Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Mon, 31 Aug 2026 15:32:05 +0400


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ Միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։

Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը։

Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։

Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակումը։ Նույն տարվա հուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդես եկավ «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը ևս քաղաքապետարանի շենքի ճակատին փակցրել էր հայ պատանդառված բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Եվրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքվից ազատ արձակել հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևով կառույցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել արցախահայության՝ անվտանգ, անարգել ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։

«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ցուցահանդեսը միաժամանակ հիշեցնում է արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Հարկ է նշել, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Արցախն ստիպողաբար լքած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։

Այդ իրավական պարտավորությունը մինչ օրս մնում է թղթի վրա։ «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,- նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։

Տասնինը դեմք, տասնինը ճակատագիր և մեկ ընդհանուր պահանջ՝ ազատությո՛ւն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հոյակապ ծրագիր ենք առաջարկել, որն անմիջապես հասկացավ Ծառուկյանը, բայց արդեն 15 տարի է՝ չի հասկանում կառավարությունը

«Հրապարակ». Հոյակապ ծրագիր ենք առաջարկել, որն անմիջապես հասկացավ Ծառուկյանը, բայց արդեն 15 տարի է՝ չի…

8 րոպե ago

Միրզոյանը՝ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի հարցով կառավարության ներկայացուցիչ

Միրզոյանը՝ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի հարցով կառավարության ներկայացուցիչ Wed, 23 Sep 2026 11:32:31 +0400 Արտաքին գործերի և…

20 րոպե ago

Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում

Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում Wed, 23 Sep 2026 11:30:56 +0400 Թուրքիայի մշակույթի…

22 րոպե ago

Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել

Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել Wed, 23 Sep…

32 րոպե ago

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watch

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watch Wed, 23…

36 րոպե ago

«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում

«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում Wed, 23 Sep 2026…

38 րոպե ago