«Հրապարակ»․ «Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը
Sat, 29 Aug 2026 10:45:27 +0400
Հայաստանում քաղաքական պայքարը վաղուց դուրս է եկել խորհրդարանի, հրապարակների եւ ընտրական քարոզարշավների շրջանակներից։ Վերջին տարիներին իշխանությանն ամենակոշտ քննադատողները սովորաբար հայտնվում են քրեական վարույթների ներքո, նրանց բնակարաններում ու գրասենյակներում խուզարկություններ են կատարվում, նրանք ձերբակալվում են ու կալանավորվում, նրանց կյանքն անցնում է դատավարությունների մեջ, որովհետեւ քաղաքական պայքարը երկրի վարչապետն այդպես է պատկերացնում եւ անձամբ է կազմում վարույթների ու կալանավորումների պլանը։
Փաշինյանը թեեւ բազմիցս բաց տեքստով իրավապահներին հրահանգներ է իջեցրել եւ անվանական նշել, թե ում ինչպես է պետք պատժել, վերջերս սկսել է սպառնալ նաեւ, որ այդ հրահանգները չկատարող քննիչ-դատախազ-դատավորներն էլ են անխտիր պատժվելու` «գալու ենք բոլորիդ հետեւից», «ազատելու եմ` ով դեմս դուրս եկավ» եւ այլ արտահայտություններ է հնչեցնում ամենօրյա ռեժիմով: Եվ իրավապահները ստիպված են մեղադրանքներ առաջադրել, միջնորդություններ տանել դատարան, հանցանք չգործած անձանց գործողություններում կառչելու որեւէ հիմք գտնել, որ վարույթ հարուցեն եւ կալանքի տանեն մարդկանց:
Սակայն, որպեսզի հանրության շրջանում էլ ահուսարսափ գցի եւ բացահայտ ցուցադրի, որ իրեն ընդդիմացող մարդիկ պատժվում են, քրեական հետապնդում է հարուցվում։ Ինչպես, օրինակ, երբ Լեւոն Քոչարյանը սուր ելույթ ունեցավ ԱԺ-ում: Հաջորդ առավոտ իրավապահները մտան Քոչարյաններին պատկանող տներ ու բիզնեսներ, կալանավորեցին Սեդրակ եւ Ռոբերտ Քոչարյաններին, նրանց պատկանող ընկերությունների տնօրեններին։ Սա որպես դաս` իրեն թթու խոսք ասողների համար:
Քննադատության համար «վաստակավոր քաղբանտարկյալի» կոչումը, թերեւս, Արմեն Աշոտյանինն է, որն արդեն երկրորդ փուլով է կալանավորվում։ Հաջորդ հորիզոնականում «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն է եւ նույն գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանը, որի կալանավորումը կարելի է համարել ամենախայտառակ քրգործերից մեկը, քանի որ գործի հիմքում չկա պետական գաղտնիքի փոխանցում, չկա գումար, որի մասին ասում էին կալանավորելիս, եւ գործը դատարանում փլվելու է։
Մյուս քաղաքական կարկառուն հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ է, որից 5 մանդատ խլեցին, հիմա էլ խլում են տասնյակ տարիներով ստեղծած ունեցվածքը, բիզնեսները։ Բագրատ սրբազանին լռեցնելը եւս այս իշխանության 2025թ. առաջնահերթություններից էր, քանի որ հասարակական մեծ աջակցություն ունեցող շարժման առաջնորդը Փաշինյանի իշխանության համար պոտենցիալ վտանգ էր դիտարկվում։ Սրբազանի «բանդայի» անդամները՝ բոլորն ազատ են արձակվել, տնային կալանքի տակ են միայն Բագրատ սրբազանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որին իրավունք չունեին կալանքի տակ պահել` ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, քանի որ նրա քաղաքական գործունեությունն ապօրինաբար է սահմանափակված։
Միքայել սրբազանը, որն ամենասուր քննադատող հոգեւորականներից էր, տեւական ժամանակ զրկված էր ազատ խոսքի իրավունքից։ Ճիշտ է` հանրային ճնշման ներքո նրա նկատմամբ կայացված ազատազրկման դատավճիռը վերաքննիչ դատարանը բեկանեց եւ ուղարկեց նոր քննության, բայց դեռ պարզ չէ, թե այդ քննությունն ինչքան է տեւելու։
Արշակ սրբազանը եւս քննադատում էր այս իշխանություններին։ Նրա դեպքում եւս մի կեղծ քրեական վարույթ հարուցվեց, կալանավորեցին դիվանապետին, հիմա էլ նրա ազատությունը սահմանափակված է Արմավիրի մարզի տարածքով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ կալանավորմամբ լռեցվեց «Ուժեղ Հայաստան» շարժման ակտիվ գործիչ Ալիկ Ալեքսանյանը, որը կազմակերպչական մեծ աշխատանք էր կատարում, եւ նրա բացակայությունը մեծապես խանգարեց «ուժեղների» քարոզարշավին։
Մոտ մեկ տարի է՝ կալանքի տակ է պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը, սկզբում` բանտային, ապա՝ տնային կալանք, երբ չկա որեւէ հիմք, եւ գործը ձգձգում են ու մարդկանց պարզապես խոշտանգում։ Գալստյանը եւս սուր քննադատությամբ էր հանդես գալիս։ Սահմանափակված է նաեւ «Իմնեմնիմի»-ի փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հանրային եւ քաղաքական գործունեությունը։ Ամիսներ տեւած բանտարկությունից հետո տղաները թեեւ հիմա ազատության մեջ են, բայց նրանք միայն նեղ շրջանակի համար կարող են հանդես գալ․ նրանց լսարանը, դատարանի որոշմամբ, խիստ սահմանափակվել է։
Հաջորդ զոհը Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանն է, որը հրապարակավ քննադատել է իշխանությանը եւ հայտնվել պերմանենտ քրեական վարույթների կենտրոնում։ Ընդդիմադիր գործիչ եւ ազատամարտիկ Աշոտ Երկաթ Մինասյանը դեռեւս 2020-2021 թվականներից է գտնվում քրեական գործընթացների մեջ՝ իշխանության տապալման եւ այլ ծանր մեղադրանքներով, որոնք հերքվել են ու փակվել, բայց, այնուամենայնիվ, մի կեղծ գործ սարքեցին` զենք պահելու մեղադրանքով, եւ 2025-ին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման: Նա 2025-ի դեկտեմբերից քրեակատարողական հիմնարկում իր «պատիժն» է կրում: Վերջերս լրացել էր ժամկետը, եւ կարող էին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Սակայն հանձնաժողովը հերոս հրամանատարին, 3 պատերազմի մասնակցին չազատեց` մերժելով նրա դիմումը։ Նա այս պահին դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ում է: