են ստեղծում ընդհանրապես ԵՄ-ի հետագա գոյության տեսակետից:

Վերցնենք ամենավերջին օրինակը: Միջերկրածովյան աֆրիկական ափին գտնվող՝ իսպանական Սեուտա կիսաանկլավ արաբ երիտասարդների ներթափանցումից հետո ԵՄ երկրների կառավարությունները հայտարարեցին Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու անհրաժեշտության մասին: Իսկ Իտալիան դա արեց միակողմանիորեն՝ սահմանելով մեկամսյա ստուգումներ Իսպանիայից օդային և ծովային ճանապարհով ժամանող՝ ԵՄ անդամ երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ: Չնայած իտալական քայլի ադեկվատությանը՝ նույն սահմանափակումն Իսպանիան կիրառեց Իտալիայից ժամանողների վրա:

Կրկին վերադառնալով մրցանակին՝ արձանագրենք, որ դրա շնորհման պատասխանատուների կարծիքով, Փաշինյանի գործունեության արդյունքում ստեղծվում են տարածաշրջանային կայունության և խաղաղության երկարաժամկետ ապահովման հիմքեր: Գերմանացի գիտնականների կողմից հատկապես արժևորվել է Փաշինյանի՝ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուց չխուսափելը: Ինչը վկայում է, որ նրանք գիտակցում են այն հանգամանքը, որ հենց նրա զիջողականությունից է կախված տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քանի որ գործընթացի մյուս կողմում գտնվող անձն անընդհատ պահանջներ է ներկայացնում՝ դրանով հարվածի տակ դնելով նույնիսկ պարտվողական խախաղության հաստատումը: Ու հենց այդ պատճառով է մրցանակը շնորհվել միայն Փաշինյանին՝ ի տարբերություն «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի, որը նրան և Ալիևին շնորհվել է ԱՄԷ-ի կողմից:
Ամփոփագրում նշվում է, որ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Փաշինյանի որդեգրած մոտեցումը պայմանավորված է բռնության հետագա տարածումը կանխելու և ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով»։ Այս առումով չենք կարող չզարմանալ, որ գերմանացի քաղաքական գործիչներն ու գիտնականները մոռացել են, որ պարտվողական խաղաղասիրական քաղաքականությունը երբեք չի կարող լինել նախաձեռնողական: Որովհետև դա հանգեցնում է ամբողջական կապիտուլյացիային՝ ինչպես տեղի ունեցավ 1938-ին Չեխոսլովակիայի դեպքում: Կամ էլ պետականության կորստին՝ ինչի առջև այսօր կանգնած ենք մենք:

Ինչևէ, հերթական անգամ ստիպված ենք դիտարկել օտարների կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կապիտուլյացիոն քաղաքականությունը շնորհավորելու հանգամանքը: Եվ հույս հայտնել, որ հիպոթետիկ «չորրորդ հանրապետության» ձևավորման խոսույթում կյանքի չի կոչվի Հայաստան պետության վերացումը: Որովհետև մինչ այդ երկրի ազգաբնակչությունը կվերածվի պետական շահն ընկալող ադեկվատ քաղաքացիների: Ու կանի համապատասխան եզրակացություն: Որպեսզի հանուն պետության վերացման՝ օտարների շնորհած հերթական մրցանակը չվերածվի ճակատագրականի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը Mon, 24 Aug 2026 00:30:55 +0400 Աշխարհահռչակ…

3 ժամ ago

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում Sun, 23 Aug 2026 23:45:04 +0400 Բրիտանական Սասեքսի…

4 ժամ ago

Իրանի դեմ տնտեսական ճնշումները ցանկալի արդյունք չեն տա․ Մոհամեդ Ռըզա Արեֆ

Իրանի դեմ տնտեսական ճնշումները ցանկալի արդյունք չեն տա․ Մոհամեդ Ռըզա Արեֆ Sun, 23 Aug 2026…

4 ժամ ago

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են»

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Sun, 23 Aug…

5 ժամ ago

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև Sun, 23 Aug 2026 23:13:18 +0400…

5 ժամ ago

Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը

Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը Sun, 23 Aug 2026 23:05:53 +0400 Չորս մարդ…

5 ժամ ago