«Հրապարակ». Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ գեոտնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ
Tue, 01 Sep 2026 12:15:44 +0400
Մեր զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ
Վահե Դավթյանը։
– Օգոստոսի 25-ին Լաչինում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի գերատեսչությունների, օպերատոր ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում: Այն որքանո՞վ կարելի է համարել տեխնիկական բանակցությունների անցում։ Մինչեւ հիմա մենք քաղաքական հայտարարություններ էինք լսում, հիմա արդեն նույն սեղանի շուրջ նստել են էներգահամակարգերի ներկայացուցիչները։ Սա նշանակո՞ւմ է, որ նախագիծը մտել է գործնական փուլ։
– Այո, ձեւաչափի առումով սա քաղաքական հայտարարություններից տեխնիկական քննարկումների անցման նշան է։ Կարեւոր է, որ բանակցություններին մասնակցել են ոչ միայն գերատեսչությունների ներկայացուցիչները, այլեւ Հայաստանի Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը եւ ադրբեջանական «Ազերէներժին»։ Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն հասել է ինժեներների ու համակարգային օպերատորների աշխատասեղանին։ Բայց ես դեռ չէի ասի, որ նախագիծը մտել է լիարժեք գործնական փուլ։ Դրա համար պետք է հրապարակված լինեն միացման կետերը, հզորությունը, տեխնիկական սխեման, ֆինանսավորման աղբյուրները, սակագնային մոդելը, իրականացման ժամանակացույցը։ Անհրաժեշտ են նաեւ տեխնիկատնտեսական հիմնավորում, ռելեական պաշտպանության, հակավթարային ավտոմատիկայի, դիսպետչերական կառավարման եւ կոմերցիոն հաշվառման համաձայնեցված լուծումներ։ Այսպիսով, օկուպացված Բերձորում անցկացված հանդիպումը ես կանվանեի նախանախագծային կամ տեխնիկական զոնդավորման փուլ։ Քաղաքական գաղափարը մտել է տեխնիկական դաշտ, բայց դեռ չի հասել շինհրապարակ։
– Տեխնիկապես որքանո՞վ է բարդ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերի միացումը։ Ի՞նչ նոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, որքա՞ն ժամանակ կարող է պահանջվել եւ այլն։
– Տեխնիկապես դա հնարավոր է, բայց բնավ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ քաղաքական հայտարարություններից։ Էլեկտրահաղորդման գիծ կառուցելը խնդրի միայն տեսանելի մասն է։ Շատ ավելի բարդ է ապահովել երկու համակարգերի համատեղ աշխատանքը։ Հայաստանի էներգահամակարգը տասնամյակներով ձեւավորվել է գործող տարածաշրջանային կապերի շուրջ։ Հարավում հիմնական միջհամակարգային ուղղությունն Իրանն է, իսկ Վրաստանի հետ փոխանակումները կատարվում են սահմանափակ՝ կղզյակային ռեժիմներով։ Իրանական ուղղությունը կարեւոր դեր ունի Հայաստանի համակարգի հաճախականության եւ ընդհանուր կայունության պահպանման հարցում, ինչն անմիջական նշանակություն ունի նաեւ Հայկական ԱԷԿ-ի կայուն աշխատանքի համար։ Եթե Հայաստանը Մեղրիով ուղղակի միացվի Նախիջեւանի համակարգին, չի կարելի պարզապես նոր գիծը միացնել գործող ցանցին եւ սկսել հոսանք ստանալ։ Պետք է պարզել՝ համակարգերն աշխատելու են սինխրո՞ն, առանձնացված՝ կղզյակայի՞ն ռեժիմով, թե՞ հաստատուն հոսանքի փոխարկիչ կայանի միջոցով։ Ուղիղ սինխրոն միացման դեպքում Իրանի հետ գործող աշխատանքի ռեժիմը չի կարող անփոփոխ պահպանվել։ Իսկ փոխարկիչ կայանը տեխնիկապես ավելի անվտանգ եւ կառավարելի տարբերակ է, բայց զգալիորեն ավելի թանկ է։ Կպահանջվեն նոր բարձրավոլտ գծեր, ենթակայաններ, ուժային տրանսֆորմատորներ կամ փոխարկիչ սարքավորումներ, պաշտպանության ու ավտոմատ կառավարման համակարգեր։ Միայն խոշոր տրանսֆորմատորի նախագծումն ու արտադրությունը կարող են մոտ երկու տարի պահանջել։ Հետեւաբար, լիարժեք համակարգային ինտեգրման համար երկու-չորս տարին ավելի իրատեսական ժամկետ է։ Վեց ամսվա մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը կարող է վերաբերել իր տարածքում հենասյուներ եւ գիծ կառուցելուն, բայց ոչ երկու ազգային էներգահամակարգերի ամբողջական ինտեգրմանը։
– Մինչ այս հանդիպումը` օգոստոսի 12-ին Ալիեւը հայտարարեց, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը մոտենում է ավարտին, եւ ասաց, որ Ադրբեջանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանը նման հեռանկար դիտարկի։
– Որպես պահուստային, սեզոնային կամ արտակարգ իրավիճակներում օգտագործվող աղբյուր՝ դա տրամաբանական կարող է լինել։ Անդրսահմանային էլեկտրաէներգետիկական առեւտուրն ինքնին խնդիր չէ։ Ավելին՝ ճիշտ կազմակերպման դեպքում այն կարող է բարձրացնել համակարգի ճկունությունը։ Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ ադրբեջանական ներմուծումը դիտարկվում է ոչ թե որպես սեփական գեներացիային լրացնող գործիք, այլ որպես դրա այլընտրանք։ Այստեղ արդեն էներգետիկ անվտանգության տրամաբանությունը շրջվում է գլխիվայր։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի կարող որոշվել Բաքվում կամ Անկարայում։ Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, որը պետք է հիմնված լինի անվտանգության գնահատումների, ազգային կարգավորողի դիրքորոշման եւ միջազգային համապատասխան ընթացակարգերի վրա։ Իսկ գործող բլոկի շահագործումից հանումը պետք է կապվի ոչ թե ադրբեջանական ներմուծման, այլ նոր ազգային հզորության՝ առաջին հերթին նոր ատոմային նախագծի գործարկման հետ։ Արհեստական բանականության կենտրոնների զարգացումն իսկապես կարող է էապես ավելացնել պահանջարկը։ Բայց դա փաստարկ է սեփական բազային եւ ճկուն հզորությունները, կուտակման համակարգերն ու ցանցային ենթակառուցվածքը զարգացնելու օգտին։ Դժվար է բացատրել, թե ինչու պետք է բարձրտեխնոլոգիական տնտեսության աճող պահանջարկը սպասարկվի Ադրբեջանից ներկրվող էլեկտրաէներգիայով, հատկապես հաշվի առնելով, որ վերջինիս հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ ներառյալ գեոտնտեսական, լոգիստիկ ու էներգետիկ կոնֆլիկտները։
– Եթե Հայաստանը սկսի էլեկտրաէներգիա ներկրել Ադրբեջանից, դա կարո՞ղ է ստեղծել նոր կախվածություն։ Ի՞նչ տարբերություն Ռուսաստանից կամ Իրանից էներգետիկ կախվածության եւ Ադրբեջանից հնարավոր կախվածության միջեւ։
– Կախվածությունը որոշվում է ոչ միայն ներմուծման ծավալով։ Կարեւոր է նաեւ, թե որքան արագ կարելի է փոխարինել մատակարարին, ինչ գնով եւ ինչ քաղաքական հետեւանքներով։ Ռուսաստանի դեպքում գործ ունենք երկար տարիների ընթացքում ձեւավորված կառուցվածքային կախվածության հետ՝ բնական գազ, միջուկային վառելիք եւ տեխնոլոգիաներ, առանձին էներգետիկ ակտիվներ։ Իրանի հետ հարաբերություններում ավելի արտահայտված է փոխադարձության տարրը․ Հայաստանը գազ է ստանում եւ դրա դիմաց էլեկտրաէներգիա մատակարարում։ Բացի այդ, իրանական ուղղությունը Հայաստանի համար այլընտրանքային եւ հավասարակշռող նշանակություն ունի։ Ադրբեջանի պարագայում կախվածությունը կարող է ձեւավորվել դեռեւս վստահության եւ անվտանգության կայուն մեխանիզմներ չունեցող միջավայրում։ Այստեղ մատակարարման դադարեցումը կամ գնի փոփոխությունը կարող է դառնալ ոչ միայն առեւտրային, այլեւ քաղաքական ճնշման գործիք։ Պետք չէ նաեւ բացառել սկզբնական փուլում գնային դեմպինգը՝ հայկական շուկայում դիրքեր ամրապնդելու եւ տեղական արտադրողների մրցունակությունը թուլացնելու նպատակով։ Այսինքն՝ բոլոր արտաքին կախվածություններն էլ ռիսկեր են ստեղծում, բայց դրանց քաղաքական բովանդակությունը նույնը չէ։ Իրական դիվերսիֆիկացիան մեկ մատակարարին մյուսով փոխարինելը չէ։ Դա սեփական գեներացիայի պահպանումն է՝ միաժամանակ ունենալով մի քանի սահմանափակ եւ փոխադարձաբար փոխարինելի արտաքին ուղղություններ։
– Այս ամենը պետք է դիտարկել TRIPP-ի շրջանակո՞ւմ։ Կարո՞ղ ենք ասել, որ Լաչինի հանդիպումը TRIPP-ի էներգետիկ բաղադրիչի իրականացման առաջին քայլերից է։
– Այո, քաղաքական եւ աշխարհատնտեսական իմաստով Բերձորի հանդիպումն ուղղակիորեն տեղավորվում է TRIPP-ի տրամաբանության մեջ։ Դեռ օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ էլեկտրահաղորդման գծերը կարող են դառնալ TRIPP-ի շրջանակում առաջինը գործարկվող ենթակառուցվածքը։ Հաջորդ օրը համակարգային օպերատորների հանդիպումն արդեն այդ հայտարարության տեխնիկական շարունակությունն էր։ Ադրբեջանի ռազմավարական նպատակը բավական հստակ է՝ էլեկտրաէներգիան Ադրբեջանի հիմնական տարածքից Հայաստանի հարավով հասցնել Նախիջեւան, ապա՝ Թուրքիա եւ եվրոպական շուկաներ։ Հարցն այն է, թե այս սխեմայում Հայաստանը լինելու է սեփական գեներացիան զարգացնող արտահանող եւ տարանցիկ պետությո՞ւն, թե՞ պարզապես ադրբեջանական էլեկտրաէներգիայի սպառող եւ տարածք տրամադրող երկիր։ Սրանք սկզբունքորեն տարբեր դերեր են։
– Ադրբեջանից հոսանքը՝ էներգետիկ դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ նոր կախվածություն։
– Դա կախված է պայմաններից։ Եթե ներմուծումը սահմանափակ է, սեզոնային կամ ընդհատելի, եթե պահպանվում եւ ավելացվում են ազգային գեներացնող հզորությունները, շարունակվում է նոր ատոմային նախագծի իրականացումը, իսկ Հայաստանը կունենա նաեւ փոխադարձ արտահանման հնարավորություն, ապա կարելի է խոսել դիվերսիֆիկացիայի մասին։ Բայց եթե ադրբեջանական էլեկտրաէներգիան սկսում է ծածկել բազային պահանջարկը, եթե էժան ներմուծման պատճառով հետաձգվում են հայկական նոր հզորությունների նախագծերը, իսկ տեղական արտադրողները դուրս են մղվում շուկայից, ապա դա արդեն նոր կախվածություն է։ Ընդ որում՝ կախվածություն մի երկրից, որի հետ հակամարտությունը, մեծ հաշվով, դեռ չի ավարտվել: Այս պահին պաշտոնական հռետորաբանության մեջ ես ավելի շատ տեսնում եմ երկրորդ միտումը։ Ներմուծումը ներկայացվում է որպես սպասվող պակասորդի հաղթահարման հիմնական միջոց, ինչի մասին վաղ խոսում է հենց Փաշինյանը, մինչդեռ ազգային գեներացիայի ընդլայնումը մղվում է երկրորդ պլան։ Խոսքը, ըստ էության, երկու մոտեցումների բախման մասին է՝ սպառողական եւ ռազմավարական։ Առաջինի տրամաբանությունը պարզ է․ եթե դրսից կարելի է ավելի էժան էլեկտրաէներգիա գնել, ինչո՞ւ զարգացնել սեփական արտադրությունը։ Երկրորդը հարցն այլ կերպ է ձեւակերպում․ ի՞նչ գին կարող է պետությունը վճարել այսօր ստացած էժան էլեկտրաէներգիայի համար վաղը։ Իմ կարճ պատասխանը սա է․ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի սահմանափակ ներմուծումը կարող է լինել դիվերսիֆիկացիայի տարր, բայց դրա վերածումը սեփական գեներացիայի այլընտրանքին անխուսափելիորեն ձեւավորելու է Հայաստանի նոր ռազմավարական կախվածությունը։