«Հրապարակ»․ Ինչպես պետական գաղտնիքի գինը դարձավ չստացված գրանտի նախահաշիվ
Thu, 27 Aug 2026 10:45:03 +0400
ՀՀ Քննչական կոմիտեն օգոստոսի 19-ին պաշտոնապես հայտարարեց, որ Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտված է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու նպատակով։
Քննչական կոմիտեն ամիսներ շարունակ հանրությանը համոզում էր, թե Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց ռուսական կողմին պետական գաղտնիք է փոխանցել, այսինքն, ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել եւ տվել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին: Իսկ պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ ասվածն էլ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններն են:
Մեղադրականում, որը գնացել է դատարան, սակայն, այս նախնական վարկածը փոխված է: Քննիչները ստիպված են եղել հրաժարվել «օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ» ձեւակերպումից: Դրա փոխարեն նշված է՝ «ՀԿ ներկայացուցիչ», իսկ «գաղտնի փաստաթղթի» փոխարեն նշվում է ինչ-որ նախագծի նախահաշիվ: 622 հազար դոլարն էլ, որը Թեւանյանը, ըստ նախնական վարկածի, իբր ստացել էր պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի փոխանցման համար, իրականում ոչ թե գաղտնի տեղեկության գինն է եղել, այլ, ինչպես պարզվում է, ռուսական կողմին ներկայացված ինչ-որ նախահաշվի կամ մեդիա աջակցության ծրագրի շրջանակներում կազմված փաստաթուղթ: Այսինքն, սա բյուջեի հաշվարկ էր մի նախագծի համար, որն արդյունքում նույնիսկ չի էլ ֆինանսավորվել, ընդ որում, դա եղել է այն ժամանակ, երբ Անդրանիկ Թեւանյանն արդեն դուրս էր եկել «Հայաստան» դաշինքից, վայր էր դրել պատգամավորի մանդատը եւ հասարակական կազմակերպություն էր ղեկավարում: Իսկ 622 հազար դոլարը շրջանառության մեջ դնելը մի նպատակ ուներ` չքավոր հասարակության վրա տպավորություն թողնել, որ ընդդիմադիր գործիչն այսքան փող է ստացել` հայրենիքը դավաճանելու դիմաց:
Այս տեղեկությունը, որը կուլիսներում շրջանառվում էր, անուղղակիորեն հաստատվեց նախաքննության ավարտին` դեռ օգոստոսի 11-ին Անդրանիկ Թեւանյանի փաստաբանական թիմի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ մեղադրանքում չկա ո՛չ գումարի ստացման, ո՛չ պետական գաղտնիքի, ո՛չ էլ այն պարունակող փաստաթղթի մասին որեւէ պնդում, իսկ քրեական գործի նյութերով չի հիմնավորվում, որ Թեւանյանն իրական ֆինանսավորում կամ գումար է ստացել:
Ստացվում է, որ եթե, օրինակ, հայաստանյան որեւէ ՀԿ դիմի արեւմտյան կամ ռուսական գրանտի համար, Փաշինյանի իրավապահները կարող են նրան կալանավորել հայրենիքի դավաճանության հոդվածով, զուտ դիմելու համար, անգամ եթե դրամաշնորհի հայտը մերժվել է:
Հայաստանը չունի ինոագենտների վերաբերյալ կարգավորում, որը կա ԱՄՆ, ՌԴ օրենսդրություններում: Հայաստանում քաղաքական ենթատեքստ ունեցող գործունեությամբ զբաղվելու համար կազմակերպությունը չպետք է ունենա հատուկ կարգավիճակ, եւ եթե դատում ենք Անդրանիկ Թեւանյանին եւ նրա կազմակերպությանը՝ այլ երկրի կազմակերպությունից գրանտ ստանալու համար, հետեւապես պետք է դատվեն բազմաթիվ այլ ՀԿ-ներ: Օրինակ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կամ բոլոր այն ՀԿ-ները, որոնք բանակում կամ քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ են անում, ընտրությունների դիտարկման կամ մեդիագործունեության համար դրամաշնորհներ ստանում Եվրոպայից: Քանի՞ ՀԿ ունենք՝ ոստիկանության բարեփոխումներով, դրա մոնիտորինգով զբաղվող: Բոլորը նախահաշիվ են կազմում, ներկայացնում դոնոր կազմակերպությանը, ստանում գումար, անգամ երբեմն հայաստանյան իրավիճակի վերլուծություններ են ներկայացնում, զեկույցներ գրում` մանրամասն ներկայացնելով իրենց տեսածն ու լսածը՝ տարբեր խնդիրների հետ կապված, բայց դրա համար դավաճանության ու լրտեսության մեղադրանք նրանց չի ներկայացվում, ինչպես Անդրանիկ Թեւանյանի դեպքում եղավ: Հետաքրքիր է, որ «պետական գաղտնիք» ձեւակերպումը Թեւանյանի մեղադրանքից հանվել է, բայց գործի նյութերում այդ բառերը կան, հավանաբար, դռնփակ դատավարություն պահանջելու համար:
Հիշեցում․ քաղաքագետ, հրապարակային հայտնի անձ, ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանը, որը քարոզարշավի ժամանակ իրենց կուսակցության Երեւանի պատասխանատուն էր, ակտիվ գործիչ է, տպավորիչ քարոզչական ելույթներ էր ունենում, քննադատում Փաշինյանին: Նա մեկուսացվեց քարոզարշավից երկու շաբաթ առաջ, փաստացի՝ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով: Արդյունքում նա զրկվեց քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից, ինչն էլ այս ողջ աբսուրդային պատմության բուն նպատակն էր: Այս գործի առավել մեծ աբսուրդն այն է, որ նույն վարույթով մեղադրանք է առաջադրվել նաեւ Արեգնազ Մանուկյանին, որն այդ փակ նիստի մասին տեղեկատվությունն է, ըստ քննիչների, փոխանցել Թեւանյանին: Թեեւ նրա մեղադրանքը ծանր չէ, սակայն նա արդեն մեկ ամսից ավելի է՝ կալանավորված է: