Խաչատուր Պոլ Կարապետյանն ու ԱՄՆ քաղաքացիական պատերազմը

Խաչատուր Պոլ Կարապետյանն ու ԱՄՆ քաղաքացիական պատերազմը

Fri, 28 Aug 2026 21:00:31 +0400


ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին խոսելիս անպայման հիշում ենք Աբրահամ Լինքոլնին, Ուլիս Գրանտին եւ Ռոբերտ Լիին, ինչպես նաեւ՝ Հյուսիսի եւ Հարավի միջեւ տեղի ունեցած ճակատամարտերը։ Նաեւ՝ կինոնկարներ, որոնք պատմում են այդ ժամանակների մասին։ Պարզվում է, սակայն, որ ԱՄՆ պատմության այդ բախտորոշ շրջափուլին մասնակցություն են ունեցել նաեւ մեր հայրենակիցները։

Նրանցից է Խաչատուր Պոլ Կարապետյանը (Khachadour Paul Garabedian), որը եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի սպա։ Պաշտոնական պատմագրության համաձայն, նա միակ փաստաթղթավորված հայն է, որը մասնակցել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մարտական գործողություններին՝ Միության, այսինքն՝ Հյուսիսի կողմից։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը՝ որպես մարդու եւ հայի, որը նպաստել է Նոր Անգլիայի արդյունաբերականացմանը, տեղի հայ համայնքների ձեւավորմանը, ամերիկյան ռազմածովային ուժերի զարգացմանը։ Խաչատուր Կարապետյանը ծնվել է Հռոդոսթոյում՝ 1836 թվականի օգոստոսի 25-ին, Օսմանյան կայսրությունում։ 1850-ական թվականներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Բնակություն է հաստատել Լովելում (Մասաչուսեթսի նահանգ)։ Լովելը որպես իր նոր բնակության վայր ընտրելը բնական էր։ 19-րդ դարի կեսերին այս քաղաքը Նոր Անգլիայի կարեւոր արդյունաբերական կենտրոններից էր։ Նրա տեքստիլ ֆաբրիկաները կարիք ունեին մասնագետների եւ բանվորական ուժի, իսկ արդյունաբերական ներուժի շուրջ ձեւավորվում էր նոր քաղաքային մշակույթը։ Այստեղ էլ Կարապետյանն անցնում է աշխատանքի՝ Massachusetts Mills-ում, որպես մեքենավար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նա երիտասարդ մասնագետ էր եւ կատարում է իր քաղաքական ընտրությունը՝ 1864 թվականին անցնելով Միության կամ Հյուսիսի կողմը։ Օգոստոսի 6-ին ծառայության է անցնում Միության ռազմածովային ուժերում։ Ստանում է ինժեների երրորդ օգնականի պաշտոն։ Այսինքն՝ զբաղեցնում է սպայական պաշտոն։

Lowell Daily Citizen & News տեղական թերթը 1864 թվականի օգոստոսի 11-ի համարում գրում է երիտասարդ նոր սպայի մասին՝ շեշտելով, որ նա հայկական ծագում ունի, սակայն լիովին ամերիկյան քաղաքացի է, ունի լոյալ եւ լիբերալ սկզբունքներ։ Թերթի հոդվածում վստահություն է հայտնվում, որ երիտասարդ Կարապետյանը պատվով կկատարի իր պարտականությունները։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր հիշատակություն է, որն աչքաթող անել չի կարելի։ Այն ցույց է տալիս, թե ընդամենը մոտ մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ տեղափոխված հայորդին ինչպես է կարողացել ինտեգրվել ամերիկյան պետությանը, ամերիկյան քաղաքական համակարգին, դառնալ այդ հասարակության մասնիկը։ Կարապետյանը ծառայել է USS Geranium եւ USS Grand Gulf նավերի վրա։ Որպես թիկունքային ռազմածովային ուժերի սպա՝ իրականացրել է բլոկադային առաջադրանքների ապահովում։ Դա կարեւոր պահ է, քանի որ քաղաքացիական պատերազմում Հյուսիսը ձգտում էր նաեւ բլոկադայի միջոցով հյուծել Հարավին կամ Կոնֆեդերացիային ու հասնել հաղթանակի։ Պատերազմից հետո Կարապետյանը թողնում է զինվորական ծառայությունը, բնակություն հաստատում Ֆիլադելֆիա քաղաքում։ 1868 թվականին ներկայացնում է պատենտ՝ կապված խողովակների միակցման իր համակարգի ստեղծման հետ։ 1871 թվականին արդեն խոր գիտելիքներ եւ լուրջ փորձառություն ունեցող Կարապետյանն ամուսնանում է Հաննա Մաթիլդա Վինկուպի հետ։ Երեխաներ չեն ունենում։ Ապրում է ընդամենը 45 տարի, մահանում է 1881 թվականի օգոստոսի 25-ին՝ իր իսկ ծննդյան օրը, Ֆիլադելֆիայում։ Ասում են՝ մահվան պատճառը եղել է թոքախտը։ Հետո արդեն գալիս է մոռացության շրջանը, եւ միայն 2000-ականներին նրա անունն ու նրա մասին հիշողությունն աստիճանաբար սկսում են վերականգնվել։

Խաչատուր Պոլ Կարապետյանի կենսագրությունը գաղթականի կենսագրություն է, որը կարողացել է անցնել բարդ ուղի եւ հասնել հաջողության՝ դառնալով մասնիկը ամերիկյան պատմության՝ պահպանելով հանդերձ կապը հայկական մշակույթի եւ ինքնության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը Sat, 29…

8 ժամ ago

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Sat, 29 Aug 2026 23:30:03 +0400 Մոսկվայի մետրոյում…

8 ժամ ago

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Sat, 29 Aug 2026 23:15:58 +0400…

8 ժամ ago

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ Sat, 29 Aug 2026 23:00:16 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

9 ժամ ago

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է Sat, 29 Aug 2026 22:45:00 +0400 «Հայաստան»…

9 ժամ ago

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու Sat, 29 Aug 2026 22:30:59 +0400 Անկարայում Ուկրաինայի դեսպանը…

9 ժամ ago