ԱՄՆ ռազմական ինքնաթիռն անսպասելի ժամանել է Մոսկվա․ ի՞նչ է հայտնի
Tue, 25 Aug 2026 15:30:37 +0400
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Boeing C-17 Globemaster III-ը՝ RCH4555 կոչական նիշով, Ռիգայից մեկնել է Մոսկվա երեքշաբթի՝ օգոստոսի 25-ի առավոտյան։ Թռիչքների պատմության մեջ նշված է Մերիլենդ նահանգի Քեմփ Սփրինգսը, որտեղ գտնվում է Էնդրյուսի համատեղ բազան, որտեղ էլ տեղակայված են ԱՄՆ նախագահի կողմից օգտագործվող ինքնաթիռները։
C-17-ը նախատեսված է զորքերի և խոշոր բեռների տեղափոխման համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի Վնուկովոյում վայրէջք կատարած ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մասին։